Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.34, EUR 530.17, RUB 7.45, GBP 614.19
+14 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Սպանիչ ստերի տոպրակ Փավստոս Բուզանդը
20:16, 01.06.2019

Այս հեքիաթասացը ջանացել է Հռոմի և Պարսկաստանի միջև ընթացող պատերազմներն այնպես ներկայացնել, որ ընթերցողի մեջ համոզմունք ձևավորվի, թե այդ հակամարտության մեջ վճռորոշ ուժը Հայաստանն է եղել:

Շապուհը խնդրում է Արշակ թագավորին, որ իրեն օգնի, և Արշակը հայոց զորքով, որի հրամանատարը Վասակ Մամիկոնյանն էր, գնում է պատերազմի վայր, որտեղ արդեն բանակել էին հույները (հռոմեացիները), իսկ պարսիկները դեռ չէին եկել: Առանց պարսիկներին սպասելու (օ՜ ինքնավստահություն) հարձակվում են հույների բանակի վրա, մինչև վերջին մարդը կոտորում են: Կոտորածից հետո գալիս է Շապուհը, տեսնում է, որ առանց իր օգնության հայերը կատարյալ հաղթանակ են տարել և կամենում է վարձատրել հայոց մեծամեծներին: Նա նաև որոշում է իր դստերը կնության տալ Արշակին ու որպես օժիտ Պարսկաստանի տարածքից հսկայական հատվածներ նվիրել Հայաստանին: Քանի որ Արշակն ամուսնացած էր Փառանձեմի հետ, նրա հայրը՝ Անդոկը, զգալով, որ Շապուհի դստեր հետ Արշակի նոր ամուսնությամբ իր աղջկա դերը կնսեմանա, կաշառում է պարսից և հայոց շատ մեծամեծների, և այդ կաշառվածները գալիս են Արշակի մոտ ու որպես գաղտնիք հայտնում, թե Շապուհը մտադիր է նրան սպանել: Եվ հունաց բանակին մի քանի օր առաջ ոչնչացրած Արշակը, որի բանակն այնուհետև 30 տարի շարունակ տասնյակ միլիոններով պարսից զորքեր էր ջարդել, մեկ էլ չգիտես ինչ է պատահում, որ ուրիշ ելք չգտնելով, գիշերը վրաններն ու ամբողջ կահավորանքը թողնում է ու փախչում Շապուհից: Շապուհը մարդ է ուղարկում Արշակի հետևից, առաջարկում է վերադառնալ, բայց Արշակը չի լսում ու, իբր, այս պատճառով էլ ծագում է երեսունչորսամյա պատերազմ: Այս պատերազմի ընթացքում պարսից զորքերը, Մեհրուժան Արծրունու առաջնորդությամբ, անթիվ-անհամար զորքերով, երբեմն չորս միլիոնանոց բանակով, գալիս են Հայաստանի վրա, բայց հայերը նրանց բոլորին՝ մինչև վերջին մարդը, կոտորում են, և ամեն պարտությունից հետո միայն դավաճան Մեհրուժանը մի ձիով փախչում է: Հետո, ի վերջո, ըստ Փավստոսի, հայոց նախարարները հոգնում են պարսիկ կոտորելուց և հրաժարվում են կռվել: Այդ ժամանակ Շապուհը նամակով Արշակին իր մոտ է կանչում: Արշակն ակամա գնում է: Այս հեքիաթի առավել հեքիաթացված մասը (քաջություն տվող հայրենի հողի ու ջրի մասին զրույցը), կարծում եմ, գիտեք:

Հիմա անդրադառնամ Փավստոսի գրվածքի, ըստ իս, ամենաանհեթեթ հատվածին՝ անկողնուն գամված մահամերձ Մանուել սպարապետի արարքին ու այդ արարքի առավել տգեղ ու անհավատալի մանրամասնին, որոնք այս առասպելագիրը «ներկայացրել է» (բառը չակերտավորել եմ, որովհետև անհավատալի բան է պատմում, կամ այդ Մանուելը մի լպիրշ, անպատկառ կամ խելագար անձնավորություն է եղել, կամ էլ պատմածը ծայրից ծայր սուտ է) ՝ ցույց տալու համար, թե ինչպիսի հայրենանվեր ու աստվածապաշտ անձնավորություն է եղել իր գովերգած սպարապետը:

«Սրանից հետո, երբ նա հիվանդ պառկած էր անկողնում, և բոլորը հավաքված էին նրա շուրջը, այնտեղ էին և՛ Արշակ թագավորը, և Վարդանդուխտը՝ թագավորի կինը, և՛ հայոց բոլոր ավագները, մեծամեծներն ու նախարարները, առհասարակ բոլոր երևելի մարդիկ՝ տղամարդ, թե կին, ապա Մանուելը բոլորի առաջ բացեց իր բոլոր անդամները, մերկացավ և ցույց տվեց, որ իր մարմնի վրա մի դրամի մեծության չափ ողջ տեղ չէր մնացել, այլ խոցված էր պատերազմների մեջ, հենց նրա առնի անդամի վրա հիսուն սպի կար վերքերից, մինչև անգամ այս բանալով ցույց է տալիս ամենքին»:

Պատկերացնու՞ւմ եք այդ անձնավորության անպատկառության աստիճանը, որ համարձակվել է թագավորի, թագուհու ու այլ ազնվազարմ կանանց ներկայությամբ ցուցադրել ոչ միայն իր մերկ մարմինը, այլև առնանդամը:

Ուղղակի նողկալի է, եթե դա ճշմարիտ է:

Հիմա դառնամ երևույթի ոչ թե բարոյական կողմին, այլ իրականությանը դույզն-ինչ աղերս ունենալու հավանականությանը: Պատկերացնո՞ւմ եք, որ մեկը, գուցեև ինքը՝ Փավստոսը, սկսել է հաշվել Մանվելի սեռական անդամի վերքերի սպիները, հաշվել է, հաշվել ու հիսուն սպի է հայտնաբերել: Թե ինչպես են թշնամիներն այդ փոքրիկ անդամը սրով կամ նետով հիսուն անգամ վիրավորել, կամ այդ անդամի ամբողջ մակերեսին արդյո՞ք հիսուն սպիի «տեղ կլինի», ամենավառ երևակայություն ունենալու դեպքում անգամ դժվար է պատկերացնել:

Եթե միլիոնավոր պարսիկ զինվորների կոտորող հայոց բանակի աներևակայելի հզորությունը եկեղեցու այս սպասավորը կարող էր Աստծո հովանավորությամբ հիմնավորել, ապա Մանուելի մարմնի աճուկային մասում գտնվող զրահապատ անդամը հիսուն անգամ վիրավորելը ոչ միայն անհնարին է, այլև զավեշտալի է ու անպատվաբեր: Այդ կերպ չեն մարդուն արհեստականորեն հերոսացնում: Սուտն էլ պետք է չափ ու սահման ունենա:

Մամուլի խոսնակ` Համլետ Մելիքյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Համլետ Մելիքյան
17:21, 09.10.2019
13:40, 08.10.2019
22:21, 06.10.2019
դեպի վեր