Շնորհալի և տաղանդավոր մարդիկ շատ կան. պետք է պարզապես նկատել և գնահատել նրանց արած աշխատանքը: Համլետ Հարությունյանը, ծնված լինելով Ներքին Դվին գյուղում, այսօր Ռուսաստանի դաշնության Նկարիչների միության անդամ է: Գեղանկարչական արվեստի հանդեպ սերը նրա հոգում դեռևս մանուկ հասակից է ծլարձակել: Սակայն ավելի լուրջ քայլեր արվեստի բնագավառում արել է, երբ արդեն ավարտել էր միջնակարգ դպրոցը: Նկարում էր և փորձում վաճառել ստեղծածը: Շուտով ընդունվում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական քոլեջ, որտեղ ցուցաբերած գերազանց առաջադիմության շնորհիվ հնարավորություն է ստանում ուսանելու Ռուսաստանում: Այստեղ էլ աչքի է ընկնում իր ընդունակություններով և կազմակերպում է մի շարք ցուցահանդեսներ: Իր աշխատանքները ցուցադրել է նաև Մայր հայրենիքում։ Ռուսաստանի դաշնությունում, բարձր գնահատելով Համլետի արվեստը, շուտով դվինցի մեր հայրենակցին ընդունում են ՌԴ նկարիչների միություն: Այսօր էլ Համլետ Հարությունյանը շարունակում է նկարել և ցուցահանդեսներ ունենալ և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանի դաշնությունում: Մարուսյա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ «Հայորդի» լրագրողական ակումբ «Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 4, ապրիլ 2017թ. |