ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+20 °C
Gezamenlijke verklaring over herdenking Armeense genocide
17:42, 16.04.2015
2290 | 0


Համագործակցող հոլանդահայ կազմակերպություններ

Համատեղ Հայտարարություն

1915-2015

Միասնաբար հիշատակենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

Հոլանդացիներ, հայեր, թուրքեր, քրդեր, արամեացի-ասորիներ, հույներ

Ըստ EGAM, DurDe և ՀԲԸՄ-Եվրոպա մանիֆեստի` #Remember24April1915

1915-2015: Հարյուր տարի է անցել այն ժամանակներից, երբ Օսմանյան կայսրությունում սկսվեց Հայոց ցեղասպանությունը, որին զոհ գնացին մեկ ու կես միլիոն հայեր, ինչպես նաև այլ քրիստոնյաներ` արամեացի-ասորիներ և պոնտացի հույներ:

Հարյուր տարի, և դեռ շարունակվում է մարդկության դեմ իրագործված այս ոճրագործության ժխտումը: Ցեղասպանության հերքումը հանդիսանում է թուրքական պետության քաղաքականության ու դիվանագիտության հիմքնակետը, պետություն, որը հիմնադրվել է գլխավորապես հայերի ունեցվածքի բռնագրավման ու նրանց մշակույթի ոչնչացման շնորհիվ:

Հարյուր տարի անց, ցեղասպանության հերքումը կամ եղելության նսեմացումը կրկին նոր զոհերի պատճառ է դառնում, սնում է ազգայնամոլություն և ցեղամոլություն, պատճառ է դառնում հակամարտության և խեղդում ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը Թուրքիայում: Ցեղասպանության ճանաչումը կարևոր է նաև ապագայում դրա կրկնությունը կանխելու համար:

Արդեն մի քանի տարի է ինչ աճող թվով ձայներ են լսվում թուրքական հասարակության մեջ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և Թուրքիայում իսկ ոգեկոչելու այս ոճրագործության զոհերին: Այսպիսով 2010 թվականից ամեն տարի ապրիլի 24-ին հիշատակի միջոցառումներ են անցկացվում Թուրքիայում, որին իրենց մասնակցությունն են բերում եվրոպական հասարակության ներկայացուցիչները և սփյուռքահայերը:

Այս տարի Թուրքիան ցինիկաբար նախատեսել է նշել Գալիպոլիի ճակատամարտի հիշատակման օրը հենց ապրիլի 24-ին, նոր փորձ կատարելով ստվերել Հայոց ցեղասպանության հիշատակումը: Այս կերպով, որպես ծայրահեղ տեսակի հմայքի արշավ Թուրքիան նաև նպատակ ունի կանխել միջազգային ներգրավվածությունը Հայոց ցեղասպանության հիշատակման հարցում:

Մենք` եվրոպացի, հայ, արամեացի-ասորի, թուրք և քուրդ քաղաքացիներս կոչ ենք անում բոլորին, ովքեր արդարության կողմնակից են, համախմբվել և խաղաղ ճանապարհով, ապրիլի 24-ին, աշխարհի բոլոր ծայրերում` Ստամբուլում, Երևանում, Հաագայում, Ասենում, Ալմելոյում և այլուր միասնաբար հիշատակել հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:

Ցեղասպանության այս հիշատակումը վերաբերում է ոչ միայն թուրքերին և հայերին, այլ ողջ մարդկությանը: Ցեղասպանության ժխտման դեմ պայքարը շատերի պայքարն է աշխարհում, նաև թուրքական հասարակության մեջ: Մեր համատեղ քարոզարշավը համընդհանուր բնույթ է կրում: Սա ապագային ուղղված քարոզարշավ է համերաշխության, արդարության և ժողովրդավարությանհաստատման համար:


    • Սա համերաշխության քարոզարշավ է, համերաշխություն բոլոր նրանց հետ, ովքեր պայքարում են պատմական ճշմարտության ճանաչման համար: Այստեղ բաժանարար գիծը թուրքերի և հայերի միջև չէ, այլ նրանց, ովքեր պայքարում են ժխտողականության դեմ և ովքեր քաջալերում են դա, անկախ նրանց ծագումից կամ ազգային պատկանելիությունից:

    • Սա արդարության քարոզարշավ է: Ցեղասպանությունը պետականորեն կազմակերպված ամենադաժան գործողությունն է և դրա հերքումը հանդիսանում է հանցագործություն ինքնին: ժխտողականության դեմ պայքարը հանդիսանում է պայքար ռասիզմի դեմ և հետևաբար ուղղված է ավելի իրավահավասար և արդար հասարակության ստեղծմանը:

    • Այս քարոզարշավը ժողովրդավարության զարգացման մասին է: Ոգեկոչելով նրանց, ովքեր անհետացել են, մարդկային պարտք է և վերականգնման խորհրդանշական իմաստ ունի, որը վերաբերում է մեզ բոլորիս: Ոգեկոչելով զոհերին Թուրքիայում, մենք նպաստում ենք խոսքի ազատությանը և հարցականի տակ դրնում այդ երկրում իշխանության վարած հակաժողովրդավարական գործելակերպը: Հայոց ցեղասպանության հիշատակումը, որտեղ էլ մենք նշենք, մեզ բոլորիս, հատկապես երիտասարդ սերնդին հնարավորություն է տալիս համախմբվելու համընդհանուր ժողովրդավարական արժեքների շուրջ` պատմական իրականությունը ընկալելու և միասնաբար ստեղծելու ավելի պայծառ ապագա:

Մենք կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր կիսում են այս արժեքները, ստորագրել այս հայտարարությունը և ներկա գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին և միասնաբար ոգեկոչել բյուրավոր նահատակների անմահ հիշատակը:

Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր