Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.07, EUR 542.91, RUB 7.61, GBP 608.65
+32 °C, +22 °C ... +34 °C Վաղը`+31 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Մորեգույն երկինք
23:17, 05.04.2019


Հին սիրային հուշերը նման են ամառային անսպասելի կայծակին, որոտին, որ պայթում են անհարմար ժամանակ ու անհարմար տեղում:

Հետո հանգչում, թողնելով գերհաճելի վայրկյանների հիշողություն…

Երևանյան երկինքը օգոստոսի վերջին օրերին մորեգույն է լինում:


Հաղթանակի զբոսայգու մոտ եմ:

Վարելով մեքենան նայում եմ երկնքին ու ցանկանում իջնել, կանգնել ու ավելի երկար նայել:

Ցանկություն կա նաև նրան ձեռքով ողջունել, բայց ամաչում եմ մարդկանցից:

Առավոտյան ութն անց է կես ու մարդ չկա, բայց…

Ինչևէ:

Միևնույն է խանգարում է վարելուն: Ավելի լավ է իջնեմ ու ձևացնեմ թե մեքենան փչացել է, այդպես հեշտ կլինի:

Նայում եմ մորեգույն երկնքին ու տեսնում թե նա գուշակ գնչուհու նման ինչպես է խառնում ամպ-խաղաքարտերը՝իմ կյանքից հատվածները և չգիտեմ թե պահի տակ ինչ հատված կգցի ինձ:

«Տեսնում ես, սա խաչի աղջիկն է, հիշու՞մ ես…»

«Սա սրտի աղջիկն է, չես մոռացել չէ՞…»

«Սա ագուռի աղջիկը, հը, չէ՞ր անցնում մտքովդ, որ մի օր կգա քո առաջ»:

«Սա ագռավի իննանոցն է, մահվան նշան է, հակառակ կողմի դարձվածը՝ հարազատի կո­րուստ: Սա ի՞նչ նորություն է քո կյանքում, որ չգիտեմ նույնիսկ ես: Մի հավատա»:

Հետո բղավեց.

«Շրջվիր արագ, ի՞նչ ես քարացել: »

Կողքս մի կին էր ու դեպի նա արագ սլացող մի մեքենա:

Հասցրեցի կնոջը քաշել դեպի ինձ:

Մեքենան մի հինգ սանտիմետրի վրա հեռացավ, իսկ ես հենված մնացի իմ մեքենային՝ նա էլ իմ գրկում:


Կոպերս մոռացած աշխարհի ցավերն ու տագնապները իրենցով էին արել մի հրճվանք ու չէին ուզում բացվել:

Սրտիս մեջ թպրտում էր հավերժի կրակով լցված մի լույս:

Ես զգում էի Լույսի համը:

Շուրթերիս՝ սառը ձյան հետ պայքարի ելած ու գլուխը ցցած ձնծաղիկ էր:

Գրկումս, որ թաց էր արցունքներից, կարծես կրակ էր, ՝այրվում էին իմ կույս երազները:

Պարզ լսեցի տիեզերքի ձայնը, տարօրինակ խորթ ու դուրեկան, որն իմ գրկում շշնջաց

«Մեղա՜»:


Սթափվեցի երբ մեքենայիս զուգահեռ կանգնեց ավտոտեսուչի մեքենա:

- Տեղ եք գտել համբուրվելու՞, արագացրու, շարժվիր, թատրոն ես սարքել փողոցում, այ քեզ բա՜ն:

Դիմացի մայթում կանգնել էին մի խումբ անցորդներ, որոնք արդեն չէին ուզում շտապել աշխատանքի ու նայում էին:

Զգույշ հրեցի գրկիցս աչքերը փակ կնոջը:

Նա էլ սթափվեց իմ հրելուց, բացեց աչքերը:

- Ես նայում էի մորեգույն երկնքին, չհասկացա թե ինչպես…

Թողնել գնալ, արդեն չէր լինի, նայողներն ավելանում էին:

- Նստեք մեքենան, բոլորը մեզ են նայում:


Նայեցի երկնքին:

Մորեգույն երկինքը ինձ ձեռքով հրաժեշտի նշան էր անում՝ կամաց-կամաց գույնը փոխելով սովորական երկնագույնի:



- Ո՞ր կողմ եք գնում, ես իջնում եմ Հերացու փողոց:

- Միևնույն է, ի՞նչ տարբերություն…

Ես չհասկացա, նրան ուշադիր նայել էլ չեմ կարող, հարկավոր է արագ հեռանալ:

- Ինձ կներեք հա՞, լավ չստացվեց, -ասաց կինը:

- Ձեր անունն ի՞նչ է:

- Չգիտեմ, չեմ հիշում, ես նայում էի երկնքին, երբևէ տեսե՞լ եք մորեգույն երկինք:

Վարորդների կողմից չսիրված, բայց այս անգամ լուսաֆորի փրկարար կարմիր լույս, որն ինձ հնարավորություն է տալիս ավելի ուշադիր նայելու նրան:

