ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Հայաստանը միակ երկիրն է, որ Լեդի Դիանայի պատկերով նամականիշ է թողարկել. հպանցիկ անդրադարձ Լեդի Դիանայի կյանքին
19:22, 19.01.2016
4709 | 0

1. Դիանա Ֆրենսիսը (նախաամուսնական ազգանունը՝ Սպենսեր) ծնվել է 1961-ի հուլիսի 1-ին: Նա եղել է արքայազն Չարլզի առաջին կինը և թագաժառանգներ Ուիլյամի ու Հարրիի մայրը (ըստ ժառանգորդության կարգի՝ Ուիլյամը գահի երկրորդն ժառանգորդն է, իսկ Հարրին՝ երրորդը):

2. Դիանան անգլիական ազնվականական մեծ տոհմերից մեկի՝ Սպենսերների դուստրն է: Այս տոհմը թագավորության ամենահին ու ամենաերևելի տոհմերից մեկն է, որի անդամները դարեր շարունակ մերձ հարաբերությունների մեջ են եղել արքայական ընտանիքի հետ: Դիանան սերված էր Կարլ 2-րդ Անգլիացուց, իսկ վերջինս էլ` Ֆրանսիայի Հենրիխ 4-րդ թագավորից:

3. Դիանան իրենց ընտանիքի հինգ զավակներից չորրորդն էր: Սպենսերների ընտանիքն ակնկալել է, որ նա տղա կծնվի, որպեսզի տոհմը չմարի (նրանց երրորդ երեխան (տղա) ծնվելուց մի քանի ժամ անց մահացել էր):

4. Ընտանիքը տղայի սպասմամբ այնքան է համակված եղել, որ երբ Դիանան ծնվել է, մի ամբողջ շաբաթ չեն կարողացել որոշել, թե երեխային ինչ անուն տան: Ի վերջո Դիանա Ֆրենսիս են անվանել՝ ի հիշատակ Սպենսերների մի նախնու, և որպեսզի մոր անունը (Ֆրենսիս) չկորչի:

5. Երբ նա յոթ տարեկան էր, ծնողները բաժանվում են:

6. Երբ նրա հայրը ժառանգում է «Կոմս Սպենսեր» տիտղոսը (1975-ի հունիս), Դիանան «Լեդի» տիտղոս է ստանում:

7. Մանուկ Դիանան երկչոտ աղջնակի համարում է ունեցել:

8. Նա հափշտակված է եղել երաժշտությամբ ու պարարվեստով, ցանկացել է «Թագավորական բալետ» -ի պրոֆեսիոնալ պարուհի դառնալ: Բայց մինչ կհասցներ ինչպես հարկն է տիրապետել պարարվեստին, այս մասնագիտության համար տարիքն անցնում է:

9. Փայլուն աշակերտ չի եղել, բայց երաժշտական առանձնահատուկ ունակություն է ունեցել ու նույնիսկ հիանալի դաշնակահարի համարում է ձեռք բերել:

10. Նաև հիանալի լողորդ ու ջրասուզորդ է եղել:

11. Խոհարարական արվեստը երբեք նրան չի հրապուրել:

12. Պաշտել է երեխաներին ու աշխատել է Քեմբրիջի «Young England Scool» -ում:

13. 80-ականի սկզբին արդեն երեսունամյա արքայազն Չարլզին ստիպել են ամուսնանալ: 70-ականներին նա մի քանի անգամ կարճ այցելություններ է կատարել Դիանայի ավագ քրոջը՝ Սառային:

14. Արքայական ընտանիքի անդամներին, մասնավորապես Չարլզի ավագ հորեղբորը գոհացնելու համար արքայազնի ընտրյալը պետք է մի շարք պահանջների համապատասխաներ՝ լիներ ազնվական ընտանիքից, բողոքական դավանանքի, նախընտրելի է՝ կույս: Դիանան համապատասխանում էր այս պահանջներին:

15. Քամիլա Փարքեր Բոուլզը՝ արքայազն Չարլզի նախկին ընկերուհիներից մեկը, որն հետագայում կդառնա նրա երկրորդ կինը, նրան օգնում է հայացքը սևեռել այդ ժամանակ դեռ 19-ամյա Դիանայի վրա: Լորդ Մունթբաթենը՝ Չարլզի ավագ հորեղբայրը, չէր համաձայնել, որ Չարլզն ամուսնանա իրենից 16 ամսով մեծ Քամիլա Փարքերի հետ, որը նաև լիարժեք ազնվական ծագում չուներ:

16. 1980-ի ամռան, երբ նրանք գյուղում անցկացրած ուիքենդի ընթացքում հանդիպում են, արքայազն Չարլզը Դիանային լրջորեն դիտարկում է որպես պոտենցիալ հարսնացու: Այդ հանդիպումից հետո Չարլզը Դիանային հրավիրում է «Բրիտանիա» զբոսանավ, հետո՝ Բալմորալ՝ արքայական ընտանիքի շոտլանդական նստավայր, որտեղ ապագա հարսին ընդունում են Եղիսաբեթ Երկրորդը, Էդինբուրգի դուքսն ու մայր թագուհին:

17. Ուելսի իշխանը Դիանային ամուսնության առաջարկություն է անում 1981-ի փետրվարի 6-ին, բայց նշանադրությունը մինչև պաշտոնապես ազդարարումը (1981-ի փետրվարի 24) գաղտնի է պահվում:

18. Դիանան նշանադրության մատանի է ընտրում սպիտակ ոսկուց 30 հազար ֆունտ ստերլինգ (ներկայում՝ շուրջ 90 հազար եվրո) արժողության մի մատանի, որն ուներ 18 ադամանդով երիզված 18 հագի շափյուղա քար: Մատանին պատրաստել էր հռչակավոր ակնագործ Գարարդը: 2010-ին այն դառնում է Քեթ Միդլթոնի նշանադրության մատանին:

19. Քսան տարեկանում, արքայազն Չարլզի հետ ամուսնանալուց հետո, Դիանան ինքնաբերաբար դառնում է Ուելսի իշխանուհի, որը Միացյալ Թագավորությունում թագուհուց ու մայր թագուհուց հետո կանացի ամենաբարձր աստիճանն է:

20. Հարսանիքը տեղի է ունենում 1981-ի հուլիսի 29-ին, Լոնդոնի Սուրբ Պետրոս մայր տաճարում (և ոչ թե Վեսթմինսթերի աբբայությունում, որտեղ հիմնականում տեղի են ունենում արքայական ամուսնությունները): Հարսանիքին ներկա էր 35 հազար հրավիրյալ: Արարողությանը հետևում էր 750 միլիոն հեռուստադիտող: 1659 թվականից ի վեր Դիանան առաջին անգլուհին էր, որ ամուսնանում էր գահի ենթադրյալ ժառանգորդի հետ: Հիշյալ թվականին Աննա Հիդն ամուսնանում է Յորքի դքսի՝ ապագա Հակոբ 2-րդ Անգլիացու հետ:

21. Լրատվամիջոցները գրեցին, թե ամուսնությունը նմանվել է հավերժահարսերի մասին հեքիաթներին: Նորապսակներին տեսնելու համար Լոնդոնի փողոցներում 600 հազար մարդ էր հավաքվել: Երկու դրվագ եկեղեցական արարողությունից. Դիանան շփոթում է ամուսնու անվան և ազգանվան հերթականությունը և արտասանում է` «Ֆիլիպ Չարլզ Արթուր Գեորգ»: Ավելին, նա, ծեսի ժամանակ չի ասում, թե «հնազանդ է լինելու»: Դա բազում մեկնաբանությունների առիթ է հանդիսանում:

22. 1982-ի հունիսի 21-ին «Սուրբ Մարիամ» հիվանդանոցում Դիանան ծնեց իր առաջին որդուն, որի անունը Ուիլյամ դրեցին:

23. Որդու ծննդից որոշ ժամանակ առաջ Դիանան այն աստիճան է ընկճվել, որ ասում են, թե նույնիսկ բազմիցս փորձել է ինքնասպանություն գործել:

24. Երկրորդ որդին՝ Հենրի-Չարլզ Ալբեր Դավիդը, աշխարհ է գալիս երկու տարի անց, 1984-ի սեպտեմբերի 15-ին:

25. Նույնիսկ նրա ամենակրքոտ վատաբանողները խոստովանում էին, որ Լեդի Դիանան հոգատար ու սիրառատ մայր է եղել: Նա իրեն ամբողջովին նվիրել էր իր երեխաներին: Նա է ընտրել նրանց առաջին անունը, նրանց դպրոցը, հագուստները: Նա վանել է արքայական ընտանիքի մի նանիին, որպեսզի անձամբ ընտրի իր երեխաների դայակին: Նա հաճախ անձամբ է երեխաներին դպրոց տարել:

26. Նրա ամուսնության ավերումը 1980-ականների կեսերին այնպիսի աղմուկ առաջացրեց, որ համաշխարհային մամուլը հեղեղվեց այդ իրադարձությամբ: Ուելսի իշխանն ու իշխանուհին մամուլի էջերից մեկմեկու սկսեցին մեղադրել անհավատարմության մեջ: Չարլզը նորոգեց հարաբերությունները Քամիլա Փարքեր Բոուլսի հետ, մինչդեռ Դիանան կապեր ունեցավ բազում տղամարդկանց՝ մասնավորապես Ջեյմս Ժիբի, Ջեյմս Հեյվիթի և Օլիվեր Հոարի հետ:

27. 1992-ի դեկտեմբերին վարչապետ Մեյջորը պառլամենտի Համայնքների պալատում ազդարարում է նրանց բաժանման մասին: 1995-ին Դիանան հարցազրույց է տալիս BBC-ին ու անդրադառնում է իր սիրային կապին:

28. Ապահարզանի մասին ազդարարվում է 1996-ի օգոստոսի 28-ին: Դիանան զրկվում է «Արքայական մեծություն» տիտղոսից` պահպանելով միայն «Ուելսի իշխանուհի» տիտղոսը: Նրան ավելի քան 10 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցում ու նպաստ է հատկացվում: Նրա որդին` իշխան Ուիլյամը, նրան մխիթարում է` ասելով. «Բանի տեղ մի' դիր, մայրի'կ: Երբ ես մի օր թագավոր դառնամ, «Արքայական մեծություն» տիտղոսդ կվերականգնեմ»:

29. Բուքինգհեմի պալատը շարունակում է Դիանային բրիտանական արքունական ընտանիքի անդամ համարել, քանի որ նա բրիտանական թագի երկրորդ և երրորդ ժառանգորդների մայրն էր:

30. Ամուսնալուծությունից մեկ տարի առաջ Էդինբուրգի դուքսը Դիանային նախազգուշացրել էր. «Եթե դուք, դուստրս, ձեզ չզսպեք, մենք ձեզ կզրկենք ձեր տիտղոսից»: Այս սպառնալիքին նա պատասխանել էր. «Իմ տիտղոսը շատ ավելի հին է, քան՝ ձերը, Ֆիլիպ»:

31. 1980-ի վերջին Լեդի Դին ճանաչման է արժանանում ՁԻԱՀ-ի զոհերին օգնելուն և հակահետևակայն ականների արգելմանը նպատակաուղղված ջանքերով: Նա այնպիսի հանրահայտ անձանց կողքին էր, ինչպիսիք էին Նելսոն Մանդելան, Դալայ Լաման ու Մայր Թերեզան:

