ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Գարեգին Բ-ն անհամատեղելի է ի հայրենիս եւ ի սփյուռս աշխարհի հայ ժողովրդի ջախջախիչ մեծամասնության կամքի հետ
11:11, 04.11.2018
2886 | 0
ԸՆԴԴԵՄ ՍՏԻ ՈՒ ԿԵՂԾԻՔԻ

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման նկատմամբ իր ապատեղեկատվական արշավով տխրահռչակված Մայր Աթոռի այսպես կոչված «տեղեկատվական համակարգը» այսօր տարածել է մի հայտարարություն, որ մեր շարժման անդամներն այսօր, հոկտեմբերի 31-ի կեսօրին, իբր «փորձել են մուտք գործել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տարածք», սակայն «հանդիպել են տարածքը պաշտպանող ոստիկանների դիմադրությանը»: Հավատարիմ իր նենգ գործելակերպին՝ ապատեղեկատվական այս համակարգը այս ստերը վերագրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությանը:
Ցավոք, ՀՀ որոշ լրատվամիջոցներ, մասնավորաբար` պատմության աղբանոցը նետված ՀՀԿ-ի կերակրատաշտից սնվողներ, այս ապատեղեկատվությանը զուգակցելով իրենց վառ երեւակայությունը, տարածել են, թե մեր շարժման անդամները նույնիսկ «մտել են Մայր Աթոռի տարածք», «ցանկացել ներխուժել վեհարան», ինչի պատճառով «խաթարվել են հոգեւոր ճեմարանի դասերը» եւ նման հերյուրանքներ (չիմացողների համար հայտնենք, թե հոգեւոր ճեմարանի շենքը դիվանատուն-վեհարանի շենքից մի քանի հարյուր մետր հեռու է գտնվում...): Հասկանալով իր իսկ տարածածի բացահայտ եւ անհամոզիչ կեղծիք լինելը (քանզի առկա է ողջ ակցիայի տեսագրությունը) ՝ նշված ապատեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը որոշ ժամանակ անց մի լրատվամիջոցի հետ զրույցում ստիպված եղավ հերքել իր իսկ տարածած սուտը՝ հայտարարելով, թե բողոքավորները «եկեղեցու տարածք ՉԵՆ ՄՏԵԼ» եւ թե «եկեղեցու սպասավորները բնականոն ձեւով շարունակում են աշխատել» (այլ հարց, թե իր այս խոսքով տեր Վահրամը խոստովանում է, որ իր ու իր նմանների համար Հայ եկեղեցուն ծառայությունը «աշխատանք» է պարզապես, այսինքն` ընդամենը փող վաստակելու եւ ընտանիք պահելու միջոց...):
Իրականությունն այն է, որ ս. թ. նոյեմբերի 4-ին Գարեգին Բ-ի գահազավթման 19-րդ տարելիցի առթիվ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը պատրաստվում է ժողովրդական հերթական հավաքով պահանջել նրա հեռացումը Ս. Գրիգոր Լուսավորչի գահից, եւ առ այդ, իրազեկման արշավներ է անցկացնում ՀՀ տարբեր բնակավայրերում: Իրազեկման այսօրվա քայլը ծրագրված էր կատարել Մայր Աթոռի անմիջական մերձակայքում` «դիվանատան ԵՏՆԱՄԱՍՈՒՄ», ինչպես խոստովանեց նույն տեր Վահրամը վերեւ նշված զրույցում: Այդ տարածքը ՉԻ ՄՏՆՈՒՄ Մայր Աթոռի սահմանների մեջ, հանրային սեփականություն է, եւ այդ վայրում բողոքի արտահայտություններ կատարելը թույլատրված է ՀՀ օրենսդրությամբ:
«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը կոչ է անում ՀՀ լրատվամիջոցներին եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին` չտրվել սադրական ապատեղեկատվության, միաժամանակ մի անգամ եւս հավաստում է իր հետեւողական պահանջը` Գարեգին Բ-ի անհամատեղելիությունը ի հայրենիս եւ ի սփյուռս աշխարհի հայ ժողովրդի ջախջախիչ մեծամասնության կամքի հետ, հետեւաբար` րոպե առաջ նրա հեռացումը բռնազավթած գահից:
Հ.Գ. Դիմում ենք ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությանը և պահանջում հերքում տալ դեռեւս ՀՀԿ-ի մնացորդ գարեգինյան կլանին ծառայություն մատուցող՝ Վաղարշապատի ՀՀ Ոստիկանության բաժնի կողմից տրված կեղծ ու զրպարտիչ տեղեկատվության համար:

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժում
Երեւան, 31 հոկտեմբերի 2018
Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր