Կրկին տոն էր Բամբակաշատի միջնակարգ դպրոցում: Փետրվարի 11-ին դպրոցի համակարգչային սրահը լցված էր ծաղիկներով, ջերմությամբ ու սիրով: Մեծարման ու հրաժեշտի ցերեկույթ էր: Հավաքվել էին հեռու և մոտ ընկերներ, սաներ՝ բարի ճանապարհ մաղթելու մի լուսե մարդու՝ Աիդա Սահակյանին, ով մեկնում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Աիդա Սահակյանը սովորել և հետագայում քառասունվեց տարի դասավանդել է Բամբակաշատի միջնակարգ դպրոցում: Նա անմնացորդ նվիրված է եղել իր գործին՝ իր գիտելիքները, իր ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու ջերմությունը ամբողջությամբ նվիրել է երեխաներին: Աիդա Սահակյանն օժտված էր յուրաքանչյուր աշակերտին սիրելու, ներելու, հավատալու և լավատես լինելու ունակությամբ: Նա հասել էր մի բարձունքի, որտեղից էլ նայումէր հետ, գոհանում ու հպարտանում իր կատարած աշխատանքով: Ու չնայած մթնոլորտը ջերմէր, տոնական տրամադրությունը՝ գերիշխող, բայց բոլորի աչքերը թաց էին: Իրենց երախտագիտության ու բարեմաղթանքի խոսքերն ասացին դպրոցի տնօրեն տիկին Գայանե Պարոնյանը, ուսուցչուհու սաներն ու ընկերները: Ե՛վ կոլեկտիվը, և՛ ընկերները, և՛ սաները պատրաստել էին հուշանվերներ, որոնք էլ սիրով հաձնեցին նրան: Գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար տիկին Սահակյանը ևս շնորհակալություն հայտնեց բոլորին ու խոստովանեց, որ սիրում է այս դպրոցը ու դժվարությամբ է բաժանվում իր ընկերներից, սաներից: -Ամեն սկիզբ իր ավարտն ունի, բայց ամեն ավարտ մի նոր սկիզբ է, - իր խոսքն ավարտեց տիկին Սահակյանը: Սիրելի՛ Աիդա Սահակյան, Դուք հավատարիմ մնացիք Ձեր բարձր ու վեհ կոչմանը: Բամբակաշատի միջնակարգ դպրոցի ողջ անձնակազմը ցանկանումէ Ձեզ բարի ճանապարհ, առողջություն և երջանկություն: Թող բարին, արդարն ու սուրբը, երջանկությունն ու առողջությունը առաջնորդեն Ձեզ: Ձեր հոգու մաքրության շնորհիվ Դուք սիրված ու հարգված եք եղել և միշտ կսիրվեք Բամբակաշատի միջնակարգ դպրոցի ողջ կոլեկտիվի և աշակերտների կողմից: Բարի՛ ճանապարհ: Լավագույն ցանկություններով՝ Բամբակաշատի միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվ |