ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Արտերկրի բուհերում ուսանած Մայր Աթոռի միաբանները դատապարտում են
16:22, 13.06.2018
4768 | 0
Որպես արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ սրտի ցավով ենք հետևում Հայաստանում վերջին օրերին ծավալվող իրադարձություններին, որոնք կապված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետի անվան հետ:
Մտահոգությամբ ենք արձանագրում այն, որ մի խումբ հայորդիներ, ինչպես նաև մեր հոգևոր եղբայրներից ոմանք, անտեսելով վերջին 15-20 տարիների բազում ձեռքբերումները Եկեղեցու կյանքում և տարվելով հերոսանալու մոլուցքով՝ թույլ են տալիս իրենց ծառա և գործիք դառնալու որոշ մութ ուժերի ձեռքին: Փորձելով ինչ-ինչ թերացումներ կամ խախտումներ գտնել և դրանք համեմելով անհարիր մեղադրանքներով՝ պայքարում են իրենց ծնողի դեմ և այդպիսով ուրիշ հավատավոր անձների մոլորության առիթ դառնում. «գայթակղություններ պետք է որ գան, բայց վայ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը» (Մատթ. 18: 7):
Վստահ ենք, որ Հայ Եկեղեցու պայծառությունը և հոգևոր կյանքի վերազարթոնքը, ինչպես նաև եկեղեցում առկա խնդիրների կարգավորումը պայմանավորված չեն Վեհափառ Հայրապետի կամ որևէ բարձրաստիճան եկեղեցականի հեռացումով: Անընդունելի ենք համարում, որ եկեղեցու պատմությանը և կանոնական դրվածքին «տեղյակ» մեր միաբանակից եղբայրները նախ իրենց թույլ են տալիս պահանջելու ազգիս Հայրապետի հրաժարականը և ապա այդ նպատակին հասնելու համար նախընտրում փողոցային պայքարի ճանապարհը: Մեր կարծիքով՝ այստեղ ավելի շուտ յուրաքանչյուր հոգևորականի ու հավատացյալ հայորդու՝ իր դերի, պատասխանատվության ու պարտականությունների գիտակցման հարցն է: Հեշտ է որևէ մեկին մեղադրելով՝ արդարացումներ գտնել կամ բացատրություններ տալ ինչ-որ իրավիճակի կամ երևույթի համար, սակայն ինչպես Սբ. Գրքում է ասվում՝ «նախ քո աչքի միջի գերանը հանիր» (Մատթ. 7: 5): Նախքան որևէ մեկին մեղադրելը և ինչ-որ պահանջներ ներկայացնելը յուրաքանչյուրս պարտավոր ենք նախևառաջ ինքներս մեզ քննելու, թե արդյոք մենք, իբրև եկեղեցու մեկ մասնիկը, ամբողջությամբ գիտակցում ենք մեր պատասխանատվությունը և գործնականում ապացուցում այդ գիտակցության առկայությունը: Համոզված ենք, որ Եկեղեցու զորացմանն ու բարեկարգությանը նպաստելու լավագույն ուղին յուրաքանչյուր անձի կողմից ստանձնած պարտականությունների հստակ գիտակցումն է և դրանք իրականացնելուն ուղղված այն միջոցների կիրառումը, որոնք բյուրեղացել են մեր Եկեղեցու դարավոր փորձառության շրջանակներում: Այս իմաստով մենք, որպես ուսանող միաբաններ, մեր Սուրբ Եկեղեցու բարեկարգության ճանապարհներից մեկը համարում ենք ուսման ընթացքում ձեռք բերված մեր գիտելիքների ու փորձառության արդյունավետ օգտագործումը Եկեղեցու անդաստանում:
Կարծում ենք, որ հավատավոր մեր եղբայրների որդեգրած ներկա գործելաոճը խաթարում է եկեղեցու բնականոն գործունեությունը և առկա խնդիրների լուծմանը նպաստելու փոխարեն, կարծես, փորձ է արվում ավելորդ ցնցումներ առաջացնել ներեկեղեցական կյանքում:
Լիահույս ենք, որ շատ շուտով մեր եղբայրները, վատնելով իրենց անցողիկ միջոցներն ու սին ձգտումները, կանդրադառնան իրենց ընթացքին և որպես խոհեմության ու իմաստության դրսևորում կսրբագրեն ներկայիս մոտեցումը՝ վերադառնալով հայրական տուն, որտեղ իրենց է սպասում ներող և սիրող հայրը:

Տ. Տիրայր աբեղա Հակոբյան (Իտալիա)
Տ. Հուսիկ աբեղա Սմբատյան (Ավստրիա)
Տ. Վազգեն աբեղա Պետրոսյան (Գերմանիա)
Հեղինակ` Հեղինակ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հեղինակ
12:40, 16.08.2018
5812 | 0
15:58, 07.07.2018
4669 | 0
դեպի վեր