Նայում եմ:

Նստած է մտախոհ, ինչ որ բան է տանջում:

- Ես այստեղից ձախ եմ գնալու, Ձեզ ու՞ր…

- Ես ուզում եմ տեսնել քարե արցունքներ, դա Նորավանքի մոտ է: Ինձ կտանե՞ս այնտեղ: Տուն չեմ ուզում:

- Դու այլ մոլորակի՞ց ես, - կատակեցի:

- Այո, այնտեղ թողել եմ ամուսնուս, երկու աղջիկներիս ու եկել եմ…Սպիտակ թղթի վրա նկարել եմ սպիտակ ծաղիկ, որ նվիրեմ քեզ: Նկարել եմ հեքիաթ: Նկարել եմ լեգենդ:


Քարե արցունքնե՞ր, չեմ հանդիպել: Միգուցե քար սրտերով մարդկանց արցունքներն են:

Չեմ հասկանում:

Տարօրինակ բան զգացի նրա խոսքերում, տեսքից խնամված է, կոկիկ: Կապույտ վերնազգեստով և սև շալվարով: Պայուսակ չունի:

Դարչնագույն բարակ քսված շրթներկը ընդգծում է նուրբ շրթունքների գծերը:


- Որտեղ եք ապրու՞մ, որ փողոցու՞մ:

- Չգիտեմ փողոցի անունը, այնտեղ քիմ. մաքրում կա, աղջիկներիս շորերը այնտեղ են: Հիմա ի՞նչ են անում առանց ինձ:

- Զանգիր: Հարցրու:

- Հեռախոս չունեմ, հայրս վերցրել է: Համ էլ չեմ կարող, դու կզանգե՞ս, կասե՞ս որ գնում ենք քարե արցունքներ նայելու: Չէ՞:


Մեքենան կանգնեցրի փողոցի աջ կողմում:

Հանեցի հեռախոսս ու մեկնեցի ինձ նայող բաց կանաչ աչքերին:

Առանց հայացքը թեքելու, շալվարի ետևի գրպանից հանեց ու ինձ մեկնեց մի այցեքարտ:

Տղամարդու անուն ազգանուն է, ըստ գրվածի ոսկերիչ գնահատող:

- Բարև ձեզ, ես…

- Կարո՞ղ է Սուսաննան ձեզ հետ է, խնդրում եմ իրեն չհակաճառեք, որտե՞ղ եք:

- Խանջյան-Թումանյան խաչմերուկում, նա հիվա՞նդ է:

- Ես հիմա կգամ, հայրն եմ, դուք սպասեք նրա հետ, լա՞վ, մենակ չթողնեք, ես կվարձատրեմ:

- Ասացեք հասցեն, ես ինքս կբերեմ, մեքենայով եմ…


Երկինքը նորից կամաց կամաց փոխում էր գույնը, հիմա վարդագույն էր:

Վարդագույն ամպերը հավաքվեցին, մի պտույտ արեցին առանցքների շուրջն ու սկսեցին սևանալ:

- Տուն եմ ուզում, տուն, ինձ տուն տար, - սկսեց արմունկները ծալած ձեռքերով հարվածել:

- Աղջիկներս կմնան անձրևի տակ:

Այդպես մեքենա վարել չէի կարող: Հանգստացնել է պետք նրան:

Հարվածեցի դեմքին:

Ինձ հանգիստ թողեց ու ձեռքերով երեսը բռնած սկսեց արտասվել:

- Դու ինձ երբե՛ք, երբե՛ք չես ապտակել, իսկ այսօր ինչու՞ …, - հեծկլտում էր:


Անձրևեց:

Ամողջ ճանապարհին լուռ արտասվում էր:

Երբ հասանք տան մոտ, մի սպիտակահեր մարդ կանգնած էր փողոցում, անհանգիստ կանգնելուց հասկացա, որ նա է սպասում մեզ:

Մոտեցավ մեքենային: Կինն իջավ ու փաթաթվեց նրան:

Իջա մեքենայից ու անօգնական նայում եմ:

Ամառային անձրևը մաղում էր:

Ամեն մի կաթիլ դաղում էր մարմիս, ծակում, վառում, ստիպում բարձրաացնել գլուխս ու նայել երկնքին:

Նայեցի:

Մի մեծ սև ամպ խոժոռ նայեց ու…

«Իզուր ապտակեցիր, դու խիղճ չունե՞ս…»

- Ինչու՞ ես լալիս, Սուս ջան, քանի~ անգամ եմ ասել մենակ դուրս չգաս:

- Անձրևից վախեցա, -ասաց աղջիկը, նայեց ինձ ու ավելի ամուր փաթաթվեց հայրական պարանոցին:


Չկարողացա հրաժարվել վերև բարձրանալու հրավերից:

Երեք հարկ նրանց ետևից բարձրանում էի մեղավոր քայլերով :

Սուսաննան հանգստացել էր ու խռովկան երեխայի նման կուչ եկել բազկաթոռի մեջ:

- Միգուցե պատշգամբու՞մ խմենք սուրճը, մաքուր օդ է և կարծես կտրվեց անիծվածը:

Մնացինք երկուսով:

Մոռացել էի, որ աշխատանքի եմ, չէի կարող այլ կերպ:

Հայրը կիսաձայն խոսում էր:


«…Չորս ամիս առաջ Կիրովականից, հարսանիքից գալուց, թոռներիցս մեկը ձեռքի տիկնիկով ետևից կատակով հարվածել էր ղեկին նստած փեսայիս գլխին: Անձրևոտ եղանակ էր:

Փեսաս էլ՝ Սուսաննայի ամուսինը մի քիչ գինովցած, հանկարծակի եկած չէր կարողացել պահել ղեկը ու շուռ էին եկել ընտանիքով ձորը…

Միայն աղջիկս կենդանի մնաց, այն էլ այս վիճակում …միայն ինձ է ճանաչում և մեքենան, ձեր մեքենան նույն մակնիշի է, նույն գույնի, ինչ որ մեր նախկին մեքենան:

Երբ դուրս է գալիս փողոց վազում է նման մեքենաների հետևից ու կանչում…ամուսնուն, աղջիկներին»:

Հայրն արտասվում էր:


Անձրևը ամառային էր ու դադարեց այնպես արագ ինչպես որ սկսվել էր:

Երկինքը պարզ:

Օգոստոս է:

Ամռան վերջին օրերը:

Երկինքը նորից փոխում էր գույնը:

Մորեգույնն ինչ հաճելի գույն է, որ մինչ այդ ուշադրություն չէի դարձրել:

Պատշգամբ անձայն քայլերով մտավ Սուսաննան՝ հայացքը երկնքին:

Ժպտում էր:


- Ես պետք է գնամ, առանց այդ էլ ուշացա աշխատանքից:

- Անհարմար եմ զգում, բայց ես Ձեզ պետք է…դե ինչքա՞ն, ասեք ինքներդ…

Նայեցի երկար:

Այդ դժբախտ մարդուն ոչինչով չէի կարող մխիթարել:

Սիրտը քարի՞ց էր:

Անհարմար վիճակում էր:

- Կուղեկցեմ Ձեզ, միևնույն է աղբը պետք է թափեմ, գլխիցս թռել էր:

- Հարկավոր չէ, ուզու՞մ եք տվեք ես կգցեմ:

- Ի՞նչ եք ասում, առանց այն էլ…

Բակում հրաժեշտ տվեցի այդ մարդուն ու նայեցի երկնքին:

Սուսաննայի հայրը հակառակ ուղղությամբ մոտենում էր աղբարկղերին:


Նայում եմ մորեգույն երկնքին ու տեսնում, թե նա գուշակ գնչուհու նման ինչպես է խառնում ամպ-խաղաքարտերը՝իմ կյանքից հատվածները և չգիտեմ թե պահի տակ ինչ հատված կգցի ինձ:

«Տեսնում ե՞ս, սա խաչի աղջիկն է, հիշու՞մ ես…»

«Սա սրտի աղջիկն է, չե՞ս մոռացել չէ՞…»

«Սա ագուռի աղջիկը, հը՞, չէ՞ր անցնում մտքովդ, որ մի օր կգա քո առաջ: »

«Սա ագռավի իննանոցն է, մահվան նշան է, հակառակ կողմի դարձվածը՝ հարազատի կո­րուստ: Սա ի՞նչ նորություն է քո կյանքում, որ չգիտեմ նույնիսկ ես: Մի հավատա:

Հետո բղավեց.

«Շրջվիր արագ ինչ ես քարացել»:


Շրջվեցի:

Պատշգամբի բազրիքին կանգնած էր Սուսաննան, հայացքը երկնքին, ձեռքերը պարզած առաջ:

Պարզ լսեցի տիեզերքի կանչող ձայնը, տարօրինակ խորթ ու համոզիչ.

«Արի~»:

Կանչող ձայնն արձագանքվում էր բակում, բայց չգիտես ինչու հայրը չէր լսում:

Ձեռքս մեկնեցի, որ ետ քաշեմ նրան, բայց այս անգամ հեռու էի…


* * *

Տարիներ են անցել:

Ամեն անգամ, երբ նայում եմ ձեռքիս, որով ապտակել էի, այն դժբախտ, հիվանդ ու անմեղ կնոջը, ինձ ամեն անգամ թվում է թե ձեռքս մորեգույն է, թաթախված հարազատ մարդու արյունով:


Երևանյան երկինքը օգոստոսի վերջին օրերին մորեգույն է լինում ու շատ արագ գույնը փոխում սևի:



Ս.Ումառ-Հարությունյան

Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Ստեփան Ումառ-Հարությունյան
09:21, 26.06.2019
12:02, 23.06.2019
11:04, 17.06.2019
08:26, 15.06.2019
14:17, 06.06.2019
14:05, 05.06.2019
08:58, 05.06.2019
08:39, 03.06.2019
դեպի վեր