32. 1987-ին Ուելսի իշխանուհուն լուսանկարում են ՁԻԱՀ-ով հիվանդ մի անձնավորության դիպչելիս. նա մոտենում է այդ հիվանդի անկողնուն և սեղմում է նրա ձեռքը: Նա ուզում էր ցույց տալ, որ այս հիվանդությամբ տառապողին դիպչելիս՝ առողջ մարդը չի վարակվում: Այդ ժամանակներում շատերը կարծում էին, թե տվյալ հիվանդությունը փոխանցվում է` նույնիսկ հիվանդին դիպչելիս: Դիանայի այս քայլից հետո հիվանդության ու դրանով վարակվածների մասին հասարակական կարծիքը կտրուկ փոխվում է:

33. 1997-ին նա մեկնում է Անգոլա, որպես «Կարմիր խաչ» -ի և «Կարմիր մահիկ» -ի կամավոր, այցելում է հակահետևակային ականներից տուժածներին, մասնակցում է ականազերծման ծրագրերի կազմմանը և աջակցում է ականների վտանգի մասին տեղեկատվության տարածմանն ու դրա դեմ պայքարի մեթոդների մասին ուսուցողական ծրագրերի մշակմանը:

34. Աշխարհը տեսնում է նրա լուսանկարները ականապատված դաշտում՝ գլխին սաղավարտ, հագին՝ պաշտպանիչ բաճկոն: 1997-ի օգոստոսին նա գնում է Բոսնիա և իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում է պատերազմական գործողություններից հետո հակահետևակային ականներից ծանր վերքեր ստացած անձանց՝ հատկապես երեխաներին:

35. 1998-ին իր երկրի Համայնքների պալատում հակահետևակային ականների վերաբերյալ օրենքի նախագիծը ներկայացնելիս՝ արտաքին գործերի նախարար Ռոբին Քուկն ընդգծում է Դիանայի ներդրումը . «Այս ասամբլեայի բոլոր անդամները երախտապարտ են լինելու Ուելսի իշխանուհուն հակահետևակային ականների հակամարդկային էությունը մեզ բացահայտելու համար»:

36. 1997-ի օգոստոսի 31-ին Դիանան Փարիզում ավտովթարից զոհվում է, երբ իր սիրեկան Դոդի ալ Ֆայեդի հետ անցնում էր Ալմայի կամրջի մերձակա թունելով:

37. Օգոստոսի 30-ի երեկոյան Դիանան և ալ Ֆեայեդը դուրս են գալիս «Ռից» -ից և ուղղվում են դեպի Սենի աջ ափը: Կեսգիշերից քիչ անց նրանց մեքենան մտնում է Ալմայի թունել: Նրանց հետամտում են լուսանկարիչները: Թունել մտնելու պահին մեքենան հարվածում է աջ պատին, հետո ճանապարհի երկու ուղիների վրա շուռ է գալիս՝ մինչև կամրջի 13-րդ սյունին ագուցվելն ու միանգամից կանգ առնելը:

38. Դոդի ալ Ֆայեդը և վարորդը՝ Անրի Պոլը, արդեն մեռած էին, թիկնապահը՝ Թրեվոր Ռու Ջոնսը՝ ծանր վիրավոր, բայց նա վերապրում է: Դեռևս ողջ Դիանային հանում են ավտոմեքենայից ու տեղում առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո «Շտապ օգնության» մեքանայով ժամը 2-ից քիչ անց հասցնում են «Փիթիե Սալփեթիեր» հիվանդանոց: Նա ներքին արնահոսություն էր ստացել, և 2 ժամ անց բժիշկները հայտարարում են նրա մահվան մասին: Ժամը 14-ին արքայազն Չարլզը և Դիանայի երկու քույերը գալիս են Փարիզ՝ դին ճանաչելու համար և 90 րոպե անց մեկնում են:

