Ես՝ ինչպես Հայաստանի հանրապետության յուրաքանչյուր ողջամիտ քաղաքացի, կողմ եմ այս փուլում, գործադիր մարմնում ունենալ նախկինում փորձ ձեռք բերած և աշխատասեր մարդկանց, բայց մի պայմանով, որ այդ մարդիկ չպետք է ներգրավված լինեն կոռուպցիոն պատմությունների և աներևակայելի մեծ չափերի հասնող թալանի մեջ: Այս պարագայում մնում է կարծել, որ Նիկոլ Փաշինյանը կամ իրականում հեղափոխություն չի արել, այլ միայն կադրերի տեղափոխություն է եղել, կամ Նիկոլ Փաշինյանը լինելով միայնակ այլ տարբերակ չունի քան թալանչիներին «երկրորդ հնարավորություն» տալը և իրենց տեղերում թողնելը: Նյութիս հիմքում ընկած է Դիլիջան համայնքի տխրահռչակ համայնքապետ Արմեն Սանթրոսյանի մտերիմների կողմից տարածվող տեղեկությունները, թե նա 15 տարի քաղաքը կեղեքելուց ու մարսելուց հետո պատրաստվում է հաջորդ ընտրություններին և վստահ է, որ ունի վարչապետի թույլտվությունը ևս մի քանի տարի աշխատելու և «սխալները ուղղելու» համար: Հիմա եղե՞լ է հեղափոխություն, թե՞ ոչ: Մի՞թե նոր Հայաստանում պետական պաշտոն զբաղեցնելու համար դարձյալ պետք է հովանավոր, թիկունք, «դաբրո»: |