Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.91, EUR 533.66, RUB 6.83, GBP 597.53
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Սովորի´ր սպանել
12:50, 09.05.2020

…Ես ուղարկված եմ սրով: Իմ վարդապետության քարոզիչները ո´չ փաստերի
թող դիմեն, ո´չ համոզման, այլ սրով կոտորեն այն մարդկանց, որոնք չեն հնազանդվի Իսլամի օրենքներին: Ճշմարիտ հավատի համար մարտնչողը թե´ հաղթելու, և թե´ սպանելու դեպքում փառավոր վարձատրություն կստանա:
Սուրը երկնքի բանալին է:
«Ղուրան»

1990 թվական:
Դաշտային ուղեկալներիի բոլոր պետերի այսպես կոչված «կաբինետները» միանման են:
Փոքր, կոկիկ, հատակը` դիզելային յուղով լվացած (մոծակների դեմ):
Գարիկը՝ մայոր Ղուկասյանը, տեղավորվեց կիսաքանդ բազկաթոռի մեջ:
- Զինվո՜ր:
Ներս մտավ կարճափող ինքնաձիգը ուսից կախած մի զինվոր:
- Արթիկցի Լյովին ասա´, գա:
- Լսու՜մ եմ:
«Գժվեցրին սրանք, հենց ոտս քաշում եմ մի բան անում են: Փորձանք են, ա~յ մարդ»:
Ներս մտավ կապուտաչյա մի զինվոր:
- Պարո´ն…
- Էդ «Բելառուս» -ը որտեղի՞ց է հայտնվել ուղեկալում:
Շատ լավ գիտեր, որ Արթիկցի Լյով մականունով զինվորը՝ Լևոն Մուրադյանը, մի քանի գյուղ այն կողմ` թուրքի մի գյուղում` այգիների մեջ հայտնաբերել էր մի տրակտոր, օրերով վերանորոգել իր ուժերով ու քշել բերել ուղեկալ:
Ուղեկալի միակ ենթասպան իրեն արդեն զեկուցել էր:
- Ասի` տղերքը մեղք են, ձեռով են փորում, ես էլ տրակտորով կքանդեմ:
Հեսա կովշն էլ դնեմ, կլնի թամամ:
- Արա՜, փոխանակ տանկ գողանաք, տրակտո՞ր եք գողանում: Լավ, գնա´: Ուղեկալից ռա´դ արա, պատի էն կողմը կանգնեցրո´ւ:
- Մայո´ր ջան, մի բան ասեմ: Մի երկու հարյուր մետր այն կողմ մի քանդած մատուռ կա, հայկական է: Մի քիչ սարքենք, երկու ռելսի կտոր կախենք, թելով կապենք, կլինի զանգ: Էդ էլ թո´ղ մեր եկեղեցին լինի:
- Պապադ տերտե՞ր ա:
- Չէ՜, մեր գյուղում տրակտորիստ:
- Գնա՜, աչքիս չերևա´ս:

* * *
1090 թվական:
…Սյունիքի երկրորդ հոգևոր դպրոցի` Վահանավանքի հիմնադրումից անցել էր ինը տասնամյակ, բայց բարեփոխիչները շարունակում, գեղեցկացնում էին նոր կառույցներով:
Կամարների կառուցմանը մասնակցում էին սրբակրոն եկեղեցականներն ու քրձական աշակերտները:
Սենեքերիմ արքան դիտում էր այդ ամենը, տապակվում չոր, խառնիխուռն մտքերի մեջ:
Մի պահ պատկերացրեց հանկարծահաս ոսոխին ու փլատակների վերածված վանքերն ու հոյակերտ բերդերը:
Հետո նայելով Շահանդուխտ թագուհուն՝ ամաչեց իր մտքերի համար:
Ծանր ու թեթև արեց ժամանակի կշռաքարերը ու նախազգացումով տեսավ անխուսափելի ճակատամարտը:
Սելջուկյան ցեղերը համախմբված էին Սունջուկի Շերիֆ դրոշի ներքո:
Կապրի նա, ով ուժեղ է:

