MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Tomorrow:+29 °C
Մաշա Մնջոյանը՝ նոր ծրագրերի և Սիդնեյ մշտական բնակությամբ տեղափոխվելու լուրերի մասին
16:52, 12.04.2017
3362 | 0
Life.panorama.am-ի զրուցակիցն է Մաշա Մնջոյանը: Մեզ հետ զրույցում երգչուհին պատմեց, որ օրերս Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված տեսահոլովակում է նկարահանվել.
«Վերջերս ես, Արսեն Սաֆարյանը, Եվա Եգանյանը եւ երգի հեղինակ՝ Րաֆֆի Ալթունյանը մի նախագիծ իրականցրինք. Միասին նոր երգ ձայնագրեցին ու տեսահոլովակ նկարահանեցինք, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս նախագծի մտահղացումը տեսահոլովակի ռեժիսորինն էր՝ Հարութինը. Կարծում եմ՝ շատ հետաքրքիր ու լավ գաղափար էր՝ այս թեման եւս մեկ բարձրացնել մի քանի երգիչներով», - նշեց Մաշան՝ հավելելով, որ տեսահոլովակում ներկայացված է նաեւ պատմություն, սյուժե՝ նկարագրելով 1915թ-ից մինչեւ մեր օրերը:
Մաշա Մնջոյանի համար մայիս ամիսը գերհագեցած է լինելու.
«Մայիսը համերգաշատ է լինելու: Նախատեսվում են Հայաստանով մեկ շրջագայություններ, հանդես կգամ «Եվրոպայի օրեր» նախագծի շրջանակում եւ կենդանի նվագակցությամբ ելույթ կունենամ Հայաստանի վեց քաղաքներում՝ ներկայացնելով եվրոպական մշակույթը: Կմասնակցեմ նաեւ մայիսի 22-ին կայանալիք Շարլ Ազնավուրին նվիրված համերգին: Մայիսի 9-ին Հայկ Պետրոսյանի հետ կմասնակցեմ բարեգործական համերգի: Եվ այսպես շարունակ, հերթով թվելու դեպքում երկար կլինի: Միաժամանակ, շարունակելու եմ հանդես գալ իմ բենդով երեւանյան տարբեր ակումբներում», - հավելեց Մաշան:
Երգչուհին նկատեց, որ ակումբներում հանդիսատեսը գնալով շատանում է.
«Ես ցավով պետք է նշեմ, որ մեր օրերում քիչ են համերգներ կազմակերպվում, ուստի ակումբային համերգները երգչի համար շատ շահավետ են. այդպիսով լրացվում է բեմ բարձրանալու եւ իր հանդիսատեսի առջեւ ելույթ ունենալու երգչի ներքին ցանկությունը: Պետք է ասեմ, որ ակումբում երգելը հեշտ չէ, այստեղ երգիչը փոքրիկ մենահամերգ է տալիս՝ երգելով 1.5-2 ժամ կենդանի ձայնով: Ինչ վերաբերվում է հանդիսատեսին՝ ուրախ եմ, որ ակումբասեր հասարակությունը գնալով մեծանում է, որոնք մեզ հետ միասին լավ ժամանց են անցկացնում», - նշեց նա:
Մաշա Մնջոյանն այս տարի ավարտում է Երեւանի պետական կոնսերվատորիան, երգչուհին մտադրություն ունի հետագայում ուսումը շարունակել արտերկրում.
«Իհարկե, արտերկորւմ ուսումս շարունակելը դեռեւս միայն ցանկություն է ու չգիտեմ էլ՝ արդյոք կստացվի այդ ցանկությունս իրականացնելը: Ինչեւէ, հնարավորության դեպքում կփորձեմ դրսում եւս սովորել. ինձ հետաքրքիր ու շահավետ կլինի իմ ասպարեզի համար նոր եւ եվրոպական արժեքներին համաձայն գիտելիքներ ստանալ»:
Շատերը կհիշեն, որ Մաշա Մնջոյանը նախորդ տարի մեկնեց Սիդնեյ՝ մասնակցելու այնտեղի «X-Factor» -ին: Թեեւ թղթաբանական խնդիրների պատճառով Մաշային չհաջողվեց ներկայանալ այդ մրցույթում, սակայն նա, մի քանի ամիս այնտեղ մնալով, հասցրեց սիրել այս քաղաքը: Դրանից հետո երգչուհին պարբերաբար մեկնում է Սիդնեյ, ինչը նոր խոսակցությունների առիթ է հանդիսացել. Շատերի կարծիքով՝ Մաշան որոշել է մշտական բնակությամբ մեկնել Սիդնեյ եւ նույնիսկ ամուսնանալ այնտեղ: Այս թեմայի շուրջ խոսելիս՝ երգչուհին նշեց.
«Վերջին անգամ մեկնել էի Սիդնեյ՝ մասնակցելու Արա Գեւորգյանի համերգին: Իսկապես գեղեցիկ ու բուռն համերգ էր, քանի որ Արա Գեւորգյանին այնտեղ շատ են սիրում, ես էլ շատ հետաքրքիր գործիքավորմամբ ներկայացրի «Ադանա» երգը, որը վերջին շրջանում ներկայացվում է ոչ թե որպես գործիքային ստեղծագործություն, այլ՝ երգ: Ինչ վերաբերվում է այնտեղ տեղափոխվելուն, պետք է ասեմ, որ ես իսկապես շատ եմ սիրել այդ քաղաքը եւ մարդկանց, նրանք այնքան ջերմ են, որ վերադառնալուց հետո մի քանի օր դատարկություն եմ զգում: Միաժամանակ, այնտեղ գնալ ու մշտական բնակություն հաստատելու մտադրություն այս պահին չունեմ ու չգիտեմ՝ հետագայում կունենամ նման մտադրություն, թե ոչ: Թերեւս դա կլինի միայն այն դեպքում, եթե հնարավորություն ունենամ այնտեղ ուսում ստանալ: Իսկ ամուսնությանս լուրերը հաստատ սխալ եմ, նման բան չկա»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
The article published in the Spokesperson project.
Share with friends
Զավզակ
10:04, 13.11.2017
8175 | 0
to top