ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+22 °C
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այցելեց Նիդերլանդների Թագավորություն
01:25, 22.10.2015
2798 | 0

Հոկտեմբերի 16-18-ին Հայոց ցեղասպանության 100 ամյակի շրջանակներում և Ամստերդամի հայկական եկեղեցու 300 ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նիդերլանդներում է գտնվում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հոկտեմբերի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարն այցելեց Ալմելոյի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ծաղկեպսակ դրեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրին, այնուհետև եկեղեցու բակում հիշատակի եղևնու ծառ տնկեց:
Եկեղեցի այցից հետո Գալուստ Գյուլբենկյան սրահում ցանկալի հյուրին սպասում էին հարյուրավոր հայրենակիցներ: Ներկաները բարձրաստիճան հյուրին և նրան ուղեկցող ՀՀ դեսպանին դիմավորեցին ջերմ ծափողջույններով:
Ցեղասպանության հուշահամալիրի նախագահ Հարութ Պողոսյանը բարձրաստիճան հյուրերին պատմեց համայնքում կատարված աշխատանքների մասին և ներկայացրեց հետագա գործունեությանը վերաբերող ծրագրեր: Այնուհետև ելույթ ունեցավ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, որից հետո խոսքը փոխանցվեց Ս.Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանին, ով ողջույնի խոսք հղեց ՀՀ սփյուռքի նախարարին և համառոտ նրան ներկայացրեց դպրոցի աշխատանքային ուղեցույցը: Դպրոցի տնօրենը ելույթի վերջում նախարարին նվիրեց արդեն 2 տարի լույս տեսնող դպրոցի «Զանգակ» թերթի համարների ժողովածուն, որից հետո երեխաները ներկայացրեցին թարգմանչաց տոնին նվիրված հանդեսից մի հատված: Այնուհետև ելույթներ ունեցան «Զարթոնք» պարային խումբը և Եկեղեցու դպրաց դասը:
Նախարարին ողջույնի խոսքը ասացին ՀՅԴ կուսակցության, ինչպես նաև ՀՄԸՄ և ՀԲԸՄ ներկայացուցուչները:
Ելույթներից և ողջույնի խոսքերից հետո նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևներ և նվերներ հանձնեց դպրոցին և համայնքային կառույցներին:
Մեդալներով և շնորհակալագրով պարգևատրվեցին դպրոցի մի քանի ուսուցիչներ, Եկեղեցու վարչությունը ՀԲԸՄ-ը, ՀՄԸՄ-ը, «Երևան» միությունը:
Այնուհետև տեղի ունեցավ առանձնազրույց համայնքների ղեկավարների, ՀՀ դեսպանի և հյուպատոսների ներկայությամբ: Նախարարին հղվեցին տարբեր բնույթի հարցեր և ստացան գոհացուցիչ պատասխաններ:
Հանդիպումն անցավ ջերմ ու սրտաբուխ մթնոլորտում:
Տպավորիչ էր նաև հոկտեմբերի 17-ին Նիդերլանդների թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան կազմակերպած միջոցառումը: Այս անգամ Հաագա էին եկել նիդերլանդահայ տարբեր կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներ երկրի տարբեր մասերից: Նախարար Հրանուշ Հակոբյանը համայնքի ակտիվին ներկայացրեց նախարարության անցած 7 տարիների ձեռքբերումները, մանրամասն անրադարձավ նախարարության բոլոր նախագծերին ու ծրագրերին, Հայաստան-Սփյուռք գործակցության ու զարգացման կապերին: Նախարարն ըստ արժանվույն գնահատեց Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով Նիդերլանդներում կազմակերպված միցոցառումները, հայկական դպրոցների, հանրակրթական և մեկօրյա դպրոցների արդյունավետ գործունեությունը, մյուս կազմակերպությունների ու կառույցների հայանպաստ գործունեությունը: Սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած նշանակալի ներդրման և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նշանակալի ծառայություններ մատուցելու համար ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալի արժանացողների թվում են մանկավարժներ Սվետա Աբրահամյանը, Նարինե Մելքոնյանը, Մարտուն Էլբակյանը: Շնորհակալագրեր ու պատվոգրեր ստացան Նիդերլանդներում գործող մշակութային ու քաղաքական կազմակերպություններ ու անհատ անդամներ:
Ծավալված ջերմ, անկաշկանդ ու անմիջական զրույցին հետևեցին հարցերն ու պատասխանները:
Վերջում հանդիպման մասնակիցները ի հիշատակ լուսանկարվեցին:
Աշխատանքային այցի վերջին օրը' հոկտեմբերի 18-ին Հրանուշ Հակոբյանը կայցելի Ամստերդամի «Սուրբ Հոգի» հայկական եկեղեցի, որի 300-ամյակին նվիրված տոնակատարությունները շարունակվելու են մինչև այս տարվա վերջ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Հաղթության նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնով կատարվելու է Ջրօրհնեքի արարողություն Արևմտյան եվրոպայի հայրապետական պատվիրակի փոխանորդ, Նիդերլանդներում Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանի մասնակցությամբ: Նախարարը հանդիպում կունենա Սուրբ Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի սաներին:
Մանուկ Մկրտչյան
Աշոտ Կնյազյան
Նիդերլանդական օրագրի թղթ.

Ավելի մանրամասը կարդալու և լուսանկարների համար այցելեք մեր ֆեյսբուքյան էջ:

_________________________________________
Սփյուռքի նախարարի Նիդերլանդական այցի այլ մանրամասներ
Նիդերլանդներ կատարած իր այցի առաջին օրը ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը հանդիպեց հայաշատ Ալմելոյի քաղաքապետ Յոն Հերմանս-Ֆլադբելդի հետ: ՀՀ սփյուռքի նախարարը գոհունակությամբ արտահայտվեց հայ համայնքի նկատմամբ քաղաքապետարանի կողմից ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի մասին: Իր հերթին քաղաքապետ Հերմանս-Ֆլադբելդը բարձր գնահատեց հայության մասնակցությունը Ալմելոյի հասարակական կյանքին: Զրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Ալմելոյի հայությանը հուզող խնդիրների շուրջ:
Հոկտեմբերի 17-ին Ամստերդամում տեղի ունեցավ Հայ առաքելական «Սուրբ Հոգի» եկեղեցու 300-ամյակին նվիրված միջոցառումը, որին ներկա գտնվեցին նախարար Հակոբյանը, դեսպան Աղաջանյանը, հայկական, հոլանդական, ռուսական և ասորի եկեղեցիները ներկայացնող հոգևոր հայրեր և հայ համայնքի ներկայացուցիչներ: Նախարար Հակոբյանն ընթերցեց ՀՀ Նախագահի ուղերձը և հանդես եկավ ողջույնի խոսքով: Գերաշնորհ Տեր Տարոն եպիսկոպոս Ջերեջյանը ներկայացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհավորական նամակը, պարոնայք Ռենե Բեկյուսը և Օսֆորդի համալսարանի պրոֆեսոր Թեո Ֆան Լինտը ներկայացրեցին «Սուրբ Հոգի» եկեղեցու հիմնադրման և Ամստերդամի հայկական համայնքի ստեղծման ու զարգացման պատմությունները:
ՀՀ ԱԳՆ-ի լրատվությունից
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր