ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Աղոթքը՝ հոգևոր սնունդ
17:31, 26.04.2014
2618 | 0
2013 թվականի սեպտեմբեր ամսից Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում ամեն երեքշաբթի կատարվում է «Խոկման» արարողություն Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ և «Խոկման» արարողության պատասխանատու, «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի մասնակցությամբ: Խոկումը յուրաքանչյուր քրիստոնյայի համար շատ կարևոր է: Այն հնարավորություն է տալիս առավել մոտենալ Աստծուն և ապրել Աստվածահաճո կյանքով: Միջոցառման ընթացքում քահանան հանդես է գալիս քարոզով: Այնուհետև մասնակիցները հնարավորություն են ունենում աղոթել և առանձնանալ «Հավատամք» երգչախմբի հոգևոր երգեցողություն ներքո: Արարողությունը կրում է «Եկեղեցին մեր տունն է» խորագիրը: Ուրախալի է, որ գնալով ավելի շատ մարդիկ, հատկապես երիտասարդներ են գալիս` մասնակցելու:

Մեկ անգամ ևս համոզվում ենք, ինչպես արևմտահայ անվանի բանաստեղծ Վահան Թեքեյանն է ասում. «Եկեղեցին Հայկական բարձր բերդն է հավատքին»: Արարողության ժամանակ անջատվում են եկեղեցու լույսերը, և մասնակիցները հոգևոր երաժշտության, մոմերի լույսի ներքո խոկում են, իրենց մեջ վերլուծում ապրած կյանքը, կատարած քայլերը, մտորում, աղոթում եկեղեցու, հայ ժողովրդի, ինչպես նաև հիվանդների, ծանր, անելանելի վիճակում հայտնված մարդկանց համար: Աղոթքը հավատացյալի հոգևոր սնունդն է: Խոկման ընթացքում ստեղծվում է մի բացառիկ զգացողություն, ուր հաղորդակցվում են Աստծո հետ, զգում Նրա լույսն ու ջերմությունը: Աղոթելով մարդիկ ձեռք են բերում խաղաղություն, հոգևոր ներդաշնակություն, որը շատ կարևոր է կյանքի դժվարությունները հաղթահարելու և հանգիստ ապրելու համար: Մարդը միշտ մեղք է գործում` գիտակցված, թե չգիտակցված: Խոկման պահին նժարների վրա է դնում արածներն ու չարածները, կատարած լավ ու վատ արարքները:

Մարդն ինքն իրեն սկսում է քննադատել, որոշում հրաժարվել վատ սովորույթներից, քայլել թեև դժվար, բայց ուղիղ ճանապարհներով: Մարդը միշտ ձգտում է ինքնակատարելագործվել, որը մեկ անգամ ևս հնարավորություն է տալիս խոկման արարողությունը: Ջերմեռանդ աղոթքն ու անսխալ քայլերն ուժ, զորություն և համաձակություն են տալիս մարդուն առավել վստահ ապրելու, քանզի երբ մարդն Աստծուն է վստահում իր կյանքն ու գործերը, ապրում Նրա պատվիրաններով, անպայման պատասխան է ստանում: «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ. ԻԱ 22): «Երբ տեղ հասավ, ասաց նրանց. «Աղոթքի կանգնե՜ք, որ փորձության մեջ չընկնեք» (Ղուկ. ԻԲ 40):

«Հավատամք» հոգևոր կենտրոնի մամլո գրասենյակ
Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8273 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
դեպի վեր