ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
ԿՈՍՏԱՆԴԻՆ Բ ԿԱՏՈՒԿԵՑ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐ
13:01, 11.05.2014
2674 | 0
(Պրոնագործ)
(1286–1289)


Ամենայն Հայոց կաթողիկոս է եղել 1286 թ.-ից` հաջորդելով է Հակոբ Ա Կլայեցուն: Ծնվել է մոտ 1210 թ.-ին Կիլիկիայի Կատուկ ավանում և մահացել է 1293 թ.-ից հետո:
Ուսանել է կաթողիկոսանիստ Հռոմկլա դղյակի հայրապետանոցում, ապա ձեռնադրվել է վարդապետ և նշանակվել Բարձրաբերդի մոտակայքի նշանավոր գրչավայր Խորին անունով վանքի առաջնորդ: Զուգահեռ զբաղվել է նաև այծի մորթին (պրոն) մշակող արհեստով, ուստի ստացել է Պրոնագործ մականունը:
1286 թ.-ի ապրիլի 13–ին ընտրվել է Հայոց կաթողիկոս, օծվել Սսի Ս. Սոֆիա Մայր եկեղեցում: Կոստանդին Բ Կատուկեցու գահակալությունն ընթացել է համեմատաբար խաղաղ իրավիճակում, երբ Լևոն lll թագավորի շրջահայաց քաղաքականության շնորհիվ պահպանվեցին Եգիպտոսի հետ ձեռք բերված հաշտությունը և հայ-մոնղոլական դաշինքը: Սսի Մայր Աթոռը պահպանեց Հայոց եկեղեցու որդեգրած դավանանքը և հոգևոր-եկեղեցական դաշնությունը Հյուսիս-արևելյան Հայաստանի եկեղեցիների և Աղթամարի կաթողիկոսության հետ:
1287թ.-ին Կոստանդին Բ Կատուկեցին Ստեփանոս Օրբելյանին ձեռնադրել է
«Սյունյաց մեծ աթոռի մետրոպոլիտ» և հատուկ շրջաբերականով հաստատել Սյունյաց մետրոպոլիտական աթոռը և վերջինիս առաջատար դիրքը արևելահայ եպիսկոպոսների նկատմամբ: Այդ քայլով Կոստանդին Բ Կատուկեցին կամեցել է Սսի կաթողիկոսական աթոռի հետ սերտորեն առնչակցել Սյունյաց աթոռը և վերջինիս միջոցով նաև Հայաստանի մյուս եկեղեցական կենտրոնները:
Կոստանդին Բ Կատուկեցու օրոք Լևոն lll թագավորի թողտվությամբ Կիլիկիայի Հայոց պետության մեջ հաստատվեցին Լատին եկեղեցու ֆրանցիսկյան միաբանության անդամները, որոնք կաթոլիկություն տարածեցին երկրում, ստանձնելով նաև կիլիկահայության և եվրոպական պետությունների միջև քաղաքական միջնորդի դերը: Երկրում առաջացած լատինամետ հոսանքի գլուխ կանգնեց Հեթում ll թագավորը, որը, հակառակ Կոստանդին Բ Կատուկեցու, ջանում էր իրականացնել Հայ և Լատին եկեղեցիների միավորումը:

Նա 1289 թ.-ին լատինամետ հոգևորականների հետ ժողով հրավիրեց մայրաքաղաք Սիսում: Ժողովին Կոստանդին Բ Կատուկեցին չհրավիրվեց: Ժողովականները նրա վրա բարդեցին մտացածին մեղադրանքներ, կանոնազանցումներ, աշխարհիկ գայթակղություններ, ուստի Կոստանդին Բ Կատուկեցին կամովին հրաժարվեց կաթողիկոսական պաշտոնից, որից հետո լատինամոլ կղերականները նրան նետել տվեցին Լամբրոն բերդաքաղաքի բանտ, քանի որ, ինչպես հավաստում է Ստեփանոս Օրբելյանը, երկյուղում էին,
որ Կոստանդին Բ Կատուկեցին կարող է հեռանալ արևելահայ եկեղեցականների մոտ և նրանց կողմից հռչակվել Ամենայն Հայոց կաթողիկոս:

Նույն պատմիչի վկայությամբ բանտ նետվելու պահին Կոստանդին Բ Կատուկեցին վերցրել է Լուսավորչի Աջը և օրհնել Հայոց թագավորությունն ու հայ ժողովրդին: Նա չորս տարի անցկացրել է բանտում, ապա Հեթում ll կամքով ազատ է արձակվել և 1293թ.-ին նշանակվել Սկևռա վանքի առաջնորդ: Նույն վանքի` «Սկևռայի Սրբարան» կոչված մասնատուփի վրա պահպանվել է Կոստանդին Բ Կատուկեցու արձանագիր հիշատակարանը:
Կաթողիկոսական գահին Կոստանդին Բ Կատուկեցուն հաջորդել է Ստեփանոս Դ Հռոմկլայեցին:

Աղբյուրը` Ամենայն Հայոց Կաթողիկոսներ հանրագիտարան, Ս. Էջմիածին, 2008
Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8273 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
դեպի վեր