«Վերելք» միությունը Կոտայքի մարզպետարանի հետ համագործակցությամբ ՀՀ Կոտայքի մարզի Կարմիր բերդի տարածքում օրերս կազմակերպել էր «Հայոց զենքի փառքի օր» միջոցառումը: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել անվանի մտավորականներ, զինվորականներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։ «Հայոց զենքի փառքի օր» միջոցառումը հիմնադրել է «Վերելք» միությունը 2016թ․։ Հայոց պատմության ընթացքում տեղի ունեցած հիշարժան մարտերի մասին հետաքրքիր տեղեկություններ են ներկայացրել «Վերելք» միության հիմնադիր-անդամ, գրող-հրապարակախոս Արծրուն Պեպանյանը, Արցախյան պատերազմի մասնակից, պատմաբան Արթուր Եղիազարյանը, Արցախյան պատերազմի մասնակից, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, Ապրիլյան պատերազմի մասնակից Ժորա Աֆրիկյանը։ Հեքիաթագետ Հայկ Կիրակոսյանը խոսել է հայ ժողովրդական հեքիաթներում և էպոսում հայոց զենքի խորհրդի մասին, մեր կյանքում հեքիաթի կարևորության մասին, ինչպես նաև հայերի՝ սեփական ոգին չճանաչելու ու առաքելությունը մոռանալու մասին։ «Վերելք» միության անդամ Վրույր Արծրունին հակիրճ ներկայացրել է Կարմիր բերդ հնավայրի պատմությունը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Անդոկ» ավանդական երգի-պարի խումբը և «Ֆրունզ» թատերախումբը: |