ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
ՀԱԿՈԲ Ա ԿԼԱՅԵՑԻ (Սսեցի, Տարսոնացի, Մեծքարեցի, Հռետոր, Գիտնական)
18:05, 08.05.2014
3313 | 0
(1268–1286)

Ամենայն Հայոց կաթողիկոս է եղել 1268 թ.-ից` հաջորդելով Կոստանդին Ա Բարձրաբերդցուն:
Ծնվել է մոտ 1206 թ.-ին: Մահացել է 1286 թ.-ի փետրվարի 12-ին Հռոմկլայում և ամփոփվել է տեղի հայրապետական հանգստարանում:
Մինչև կաթողիկոս ընտրվելը, աչքի է ընկել գիտունությամբ, մեկնիչի, տաղերգուի, ճարտասանի ձիրքով:
Ըստ Սամուել Անեցու` նա «առաքինի այր էր, որը մեկնաբանում էր դժվար լուծելի խնդիրներ պարունակող գրքեր»: Հակոբ Ա Կլայեցու մասին մեծ գովեստով է խոսում նաև Վահրամ Րաբունին: Մինչև կաթողիկոս ընտրվելը, երկու անգամ` 1242 թ.-ին և 1254 թ.-ին, Հակոբ Կլայեցին մեկնել է Կոստանդնուպոլիս, ապա Նիկիա` կայսրության վերնախավի հետ Հայ և Բյուզանդական եկեղեցիների միավորման շուրջ բանակցություններ վարելու համար: Երկար տարիներ եղել է Կիլիկիայի Մեծ քարի ուխտի առաջնորդ, Կոստանդին Ա Բարձրաμերդցի կաթողիկոսի տեղապահ և գաղափարակից (Հռոմկլա դղյակում, որից և նրա Կլայեցի մականունը):
Կոստանդին Ա–ի վախճանվելուց հետո` 1268 թ.-ի փետրվարի 12-ին, Մամեստիա քաղաքում գումարված Ազգային-եկեղեցական ժողովում ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս: Որպես առաջին հայրապետական կոնդակ` օգտագործել է Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրական» երկասիրությունը` հավելելով վերջինիս ընթերցումը պարտադրող մի թուղթ և տարածել Հայաստանի առաջատար եկեղեցական վիճակներում ու վանքերում:

1268 թ.-ին Հեթում l թագավորը Հակոբ Ա Կլայեցուն հրավիրել է արքունիք և պահանջել գերությունից վերադարձած որդուն` Լևոնին օծել Հայոց թագավոր: Բայց կաթողիկոսը դեմ է եղել Հեթում l–ին, զգnև կարողունակ և փորձառու թագավորի հրաժարականին, ուստի մերժել է նրա առաջարկը:

Հեթում l–ի վախճանվելուց հետո` 1270 թ.-ի հունվարի 6–ին, Ծննդյան տոնին Հակոբ Ա Կլայեցին Տարսոնի Ս. Սոֆիա եկեղեցում գումարել է Ազգային-եկեղեցական ժողով, որտեղ Լևոն lll Հեթումյանին օծել է Հայոց թագավոր: Վերջինս և Հակոբ Ա Կլայեցի կաթողիկոսը, գործելով համադաշն, գերադասել են չեզոքություն պահպանել Արևմուտքի հետ ունեցած առնչություններում: Հակոբ Ա Կլայեցին մերժել է 1274 թ.-ին Լուգդոն (Լիոն) քաղաքում Գրիգոր Ժ պապի հրավիրած ժողովին մասնակցելու հրավերը: Ժողովում արծարծվել են նոր խաչակրաց արշավանք սկսելու, ինչպես նաև կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների միաբանության խնդիրները:

Քանի որ ժողովում կարող էր առաջադրվել նաև Հայ և Լատին եկեղեցիների միավորման պահանջը, ուստի Հակոբ Ա Կլայեցին հրաժարվեց մեկնել այնտեղ: Հայոց Լևոն lll թագավորն Արևմուտքի հետ հարաբերությունները չսրելու նպատակով պատվիրակ է առաքել Լուգդոնի ժողով:
Հակոբ Ա Կլայեցին 1275թ.-ին և 1276 թ.-ին` Կիլիկիայի վրա Եգիպտոսի մամլուքների հարձակումների ժամանակ, ժողովրդի կրած տառապանքներին, երկրի ավերվածություններին, Սսի թագավորական պալատի հրդեհման ականատես եղավ:
1279թ.-ին եգիպտական 13 հազարանոց զորքը պաշարեց կաթողիկոսանիստ Հռոմկլան, որը, սակայն չկարողացավ գրավել: Եգիպտոսի կողմից 1268 թ.-ի Անտիոքի դքսության ոչնչացումից հետո վերջինիս հույն պատրիարքները ապաստանել էին Կիլիկիայի Հայոց թագավորությունում:

Նրանցից Եվտիմեոսը, նկատի առնելով անցյալում Անտիոքի պատրիարքության առաջատար դիրքը քրիստոնեական աշխարհում, հավակնում էր գերակայություն ունենալ Հակոբ Ա Կլայեցու նկատմամբ: Սակայն նա վճռական հակահարված ստացավ կաթողիկոսի և Լևոն lll թագավորի կողմից: Վերջինիս հրամանով Եվտիմեոսը դատապարտվեց աքսորի: Հակոբ Ա Կլայեցի կաթողիկոսը նպաստել է 1285 թ.-ին տաճարական ուխտի (օրդենի=tamplier) մագիստրոսի միջնորդությամբ Կիլիկիայի թագավորության և Եգիպտոսի սուլթանության միջև պայմանագրի կնքմանը:

Հակոբ Ա Կլայեցու հովվապետության տարիները բեղմնավոր էին հայ մշակույթի զարգացման, Հայաստանի հոգևոր կենտրոնների, վանքերի ու եկեղեցիների հետ հոգևոր հաղորդակցության ընդլայնման առումով:
Կաթողիկոսական գահին Հակոբ Ա Կլայեցուն հաջորդեց Կոնստանդին Բ Կատուկեցին:

Աղբյուրը` Ամենայն Հայոց Կաթողիկոսներ հանրագիտարան, Ս. Էջմիածին, 2008
Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8273 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
դեպի վեր