ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Սահակ Պարթեւ (348-439)
03:32, 18.08.2017
12331 | 0
Ս. ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎ (348-439)
Ս. Սահակ Պարթևը՝ ս. Ներսես Մեծի որդին, ծնվել է Կեսարիայում: Երկար տարիներ ուսանելով ծննդավայրի, այնուհետև Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի հռչակավոր դպրոցներում՝ նա տիրապետել է հունարենին, պարսկերենին և ասորերենին:

387 թ. ձեռնադրվել է հայոց հայրապետ: Գրերի ստեղծումից հետո շուրջ քառորդ դար ս. Մեսրոպ Մաշտոցի հետ հայրապետը զբաղվել է իր հայրենիքի հոգևոր կյանքի բարենորոգմամբ և ամենուրեք տարածել հայոց դպրությունը. կարգավորել է Տոնացույցը, գրել բազմաթիվ կանոններ, եղանակավորել է Պատարագամատույցը, հորինել շարականներ, ծիսական աղոթքներ, ինչպես նաև մեծ դեր է ունեցել Աստվածաշունչ Մատյանի թարգմանության գործում:
Երբ Պարսկաստանը պատերազմ հայտարարեց Բյուզանդիային՝ ռազմաբեմ դարձնելով Հայաստանը, ս. Սահակը, ընդառաջ ելնելով, փորձեց կանխել արյունահեղությունը, սակայն ճանապարհին վախճանվեց Բագրևանդ գավառի Բլուր գյուղում:

4-5 դդ. եկեղեցական, քաղաքական և մշակութային նշանավոր գործիչ: Սերում է Պարթև (Պահլավունի) և Մամիկոնյան տոհմերից: Որդին է Ներսես Մեծ հայրապետի և Վարդան Մամիկոնյան իշխանի դուստր Սահանդուխտի: Ծնվել է 348 թ.: Ստացել է բազմակողմանի կրթություն կապադովկյան Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի բարձրակարգ դպրոցներում: Փայլել է օտար լեզուների (հունարեն, ասորերեն, պարսկերեն) իր իմացությամբ: Եպիսկոպոս ձեռնադրևելով՝ 60 աշակերտներով կրոնավորել է Վաղարշապատում, ծավալել հոգևոր-մշակութային գործունեություն: 387 թվականից եղել է հայոց հայրապետ՝ եռանդուն աջակցություն բերելով Խոսրով Գ թագավորին՝ վերականգնելու Մեծ Հայքի միասնականությունը: Խոսրովի գահընկեզ լինելուց և աքսորվելուց հետո ինքը ևս զրկվել է հայրապետական աթոռից (389թ.) և միայն Վռամշապուհ թագավորի ջանքերի շնորհիվ վերականգնվել իր պաշտոնում: Հետագայում ևս, պարսից Վռամ 5-րդ արքայի կողմից, ենթարկվել է հալածանքների ու շնորհազրկման: Մահացել է իր ծննդյան օրը, նավասարդի 30-ին (439 թ. սեպտեմբերի 7-ին), Բագրևանդի Բլրոցաց գյուղում և թաղվել Տարոնի Աշտիշատում:
Անգնահատելի է Սահակ Պարթևի ծառայությունը հայոց գրերի ստեղծման, հայալեզու դպրոցի հիմնադրման և ազգային գրավոր մշակույթի ձևավորման ու զարգացման գործում: Նա եղել է պարագլուխը ավագ թարգմանիչների, ծրագրավորած ուղղություն տվել նրանց հսկայածավալ աշխատանքին՝ բացառիկ դեր կատարելով Աստվածաշնչի, եկեղեցու սուրբ հայրերի ստեղծագործությունների, եկեղեցական-արարողական գրականության թարգմանության բնագավառում: Սահակից պահպանվել են կանոնական գրվածքներ և թղթեր: Մեծ է նրա ներդրումը շարականագրության մեջ:


ԶԳԱԼՈՒՍՏ ՔՈ, ՔՐԻՍՏՈՍ, ԱՅՍՕՐ


զԳալուստ Քո, Քրիստոս, այսօր
յԵրուսաղէմ` նոր եկեղեցի սուրբ,
Յաղթական երգով բարեբանեմք`
Օրհնեալ եկեալ անուամբ Տերառն:

