ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
ԳՐԻԳՈՐ Զ ԱՊԻՐԱՏ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐ
00:58, 04.05.2014
5722 | 0
(1194–1203)

Ամենայն Հայոց կաթողիկոս 1194–ից: Հաջորդել է Գրիգոր Ե Քարավեժին:
Ծնվել է 1122–ին Տլուք գավառի Ծովք ամրոցում: Մահացել է 1203–ին Սիս քաղաքում, ամփոփվել Արքակաղնի վանքում:
Ներսես Դ Շնորհալու եղբայր Շահան զորավարի որդին: Մկրտության ավազանի անունը` Ապիրատ, որը կաթողիկոս օծվելուց և Գրիգոր անունն ընդունելուց հետո մնաց իբրև նոր անվան մակդիր: Երիտասարդ տարիներին նվիրվել է զինվորական ծառայության, ապա վարել Տարսոնի, Լամբրոնի, Անտիոքի և Կեսարիայի արքեպիսկոպոսությունների հոգևոր առաջնորդի պաշտոնները:
Գրիգոր Զ Ապիրատը կաթողիկոս է ընտրվել Հայոց Մեծ իշխան Լևոն ll–ի առաջարկով` հաջորդելով Գրիգոր Ե Քարավեժին: Նոր կաթողիկոսի ընտրությանն ընդդիմացել են Մայր Հայաստանի երևելի հոգևորականները, մասնավորապես, սանահնեցիք, որոնց առաջնորդել է Գրիգոր Տուտեորդին, և հաղբատցիք, որոնց առաջնորդել է Դավիթ Քոբայրեցին, ինչպես նաև մի շարք եպիսկոպոսներ` Անիի եպիսկոպոս Բարսեղ Պահլավունու գլխավորությամբ: Դիմելով Լևոն ll Մեծագործին` նրանք պահանջել են չեղյալ հայտարարել Գրիգոր Զ Ապիրատի ընտրությունը, կազմակերպել նոր ընտրություն` առաջադրելով Բարսեղ Անեցու թեկնածությունը, արքունիքից և հայրապետանոցից հեռացնել Տարսոնի ազդեցիկ արքեպիսկոպոս, Լևոն ll Մեծագործի խորհրդական Ներսես Լամբրոնացուն: Վերջինս թեև հեռացվել է զբաղեցրած պաշտոններից, այնուհանդերձ Մայր Հայաստանի հոգևորականները հրաժարվել են Գրիգոր Զ Ապիրատին ճանաչել օրինական կաթողիկոս և 1195–ին հակաթոռ կաթողիկոս են ընտրել Բարսեղ Բ Անեցուն, որը Բարսեղ Ա Անեցի կաթողիկոսի եղբորորդին էր:
Գրիգոր Զ Ապիրատը հոգևոր և աշխարհիկ կառավարման գործերում լիովին առաջնորդվել է Լևոն ll Մեծագործի կամքով: 1198–ի հունվարի 6–ին հայկական ծեսով թագադրել է արքայական պատվի արժանացած Լևոն ll Մեծագործին:

Գրիգոր Զ Ապիրատի միջնորդությամբ նրա քրոջորդին` Լամբրոնիa տեր Հեթում իշխանը, ազատվել է բանտարկությունից և մտել Դրազարկի վանքն Cբnև կրոնավոր:
Գրիգոր Զ Ապիրատը վախճանվել է խոր ծերության հասակում և թաղվել Արքակաղնի վանքի գերեզմանոցում: Նրա մահով ավարտվել է Պահլավունիների տան կաթողիկոսական գահակալությունը:
Կաթողիկոսական գահին Գրիգոր Զ Ապիրատին հաջորդել է Հովհաննես Զ Սսեցին:

Աղբյուրը` Ամենայն Հայոց Կաթողիկոսներ հանրագիտարան, Ս. Էջմիածին, 2008
Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8273 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
դեպի վեր