Անհրաժեշտություն առաջացավ կրկին անդրադառնալ Դիլիջան համայնքին և նրա նախկին կեղեքիչին՝ «աղքատ բյուջեի» դոլարային միլիոնատեր կառավարչին՝ Արմեն Սանթրոսյանին: Այս հոդվածում քննադատական խոսք չի լինի, քանզի նրա ճարպկությունը հիրավի արժանի է գովեստի և հիացմունքի: Նախորդ իշխանությունների գրպանը շոյելով (կարգն էր այդպես) ՝ Դիլիջանի աղքատիկ բյուջեյով դոլարային միլիոնատեր դարձած համայնքապետը՝ 2018թ.-ից հետո ճարպիկ թռիչքով կարողացավ հայտնվել նոր իշխանության փափուկ ճոճաթոռում: Պաշտոնավարելով մինչև իր կողմից գնված ժամկետի ավարտը՝ հեռացավ պաշտոնից առանց որևէ հետևանքի: Հանդգնեց ՍԴ-ում բողոքարկել վարչապետի կողմից իր փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը, 2021թ.-ի արտահերթ ընտրություններում ստանձնեց «Հայաստան» դաշինքի Դիլիջանյան գրասենյակի ղեկավարի պարտականությունները՝ խոստանալով ապահովել առաջին հորիզոնականը, հավաքելով ընդամենը 1750 (հասկացաք չէ՞ թե ինչպիսի կեղծիքներով է վերընտրվել 15 տարի) ձայն՝ 3 ուժերի օգնությամբ: Իսկ հիմա այս «լեգիտիմ» ղեկավարը հանգիստ ապրում է իր 1.500.000$ (իր պնդմամբ) արժեցող դղյակում՝ Դիլիջանի սրտում: Թվում է, թե փոքրիկ քաղաքի մեծ գիշատիչը պետք է ճաշակեր արդարադատության համը, բայց վակխանալիան շարունակվում է: Եթե նոր իշխանությունները չկարողացան պատժել այսչափ «փոքրիկ ձկնիկին», ապա ինչպես կարող են պատժել ՀՀ-ի բյուջեն յուրացնողներին: Իսկ գուցե գողոնի մի մասը նորերին նվիրաբերելո՞վ հնարավոր դարձավ պահպանել սեփականությունը: Հարցեր են առաջանում, որոնց պատասխանները հուսադրող չեն: Հաջորդ սերունդներին հորդորում եմ մանրամասն ուսումնասիրել Արմեն Սանթրոսյանի թալանի պատմությունը, գրի առնել և դասավանդել քաղաքական դաշտ մտնել ցանկացողներին: Քանզի այն ինչ կերել ու մարսել է մեկը, կարող են ուտել և մարսել հաջորդները: Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե այն սերունդը, որն այսօր ու վաղն է թալանելու: |