39. Ամերիկյան «Շտապ օգնության» փորձագետները մեղադրում են ֆրանսիական նույնանուն ծառայությանն այն բանի համար, որ վթարի վայրում խնամքն ընդամենը մեկ ժամ է տևել՝ այն պատճառաբանությամբ, թե միայն շտապ վիրահատությունը կփրկի նրա կյանքը: Ոչ ոք չգիտի, թե նա կարո՞ղ էր արդյոք փրկվել, եթե այդ վիճակում նրան տեղափոխեին:

40. Ըստ հետաքննիչների՝ վթարը տեղի էր ունեցել վարորդի մեղքով, որը խմած է եղել և շատ արագ էր վարել մեքենան, որպեսզի կարողանա «պոկ գալ» պապարացիներից: Այս եզրակացության հետ համաձայն չէ բրիտանացի մի ախտաբան, որին վարձել էր Ֆայեդի ընտանիքը: Դոդի ալ Ֆայեդի և Անրի Պոլի ընտանիքները չընդունեցին ֆրանսիական հետաքննության արդյունքները:

41. Ոմանք համարում էին, թե սպանություն է տեղի ունեցել, ոմանք էլ այն կարծիքին էին, թե տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ու նրանց միջև տևական ժամանակ կատաղի վեճ էր ընթանում:

42. Սպանության տեսության կողմնակիցները տարբեր վարկածներ էին առաջ քաշում. համաձայն մի վարկածի՝ դավադրությունը ծնունդ էր առել բրիտանական միապետության ու գաղտնի ծառայությունների որոշմամբ: Դիանան Ալ Ֆայեդից հղի էր արդեն, երբ ամուսնացավ, բայց անընդունելի էր, որ Անգլիայի ապագա թագավորի աներհայրը մահմեդական լիներ: Վարորդ Անրի Պոլին ու պատահարից միակ կենդանի մնացած թիկնապահին համարում էին սպանությունն իրականացնողներ: Նրանց հրաման տվողը բրիտանական, ամերիկյան կամ իսրայելական գաղտնի ծառայությունները կարող էին լինել: Այս քաղաքական դիտարկումների կողքին շրջանառվում էր նաև այն վարկածը, թե նրա սպանության պատվիրատուն հակահետևակային ականներ արտադրող ընկերություններն են եղել: Այլոք էլ պնդում էին, թե նշանակետում Դոդին է եղել, պարզապես Դիանան պատահական զոհ է դարձել:

43. Չհիմնավորված մեկ այլ կարծիք էլ է շրջանառվել. Իբրև թե Դիանան ու իր սիրեկանը իրենց մահը պարզապես բեմականացրել են, և բոլորի աչքից հեռու ապրում են: Դիանան պլաստիկ վիրահատությամբ իր կերպարանքը փոխել է և արբանյակային կապի օգնությամբ իր զավակների հետ շփվում է: Ոմանք էլ պնդում էին, թե բեմականացման պլանը ձախողվել է, ու նրանք չեն կարողացել խույս տալ մահից:

44. Հուղարկավորությունը տեղի է ունենում 1997-ի սեպտեմբերի 6-ին, Վեսթմինսթերի աբբայությունում: Դիանային հրաժեշտ տալու էր եկել շուրջ 3 միլիոն մարդ: Միլիոնավորները հեռուստատեսությամբ էին հետևում հուղարկավորության արարողությանը: Լոնդոնի Քենսինգթոն պալատի դիմաց, որտեղ բնակվում էր նա, ավելի քան մեկ միլիոն ծաղկեփունջ էր դրվել: Հուղարկավորությանը ներկա հասարակությունը մինչև աբբայություն ծաղիկներ էր շաղ տալիս թաղման թափորի ամբողջ ճանապարհին: Վեսթմինսթերի աբբայության ներսում ամբոխը ողջունում էր թաղմանը մասնակցող Էլթոն Ջոնին, Թոմ Քրուզին, Նիկոլ Քիդմանին, Սթիվեն Սփիլբերգին, Ռիչարդ Բրանսոնին, Հորդանանի թագուհի Նուրին, Հիլարի Քլինթոնին, Ժակ Շիրակի կնոջը՝ Բերնադետ Շիրակին և շատ այլ հանրահայտ անձանց:

