ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Ջրհեղեղի մասին հինկտակարանային առասպելը (3)
16:32, 25.12.2020
4063 | 0

Աստվածաբանները չեն ասում, թե կենդանական աշխարհի բոլոր «արժանավոր» զույգերին պատսպարած տապանում Նոյն ու իր ընտանիքի յոթ անդամներն ինչպես են 393 օր կերակրել ու ջրով ապահովել, դրանց փարախները մաքրել: Գիշատիչների համար որքա՞ն միս է հարկավոր եղել:

Երբ կենդանիներն ու մարդիկ հարմար տեղավորվել են, Աստված անձամբ նրանց ետևից փակել է տապանը (Ծննդոց 7, 16), և ջրհեղեղն սկսվել է.

«Երկրի վրա քառասուն օր ու քառասուն գիշեր ջրհեղեղ եղավ։ Հորդացավ ջուրն ու բարձրացրեց տապանը, և տապանը կտրվեց գետնից։ Ջուրն ավելի ու ավելի վարարեց, ողողեց երկիրը, և տապանը լողաց ջրերի վրա։ Ջուրն այնքան սաստկացավ երկրի վրա, որ ծածկեց երկնքի տակ գտնվող բոլոր բարձրաբերձ լեռները։ Տասնհինգ կանգուն ավելի վեր բարձրացավ ջուրը եւ ծածկեց բոլոր լեռները» (Ծննդոց 7, 19-20):

Դժվար է պատկերացնել, թե ինչ քանակության ջուր է Աստված թափել երկրի վրա, հատկապես եթե նկատի առնենք, որ Խաղաղ օվկիանոսում գտնվող Մարիանյան իջվածքի խորությունը 11 կիլոմետրից ավելի է, իսկ աշխարի ամենաբարձր լեռնագագաթի բարձրությունը ծովի մակարդակից 8884 մետր է: «Մեռան երկրի վրա շարժվող բոլոր կենդանի էակները՝ թռչունները, անասուններն ու գազանները, երկրի վրա սողացող բոլոր սողուններն ու բոլոր մարդիկ։ Ցամաքի վրա եղած ամեն բան, որ կենդանի շունչ ուներ իր ռունգերի մէջ, ոչնչացավ։ Աստված բնաջնջեց երկրի երեսին գտնվող ամեն մի էակ՝ մարդուց մինչև անասուն, սողուններից մինչև երկնքի թռչունները։ Նրանք վերացան երկրի երեսից։ Կենդանի մնաց միայն Նոյը, նաև նրանք, որ նրա հետ տապանում էին։ Ջուրը հարյուր հիսուն օր ողողեց երկիրը (Ծննդոց 7, 21-24):

Միայն երջանիկ ձկներն են անհոգ խայտացել անծայրածիր ջրերում: Բայց քանի որ ամեն ինչն էլ վերջ ունի, բնականաբար, ջրհեղեղին ևս վերջակետ է դրվել.
«Աստված հիշեց Նոյին, նրա հետ տապանում գտնվող բոլոր գազաններին, բոլոր անասուններին ու բոլոր թռչուններին։ Աստված հողմ բարձրացրեց երկրի վրա, և անձրևը դադարեց։ Փակվեցին ստորգետնյա աղբյուրներն ու երկնքի սահանքները, դադարեց նաև երկնքից թափվող անձրևը։ Ջուրը գնալով իջնում, քաշվում էր երկրի վրայից, և հարյուր հիսուն օր անց այն նվազեց։ Յոթներորդ ամսի քսանյոթին տապանը նստեց Արարատյան լեռների վրա։ Ջուրը մինչև տասներորդ ամիսը քաշվում էր, նվազում։ Տասնմեկերորդ ամսի առաջին օրը երևացին լեռների գագաթները (Ծննդոց 8, 1-5):

Նկատեցի՞ք, թե որքան անասպասելի հրաշքներ կային այս մի քանի տողում: Նախ՝ մենք այդ «աստվածային քամու» հետ վերստին ծանոթանալու երջանկությունն ունեցանք: Այդ քամին նախասկզբնական քաոսի ավարտից հետո լրիվ պարապ էր մնացել: Որոշ աստվածաբաններ այդ քամին նույնացրել են «Աստծու Հոգու» հետ: Սկզբում, ինչպես ասված է Աստվածաշնչում, Աստծո հոգին պարզապես շրջում էր ջրերի վրա: Բայց հիմա, ջրհեղեղի ջրերը նվազեցնելու, հետ քաշելու համար Հայր Աստված արձակում է վերը հիշատակված «Սուրբ Հոգին» («Աստծու քամին»), որը Նոր կտակարանը ներկայացնում է «աստվածային աղավնու» տեսքով ու նրա վրա է դնում համաշխարհային ջրհեղեղի ջրերի վերացման գործը:

Ի դեպ, խիստ անհրաժեշտ է եղել, որ միջամտի Սուրբ Երրորդության անդամներից որևէ մեկը, այլապես ոչ մի սովորական քամի չէր ցամաքեցնի այդ ջուրը, որը, ըստ հաշվումների, տասներկու անգամ գերազանցել է Երկրագնդի բոլոր օվկիանոսներում եղած ջրի քանակությանը: Ջրհեղեղը կարելի է համարել Աստծո կատարած ամենաարտասովոր հրաշքներից մեկը, որովհետև, ստեղծելով մի անծայրածիր օվկիանոս, ընդամենը քամի փչելով՝ էականորեն ցամաքեցրել է այն: Համա՜ թե հզոր թոքեր ունի այդ «աղավնին»:

Հնարավոր չէ չնկատել նաև մյուս հրաշքը. յոթերորդ ամսի տասնյոթերորդ օրը Նոյի տապանը կանգ է առել Արարատ լեռան գագաթին, որի բարձրությունը 5156 մետր է, իսկ Արարատից շատ ավելի բարձր այնպիսի գագաթներ, ինչպիսիք են Հիմալայան լեռների 14 գագաթները (8000 մետրից ավելի) և ուրիշ լեռնագագաթներ Հարավային Ամերիկայում և Աֆրիկայում, երևացել են տասներորդ ամսի առաջին օրը միայն, այսինքն վեց շաբաթ անց: Եթե ապշեցուցիչ հրաշք չէ, ապա ի՞նչ է:

(շարունակելի)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
15:25, 07.05.2024
292 | 0
դեպի վեր