* * *
1990 թվական:
Երկաթն արծաթաձայն չէր, բայց հնչողության խորհրդավորությամբ նման էր եկեղեցական զանգերին:
«Զանգը» միշտ ղողանջում էր առավոտյան և երեկոյան նույն ժամերին:
Ե´վ առավոտյան, և´ երեկոյան զանգերից հետո լսվում էին օրվա հերթապահի սովորական դարձած ընդհանուր հրամանները:
Երեկո էր:
- Ուղեկա´լ, շարվի´ր ընթրիքի:
Ուղեկալի շենքի հետևի կողմից` բակում նստած են սպաներ, զինվորներ:
- Այսօր ի՞նչ ես եփել, Համո´:
- Կրիայից ապուր է, պարո´ն մայոր, սովորել ենք արդեն:
- Ոչի´նչ, մթերքը երկու օրից կլինի:
Սեղանին, որն արևից պաշտպանված էր պաղպաղակ վաճառողների մեծ հովանոցով, մոտեցավ հետախույզ Արթուրը:
- Գարի´կ, դռան մոտ մի գնդապետ է: Կատաղեց, երբ զինվորը ներս չթողեց: Քեզ է ուզում:
Մի քիչ հարբած է:
- Է~, էլի հարամվեց ճաշս…
Հեռվից տեսավ անգլխադիր գնդապետին: Ծխում էր:
- Արի´, արի´, մայո´ր: Էս ի՞նչ բերդ ես սարքել, մտնել չի լինում: Բարև´, - մեկնեց ձեռքը:
- Բարև´, դե´, կարգ է, այդպես է ընդունված:
Սեղմեց ձեռքը: Օղու հոտ էր գալիս բերանից:
Քիչ հեռու կողապակիների փոխարեն երկաթյա ճաղերով զոդված մի «Գազել» էր կանգնած:
Մեքենայից իջան մի կապիտան ու մոտ 10-12 տարեկան մի տղա` նման գնդապետին:
- Կարո՞ղ ենք ներս գալ: Համ կարգին կծանոթանանք, մի-մի բաժակ կխմենք իրար հետ, համ էլ գործ կա:
- Իհարկե´, համեցեք: Ձե՞ր տղան է:
- Դե լավ, դու-ով խոսիր, ի՞նչ ես ընկել…. Այո´, տղաս է, հերոս է, - ծիծաղեց:
- Վարդա´ն, մեքենայից չիջնես, -բղավեց «Գազելի» վարորդին, որը գլխով արեց:
Մոտեցան սեղանին:
- Կրիայից ճաշով կարող ենք հյուրասիրել, ուրիշ բան չկա: Մի երկու օրից կբերեն:
- Բա խի՞ չես ասում, օգնենք: Ես Ղափանի բրիգադից եմ, մի երկու կիլոմետրի վրա: Երբ կապնվես, ինչ ուզես, կուղարկեմ: Բա տենց հարևանություն են անո՞ւմ:
Հյուր կապիտանը գրպանից հանեց օղու շիշը:
- Համո´, բաժակներ էլ բեր:
Մայորին դուր չեկավ, բայց, դե, չցանկացավ խախտել դրությունը:
Զինվորները կամաց-կամաց հեռանում էին ընթրելուց հետո:
- Ուրեմն, մայո´ր ջան, - բաժակը բարձրացրեց գնդապետը, - այս տեղանքից ինձ օպերատիվ անհրաժեշտ է Արաքսի խորությունը, օրը երկու անգամ: Ես գիտեմ, որ ուրիշ գնդերին հաղորդում եք: Սա էլ մեր հաճախությունները՝ ռադիոհաղորդման համար: Մինչև ուղարկեմ կենտրոն, մինչև գա, ուշ կլինի: Հարևանաբար` ինձ էլ հաղորդիր, լա՞վ:
Հենց Արաքսի ջուրն իջեցնում են, շան ծնունդներն անցնում են այս կողմ: Այսօր էլ երկու հոգու բռնեցինք:
- Շա´տ լավ, հիմա կփոխանցեմ կապավորիս: Ես գիտեմ այդ մասին:
Խմեցին:
Հետո` էլի~, էլի~:
- Ուրեմն ճակատի հետ գործ չունեք, հա՞, Գարի´կ ջան: Բա, որ գնաս տուն, էրեխեքդ հարցնեն քանի թուրք ես սպանել, ի՞նչ ես ասելու: Խաբելո՞ւ ես: Սրանք էլ քո նմա՞ն, - ձեռքով ցույց տվեց սեղանի շուրջ նստած սահմանապահ սպաներին:
Շուռ եկավ դեպի կապիտանը:
- Գնա´, դրանց բե´ր, թո´ղ իմ նվերը լինի:
Կապիտանը դուրս եկավ: Քիչ հետո վերադարձավ ձեռքերը կապած երկու ազեր զինվորների հետ:
Կապիտանը ոտքի հարվածներով նրանց կանգնեցրեց քիչ հեռու` նոր զուգարանի համար փորված փոսի մոտ: Պարանով կապեց կիսախարխուլ ցանկապատից:
- Ձեզ նվեր, տղե´րք ջան, սատկացրեք:
Մայորը, ինչպես նաև մնացած սպաները, զարմացած նայում էին հարբած գնդապետին:
- Անզեն մարդու վրա կրակե՞նք:
- Ես եմ զինաթափել, ի՞նչ անզեն: Դու, որ իրեց ձեռքն ընկնեի~ր…
- Ավելի լավ չէ՞, Մայի´ս ջան, -մայորը դիմեց գնդապետին, - հանձնի´ր, կփոխանակեն մեր գերիների հետ: Մենք չենք կարող:
Մայորը նայեց մյուս սպաներին: Նրանք գլուխները կախել էին:
- Ռազմի´կ, արի´ այստեղ, - գնդապետը իր տղային էր կանչում:
Տղան մոտեցավ:
- Ա´ռ, սատկացրո´ւ էս շներին, - ատրճանակը դրեց տղայի ձեռքը:
Տղան ձեռքն իջեցրեց:
Հայրը կատաղեց:
- Քեզ կսպանեմ, որ դրանց չկրակես, հասկացա՞ր: Դու իմ տղան չե՞ս:
Տղայի շալվարը վախից թրջվեց: Լաց էր լինում:
Զինվորները հեռվից նայում էին:
- Լա´վ, Մայի´ս, վերջացրո´ւ, հանգստացի´ր: Չե՞ս տեսնում տղայի վիճակը:
Թուրք զինվորները անհասկանալի հայացքով նայում էին ու անհասկանալի էր` վա՞խն էր չոքել նրանց ուղեղում, թե՞ շրջապատի անորոշությունը:
- Արա´, դու՞ք եք սրանց դեմն առնելու, ձեր հայ ասողի…
Գնդապետը մի քանի քայլ մոտեցավ գերիներին:
- Լրբի ծնունդնե´ր, չոքե´ք, այսօր ձեր աստվածը ես եմ: Խնդրե´ք, բաց կթողնեմ, - ռուսերենով դիմեց արդեն մի քիչ հանգստացած գնդապետը:
Գերիներից մեկը ծնկի իջավ:
Ինչ-որ բան էր ասում իր լեզվով` գլուխն անընդհատ խփելով գետնին:
Մյուսը կանգնած էր ու վայրի գազանի` գայլային աչքերով մեկ նայում էր դեռ լաց լինող տղային, մեկ` գնդապետին:
Հետո արհամարական ժպիտով նայեց մայորի կողմն ու թքեց գետնին:
- Գնա´, ազա´տ ես, - չոքած գերուն դիմեց գնդապետն ու ցույց տվեց ցանկապատի վրա բացված տեղը` դեպի Արաքս գետ տանող արահետը: Կապիտանը պարանն անջատեց ցանկապատից:
Գերին վեր թռավ ու վազեց դեպի գնդապետի ցույց տված ուղղությամբ:
Գնդապետը մոտեցավ, իր տղայի ձեռքից խլեց ատրճանակն ու նշան բռնեց վազող գերուն, որն անընդհատ հետ ետ էր նայում` համոզվելու, որ ազատ է:
Կրակոցը հնչելու պահին տղան կախվեց հոր ձեռքից:
- Պա´պ, խնդրո~ւմ եմ:
Գնդակը գերուն տապալեց:
Բոլորը, բացի մյուս գերուց, շունչները պահած նայում էին հեռվում գետնին ընկած գերուն:
Գերին բարձրացավ: Աջ ուսն արյունոտ էր: Շարունակեց վազել դեպի փրկությունը` դեպի Արաքս գետ:
Անսպասելիությունից, թե կրակոցից ասես խլացած` չլսեցին տրակտորի շարժիչի հռնդյունը:
Մյուս ազեր զինվորը, որը գնդակից չէր վախեցել, սարսափահար նայում էր դեպի ուղեկալ մտնող երկաթե հրեշը:

