Ս/թ նոյեմբերի 1-ին Արմավիր մարզի Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցում ուսուցչուհի Ցողիկ Ազիզյանը կազմակերպեց ցերեկույթ` նվիրված երեխայի իրավունքներին: Բացման խոսքի մեջ նշվեց, որ երեխաները մեր ապագայի ոսկեթև հրեշտակներն են, տա Աստված, որ նրանք միշտ ապրեն` հմայված աշխարհի հեքիաթով և ողջունեն բացվող բոլոր արշալույսները: Նշվեց, որ երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր անձ: Աշակերտները ներկայացրեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների Հռչակագրից և Երեխայի իրավունքների Համաձայնագրից մի շարք հոդվածներ: Այդ ընթացքում կատարվում էին նաև երեխաներին նվիրված երգեր: Երեխաները միշտ էլ եղել են մարդկային հասարակության ուշադրության կենտրոնում, հայ գրողներից և բանաստեղծներից շատերը իրենց ստեղծագործություններում հաճախ են անդրադարձել այդ թեմային: Աշակերտները հնչեցրին Հովհաննես Թումանյանի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի, Միքայել Նալբանդյանի և այլ շատ բանաստեղծների ստեղծագործություններ` նվիրված երեխաներին: Փակման խոսքի մեջ ցերեկույթը վարողի կողմից հնչեցին բարեմաղթանքի խոսքեր` աշակերտներին ուղղված: Թող բոլոր երեխաները լինեն առողջ, կարգապահ և աշխատասեր, որպեսզի բարձր առաջադիմությամբ հիմքեր ստեղծեն հայրենիքին արժանի և օգտակար մարդիկ դառնալու համար: |