ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐ ՀՈՒՍԻԿ Ա ՊԱՐԹԵՎ
15:43, 31.01.2014
6687 | 0
ՀՈՒՍԻԿ Ա ՊԱՐԹԵՎ
(Սուրբ Հուսիկ Ա Պարթև, 341–347)
Աղբյուրը` Ամենայն Հայոց Կաթողիկոսներ հանրագիտարան, Ս. Էջմիածին, 2008

Հայոց կաթողիկոս 341թ.: Հաջորդել է Վրթանես Ա Պարթևին: Ծնվել է 295թ.: Սպանվել է 347թ. Ծոփքի Բնաբեղ բերդում, ամփոփվել Դարանաղյաց գավառի Թորդան գյուղում: Գրիգոր Ա Լուսավորչի թոռը, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ: Ըստ Մովսես Խորենացու` Վրթանես Ա կաթողիկոսի մահվանից հետո նրան փոխարինեց իր կրտսեր որդին` Հուսիկը: Ըստ Փավստոս Բուզանդի` Հուսիկն իր եղբոր հետ մեծացել է արքունիքում` Տիրան արքայորդու խնամակալությամբ: Տիրանն իր դստերը (հավանաբար քրոջը) 307թ. կնության է տվել Հուսիկին: Սակայն հետագայում Հուսիկն առիթ է ունենում ափսոսալու ամուսնացած լինելու համար, որովհետև նախ` թա•ավորը նրան ամուսնացրել էր պատանի հասակում` պարտադրանքով, այնուհետև, ինչպես երազով նրան բացահայտվել էր, իր երկվորյակ զավակներն անարժան քրիստոնյաներ էին դառնալու, որոնք «անհաճո պիտի ըլլային Աստուծո»: Կաթողիկոս է ձեռնադրվել կնոջ մահից հետո` 341թ.: Ըստ Փավստոս Բուզանդի` Տիրանը, սովորության համաձայն, Հուսիկ Ա Պարթևին 13 նշանավոր նախարարների հետ ձեռնադրության համար ուղարկում է Կեսարիա: Հուսիկ Ա Պարթևի գլխավոր նպատակը քրիստոնեության ամրապնդումն էր: Տիրանն անփույթ գտնվեց երկրի ներքին քաղաքական կյանքի նկատմամբ, մասնավորապես քրիստոնեության պարագայում, ինչն անհրաժեշտ էր աշխարհիկ և հոգևոր իշխանությունների հոգածության, հասարակական կյանքի կայունության և արտաքին վտանգներին դիմակայելու համար: Թագավորի թողտվությամբ հայ նախարարներից շատերը հեռանում են քրիստոնեական նկարագրից և վերադառնում հեթանոսական սովորույթներին ու բարքերին: Այդ մասին Փավստոս Բուզանդը գրում է. «Թագավորը և իշխանները մեղքեր էին գործում, զուր տեղն անմեղ արյուն թափում...»: Միայն քչերը, որ ծանոթ էին հունական և ասորի գրագիտությանը, հասկանում էին կրոնը, մյուսներն այն ընդունում էին առանց ջերմեռանդ հավատի և ինչպես երեխաները, որ մանուկ հասակում տարվում են տղայական խաղալիքներով, սրանց պես տհաս մտքերով խարխափում էին պարսավելի գործերի, հեթանոսական սովորությունների մեջ: Իսկ Հայրապետը շարունակ նրանց դիմադրում էր, հանդիմանում, խրատում: Փավստոս Բուզանդը գովեստով է խոսում Հուսիկի մասին, ասելով, որ նա մանկությունից ի վեր իմաստությամբ նմանվել է հայրերին: Պատմիչը նրան նմանեցնում է անուշահոտ ծաղկի, համարում ճշմարտության համար մինչև մահ մարտնչող Հայրապետ և քրիստոնեական հավատքի նվիրյալ: «...Ամբողջությամբ և ամեն բանի մեջ հրեշտակակրոն կենցաղ կը հայտնաբերեր, ամեն ինչ Աստուծո պարբևներուն և շնորհածի համաձայն կը կատարեր: ... Ս. Հոգին խոսքը իբրև սուր կը գործածեր իր մեջքին»: Տիրանը ցանկացել է ազատվել եկեղեցու հովանավորությունից, ինչը լուրջ տարաձայնություններ է առաջացրել թագավորի և կաթողիկոսի միջև: Հուսիկ Ա Պարթևն իր գործակիցների հետ մնում է ոչ միայն առանց քաղաքական իշխանության աջակցության, այլև հանդիպում է նրանց ընդդիմությանը: Նա «ոչինչ էր համարում թագավորի սերը կամ նրա ահը», հանդիմանում և կշտամբում էր նրան և քրիստոնեությունից հեռացածներին: Ըստ Մովսես Խորենացու` Հուսիկի հայրապետության տարիներին Հուլիանոս Ուրացող կայսրը, որ պատերազմում էր պարսիկների դեմ, Հայաստան ուղարկեց տախտակի վրա նկարված իր պատկերը «ուրվական և դիվական նմանությամբ, հեթանոսական պաշտամունքի սովորությամբ»: Նա պահանջեց Տիրանից այն դնել Ծոփքի արքունի եկեղեցում և պատվել: Հուսիկ Ա Պարթևը նախատել է Տիրան թագավորին հեթանոսության նկատմամբ նրա ցուցաբերած հանդուրժողականության համար` «սիրով և սաստկությամբ»` պահանջելով թագավորից հետ կանգնել դիվապաշտական սովորույթից և չպղծել եկեղեցին և իր անձը: Բայց թագավորը չլսեց: Կաթողիկոսը տարեկան մի տոնի օր արգելում է թագավորին մտնել եկեղեցի` «Արժանի չես, ինչո±ւ ես եկել, ներս մի° գա» բառերով: Բացի այդ, արգելել է Հայոց արքային Հուլիանոս Ուրացող կայսեր պատկերը դնել եկեղեցում, ոտքերով այն տրորել է ու ջարդել: Թագավորի հրամանով կաթողիկոսը բրածեծ է արվել և սպանվել Ծոփքի Բնաբեղ բերդում: Նրա աճյունը տեղափոխվել է Թորդան և թաղվել հոր` Վրթանես Ա Պարթևի կողքին: Հայ եկեղեցին Հուսիկ Ա Պարթևի հիշատակը տոնում է Ս. Ծննդյան Գ կիրակիին հաջորդող շաբաթ օրը կամ Վարդավառի Գ կիրակիին հաջորդող շաբաթ օրը` Ս. Գրիգոր Լուսավորչի «որդւոց և թոռանց» հիշատակի հետ: Կաթողիկոսական գահին Հուսիկ Ա Պարթևին հաջորդել է Փառեն Ա Աշտիշատցին:
Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8254 | 0
18:21, 25.07.2014
6127 | 0
դեպի վեր