Ս/թ հոկտեմբերի 17-ին Արմավիր մարզի Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչոււհի Ցողիկ Ազիզյանը 8-րդ դասարանում կազմակերպեց բաց դաս «հասարակագիտություն» առարկայից «Հաշմանդամություն ունեցող անձինք» թեմայով` «Դրամ հավաքողը Բեդֆորդ փողոցից» վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ: Դասին ներկա էին դպրոցի տնօրեն տիկին Գայանե Պարոնյանը, մի խումբ ուսուցիչներ և կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Կամո Լալայանը: Իր ներածական խոսքում ուսուցչուհի Ցողիկ Ազիզյանը ներկայացրեց ՀՀ կողմից իրականացվող սոցիալական քաղաքականության էությունն ու նպատակը` ընդգծելով, որ այն բխում է ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթի պահանջներից: ՈՒսուցչի հարցադրումով աշակերտները պատասխանեցին այն հարցին, թե ովքեր են համարվում հաշմանդամներ: Բացատրվեց, որ հաշմանդամության խմբորոշման հիմքում դրված է մարդու կենսագործունեության սահմանափակման աստիճանը: Այնուհետև աշակերտներից յուրաքանչյուրին տրվեց անհատական առաջադրանք. գրավոր ներկայացնել իրենց ուժեղ և թույլ կողմերը` նշելով մեկ կամ երկու օրինակ: Դասի հաջորդ մասում ցուցադրվեց ֆիլմից մի հատված: Դիտելուց հետո աշակերտները ստացան առաջադրանք ներկայացնելու Լարիի` ֆիլմի հերոսի, ուժեղ և թույլ կողմերը, փորձ արեցին դրանք համեմատել իրենց ուժեղ և թույլ կողմերի հետ: Քննարկվեց աշակերտների շրջապատում գտնվող հաշմանդամների նկատմամբ ունեցած վերաբերմունքի հարցերը, վեր հանվեցին հաշմանդամներին հուզող խնդիրները, նշվեցին լուծման ուղիները: Որպեսզի երեխաները ապրումակցեն հաշմանդամներին, ուսուցչուհին կապեց աշակերտներից մեկի աչքերը, իսկ մյուսի` ձեռքերը և առաջարկեց, որ նրանք կատարեն որոշակի գործողություններ: Հանձնարարվեց (որպես տնային աշխատանք) պատասխանել տրված հարցաշարի հարցերին կապված ապրումակցման հետ և գրել սոցիալական նախագիծ, թե ինչպես կարելի է օգնել հաշմանդամներին: |