* * *
1090 թվական:
-…Եթե վաղը սելջուկն այս հոյակապ կառույցն ավերի, քո վանականներից ոչ մեկը ձեռքը չի մեկնի զենքի, թեկուզ իր անձը պաշտպանելու համար:
- Աստվա´ծ իմ, ինչե՞ր ես խոսում, արքա´:
- Ուզո՞ւմ ես հաստատեմ իմ ասածների ճշմարտությունը, Բաղա´ց եպիսկոպոս, մոտենա´նք շինարարներին:
Արքան մոտեցավ մի վանական աշակերտի, որը Կտակարանը սեղմած կրծքին հիացմունքով դիտում էր վանքի նոր կառուցվող կամարը:
- Եթե վաղը սելջուկը հարձակվի վանքի վրա ու հրի մատնի մեր բոլոր կտակարանները, դու ի՞նչ կանես:
- Ես նրան կանիծեմ, - երկար մտածելուց հետո պատասխանեց աշակերտը:
- Ի՞սկ եթե սուր քաշի քո վրա…
- Աստված կօգնի ինձ:
- Միամի´տ գառնուկ, - ասաց արքան ու մոտեցավ որմնադիր աշակերտին:
- Եթե վաղը սելջուկը հարձակվի ու քո աչքի առաջ ավերի այս գեղեցիկ կամարները, դու ի՞նչ կանես:
- Ես այս որձաքարով կջախջախեմ իմ պատիվն անարգողի գանգը, արքա´:
- Ապրե´ս, տղա´ս, -արքան համբուրեց նրա քրտնած ճակատը, - Գրիգոր եպիսկոպոսն ինձ ասելիք չունի՞…
- Ոչ…

* * *
1990 թվական:
Ուշքի եկան այն ժամանակ, երբ տրակտորի միջից արթիկցի Լյովը գոռում էր` «Հեռո~ւ», ու տրակտորը քշում էր դեպի հավաքվածները:
Փախան տրակտորի դիմացից:
Երկաթե ձին վայրի հռնդյունով մոտեցավ ու տակով արեց ազեր գերուն:
Հետո իր ահռելի՝ երկաթյա ձայնով բղավեց.

- Դո՞ւք եք սրանց դեմ առնելու: Ձեր հա´յ ասողի…
Տեղում պտույտ կատարեց ու սկսեց արնաշաղախ հողը մարմնի մնացած կտորների հետ լցնել նոր սարքվող զուգարանի փոսը:
Երեկո էր:
Վայրի լռության մեջ դեռ լսվում էր տրակտորի աշխատող շարժիչի ձայնը, որը խլացնում էր մատուռից եկող զանգի ձայները:

Ս.Ումառ-Հարությունյան


Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Ստեփան Ումառ-Հարությունյան
10:43, 21.05.2020
13:20, 13.05.2020
09:25, 10.05.2020
09:42, 19.04.2020
11:55, 02.03.2020
15:50, 25.02.2020
դեպի վեր