ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+19 °C
ՕՐՀՆՎԵՑ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ԾԻՐԱՆԸ
23:21, 13.07.2014
3884 | 0
Հուլիսի 13-ին՝ ժամը 15.00-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տեղի ունեցավ «Ոսկե Ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի բացումը՝ փառատոնի խորհրդանիշ ծիրանի օրհնությամբ:

Այն միայն կինոփառատոն չէ, այլ մեր գեղեցիկ առօրյան: Մեր քաղաքն այս օրերին կերպարանափոխվել է, կարծես շիկացած արևից դարձել ծիրանագույն և յուրահատուկ բույր ու համ ստացել: Փառատոնի համն ու հոտն սկսվում է հայկական յուրահատուկ մրգի` ծիրանի օրհնությամբ, որ տվել է Աստված մեր հայկական հինավուրց հողին:
Արարողությունը կատարվեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի, Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանի, եկեղեցու Լուսարարապետ Տ. Դավիթ քահանա Շախկյանի մասնակցությամբ:
Արարողությունն սկսվեց «Հայր մեր» աղոթքով, այնուհետև Ավետարանից մի հատված ընթերցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանը: Եկեղեցու հոգևոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն օրհնեց հայոց արևահամ պտուղը և ասաց.
«Մենք ողջունում ենք «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինափառատոնի բացումը և մեր գոհունակությունը հայտնում, որ փառատոնը մեկնարկում է հայկական ծիրանի օրհության արարողությամբ: Ուրախ ենք նաև, որ այս կինոփառատոնին մասնակցություն ունի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` «Եղիցի լույս» հաստատված մրցանակով, որին արժանացնում ենք հոգևոր, մարդասիրական, բարոյական արժեքների քարոզչությանը ի նպաստ բերած անվանի կինոռեժիսորներին: Մեր օրհնությունն ենք բերում փառատոնի բոլոր մասնակիցներին ու հարգարժան հյուրերին, կազմակերպիչներին ու աջակիցներին: Առ Աստված աղոթքով հաջողություններ ենք մաղթում «Ոսկե Ծիրան» 11-րդ միջազգային փառատոնին և մաղթում նորանոր ձեռքբերումներ»:

Արարողությանը ներկա էին բազմաթիվ օտարերկրյա հյուրեր, հանրահայտ դերասաններ, ռեժիսորներ, տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որոնք լուսաբանեցին արարողության ողջ ընթացքը: Իրենց յուրօրինակ կատարումներով ելույթ ունեցավ «Հավատամք» հոգևոր երգչախումբը, և արարողությունը դարձավ առավել խորհրդավոր ու գեղեցիկ:


Հեղինակ՝ Օվսաննա ՄԱԴԱԹՅԱՆ
Լուսանկարները՝ ՀԱՅԿ ՇԱՆԹԻ
Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8271 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
դեպի վեր