45. Դիանայի մահվան առթիվ բրիտանական արքայական ընտանիքի արձագանքը բողոքի ալիք բարձրացրեց երկրում: Վինձորների արքայական տան վերաբերմունքը որակվեց որպես անսրտացավություն: Բուքինգհեմի պալատի պահվածքը թերթերի քննադատությանն արժանացավ: «Ո՞ւր է մեր թագուհին: Ո՞ւր է մեր դրոշը», - հարցնում էր «The Sun» թերթը: Թագուհին ստիպված էր հեռուստատեսությամբ ելույթ ունենալ: Այս ամենն արտացոլված է «Թագուհին» հոյակապ ֆիլմում:

46. Դիանան թաղվեց Նորթամփթոնշիրի Ալթորպում` Օվալաձև լճի կենտրոնում գտնվող կղզում:

47. Նրա թաղմանը հաջորդած 15 օրերին Անգլիայում և Ուելսում տեղի ունեցած ինքնասպանությունների թիվը 17 տոկոսով աճեց:

48. 2007-ի հուլիսի 1-ին արքայազուններ Ուիլյամն ու Հենրին Լոնդոնում մեծ համերգ կազմակերպեցին, որին ներկա էր 63 հազար հանդիսական: Երգեցին Էլթոն Ջոնը, Ռոդ Ստյուարտը, Դյուրան Դյուրանը, Նելի Ֆյուրթադոն: Ելույթ ունեցավ Անգլիայի պետական բալետը: Արքայազունները այս համերգը կազմակերպել էին իրենց մոր ծննդյան 46-ամյակի առթիվ:

49. Արքայազն Չարլզի հետ նշանադրվելուց մինչև 1997-ի ողբերգական մահը իշխանուհի Դիանան համաշխարհային բեմում ազդեցիկ դեմք էր: Բրիտանացիները նրան փառաբանում էին: 2002-ին Դիանան առավել նշանավոր 100 բրիտանացիների ցուցակի 3-րդ հորիզոնականում դասվեց՝ առաջ անցնելով Եղիսաբեթ 2-րդ ից ու բրիտանական այլ միապետներից: Նա դարձել է, ինչպես ինքն էր ցանկանում, նրանց «սրտի թագուհին»:

50. Նրան սիրում էին գթասրտության, գեղեցկության, առանձնաշնորհության, ոճի, մարդասիրական գործունեության համար: Դիանան այնքան հանրահայտ ու սիրված էր, որ նրա մահվանը լրատվամիջոցներն ավելի շատ անդրադարձան, քան՝ Մայր Թերեզայի մահվանը:

51. Ըստ կենսագիր Սառա Բրեդֆորդի՝ Դիանային համակած ընկճախտի միակ դարմանը կարող էր լինել արքայազն Չարլզի սերը, որը նա տենչում էր: Դիանան մի առիթով ասել էր, թե իր ամուսինն այնպես է արել, որ ինքն իրեն անհարմարավետ զգա:

«Մարդկային սրտերի թագուհին». Հայաստանում թողարկված փոստային նամականիշը՝ նվիրված Լեդի Դիանային:
1985 թ., Սպիտակ տուն. Դիանան պարում է Ջոն Տրավոլտայի հետ:
Նյու Յորքի Անկախության արձանի ջահի պատճենը Ալմա կամրջի մերձակայքում:
Հարսանեկան արարողությունը
Զավակների հետ:
Ականներից հաշմվածների հետ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
15:25, 07.05.2024
162 | 0
դեպի վեր