Որ վասն մերոյ փրկութեան`
յԱւանակի նստիլ յանձն առեր
Ընդ մանկունսն բարեբանեմք
Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն:

Թագաւոր երկնաւոր,
զԵկեղեցի Քո անշարժ պահեա
Եւ զերկրպագուս անուանդ Քում
Պահեա ի խաղաղություն:



Թագաւոր գոլով քո յաշխարհ,

Թագաւոր գոլով քո յաշխարհ,
Մտեր ի քաղաքն Երուսաղէմ.
Նստեալ ի վերայ հողեղէն նոր յաւանակի,
Կոչել զհեթանոսս յերկրպագութիւն:

Ծերքն ոստովք ձիթենեօք,
Եւ տղայք ոստովք արմաւենեօք
Եւ երամ-երամ դասուքն աղաղակէին`
Ովսաննա, օրհնեալ եկեալ ի յանունն Տեառն:

Ցնծացաւ սուրբ Սիօվն,
Բերկրեցան սուրբ եկեղեցիք.
Եւ խնդութեամբ բազմաւ` ելին ընդ առաջ,
Օրհնէին զգալուստ քո, Փրկիչ, յաշխարհ:


Յորժամ եկն Յիսուս

Յորժամ եկն Յիսուս
Երուսաղէմ ի քաղաքն,
Ընդ առաջ ելին ծերքն`
Ոստովք ձիթենեօք
Եւ զաստուածորդին փառաւորէին:

Ի լեռնէ Ձիթենեաց`
Տարածանէին մանկունքն զհանդերձս իւրեանց.
Եւ ոստս ի ծառոց
Բերեալ մատուցանէին
Աստուածորդւոյն` սուրբ թագաւորին:

Ոստովք և տերևեալ ձիթենեօք
Եբրայեցւոց մանկունքն որհնէին`
ՈՒրախ լեր, Երուսաղէմ քաղաք,
Եւ ցնծա, Սիօվն,
Մայր եկեղեցի:


Ի յարութեան յաւուր գալստեան փրկչին

Ի յարութեան յաւուր գալստեան փրկչին,
Տարածանէին մանկունքն զհանդերձս
Եւ անդադար ձայնիւ օրհնէին`
Օրհնեալ եկեալ անուամբ տեառն:

Ոստս ի ծառոց բերեալ մատուցանէին
Աստուածորդւոյն առ ճանապարհաւն.
Եւ անդադար ձայնիւ օրհնէին`
Օրհնեալ եկեալ անուամբ տեառն:

Ի ծերոց բղխեալ օրհնութիւն
Եւ ի տղայոց` փառաբանութիւն.
Եւ անդադար ձայնիւ օրհնէին`
Օրհնեալ եկեալ անուամբ տեառն:



Այսօր գալով ի Բեթանիայ

Այսօր գալով ի Բեթանիայ,
Քո ամենազօր հրամանաւդ
Ձայնեցեր Ղազարու,
Եւ դողացաւ մահ,
Դժողք պարտեցաւ,
Ապականութիւն լուծաւ,
ԿԵնդանարա'ր Քրիստոս,
Կեցո' ըզմեզ:

Այսօր գալով ի Բեթանիայ,
Զքո զաշխարհակեցոյց
Սուրբ զյարութիւնդ
Յառաջագոյն ծանուցեր`
Անապականբար կոչմամբ
Զչորեքօրեայն ի թաղմանէ,
Կենդանարա'ր Քրիստոս,
Կեցո' ըզմեզ:

Այսօր գալով ի Բեթանիայ,
Եբրայեցւոց մանկունքն
Սքանչացեալ ասէին`
ԸզՄարիամու զեղբայրըն
Ի թաղմանէ յարուցեալ`
Որդւոյն Մարիամու.
Կենդանարա'ր Քրիստոս,
Կեցո' ըզմեզ:



Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13106 | 0
01:01, 08.12.2017
29978 | 0
23:45, 27.08.2017
21743 | 0
դեպի վեր