ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+22 °C
Գարեգին Բ կաթողիկոսից մնացել է «կաթողիկոս» բառը
16:48, 23.05.2018
3489 | 0

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականնե՛ր և զավակներ,

«Մերժի՛ր Սերժի Գարեգինին» նախաձեռնությունն ուղղված չէ Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Մեր համախմբման նպատակն է ամենայն պատասխանատվությամբ հորդորել և պահանջել Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարումը հայրապետական գահից։ Բոլոր այն հերյուրանքները, թե իբր սա ուղղված է Հայ Առաքելական եկեղեցու և Սուրբ Էջմիածնի դեմ, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, որովհետև նախաձեռնողները բոլորն էլ Հայ Առաքելական եկեղեցու զավակներ են՝ վերստին ծնված Մկրտության Սուրբ Ավազանից։ Եվ ուրեմն՝ «մեզ հայր ենք ճանաչում Սուրբ Ավետարանը, իսկ Մայր՝ Առաքելական ընդհանրական սուրբ եկեղեցին» (Ս. Եղիշե):

Աստծո կամքով և առաջնորդությամբ սկիզբ առած համաժողովրդական շարժումը, որը հանգուցալուծվեց խաղաղ, թավշյա հեղափոխությամբ, մաքրեց տարավ տարիների ընթացքում սերմանված և արմատակալած մեր ներսի ստրուկին: Հիմա հերթը հոգևոր ստրկությունից ազատվելունն է, քանզի մեր Տեր Հիսուս Քրիստոս մեզ փոխանցեց, թե հոգին առավել է քան մարմինը:

Չի՛ կարող լինել ազատագրված մարմին, բայց ունենալ ստրկացված հոգի: Այլևս ժամանակն է՝ մաքրելու մեր եկեղեցին «անմեղ դեմքով» և «գառան դիմակով» ներս սպրդած սևազգեստ աղավնեվաճառներից ու լումայափոխներից: Մենք ուզում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահի վրա տեսնել Սուրբ Հոգուց առաջնորդված և հայ ազգի կողմից ընտրված արժանավոր և ճշմարիտ Հովվապետ, ով հոգ կտանի իր ժողովրդի հոգևոր կարիքների համար (հմմտ. Հովհ. 10: 11-14):

Հայ Առաքելական եկեղեցու դերը հայ ժողովրդի պատմության և մշակույթի, հայ ինքնության պահպանման մեջ անգնահատելի և անուրանալի է: Հայ Առաքելական եկեղեցին վեր է սոսկ հոգևոր հաստատություն լինելուց և հայերիս համար այն նաև ազգային արժեք է, հայ ինքնության մի մասը: Ամենայն Հայոց Կաթողիկոսության վարչական կենտրոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է:

Ցավով արձանագրում ենք, որ ներկայիս Ամենայն հայոց կաթողիկոս հռչակված Գարեգին Բ-ն բավարար հասունություն, լրջություն, գրագիտություն, խոհեմություն և առաքինություն չի ցուցաբերում՝ արհամարհելով Հայ Առաքելական եկեղեցու կարևորությունն ու իր ուսերի վրա դրված ողջ պատասխանատվությունը: Հայոց պատմությունից մեզ հայտնի երանելի հոգևորականների և սուրբ հայրապետների համեմատությամբ Գարեգին Բ-ն ուղղակի առաջնորդվում է հակաքրիստոնեական արժեքներով՝ հային հեռացնելով իր մայր եկեղեցուց և պատճառ դառնալով անթիվ հոգիների կործանման:

Մասնավորպես, Հայ Առաքելական եկեղեցու ներկայիս կոռումպացված լինելը, ժողովրդի և եկեղեցու միջև առաջացած խորն անջրպետը, հայկական գործող ու խոնարհված եկեղեցիների կիսավեր ու ապականված ներկայիս վիճակը, կաթողիկոսի ստեղծած բռնապետական համակարգը և մի շարք այլ հանգամանքներ մեզ թույլ են տալիս պահանջելու նրա հրաժարականը կամ գահազրկումը:

Անհարիր է մեր եկեղեցուն ունենալ այսպիսի հոգևոր առաջնորդ, ով մինչ օրս չի կարողացել հիմնավոր պատասխաններ տալ հանրությանը հուզող բազմաթիվ հարցադրումներին՝ փոխարենը զրպարտելով ու վարկաբեկելով այն անձանց, ովքեր համարձակվել են բարձրաձայնել եկեղեցու խնդիրներն ու քննադատել կաթողիկոսին:

Ուստի ինքնակամ հրաժարական չտալու դեպքում՝ Ազգային-Եկեղեցական Ժողովից պահանջում ենք Հայ եկեղեցուց հեռացնել Գարեգին Բ կաթողիկոսին, ով հանդիսանում է սերժական ռեժիմի անբաժանելի կցորդը: Եպիսկոպոսաց դասից պահանջում ենք վերականգնել Հայ Առաքելական եկեղեցու երբեմնի դերն ու հեղինակությունը հայ ժողովրդի ինքնության կողմնորոշման և արժեքների վերաիմաստավորման այս դժվարին ժամանակաշրջանում:

Ավելորդ չենք համարում նշել, որ սույն նախաձեռնությունը միմիայն հայ ժողովրդի և եկեղեցու զավակների պայքարն է: Հետևաբար, այն անձինք ու կազմակերպությունները, որոնք հետապնդում են վերոնշյալից զատ այլ նպատակներ, խնդրում ենք չմիջամտել և չնույնականացվել այս շարժման հետ, քանի որ հարցն առավել քան խորքային է և միտված է Հայ Առաքելական եկեղեցու առողջացմանն ու մաքրությանը:

«Մերժի՛ր Սերժի Գարեգինին» նախաձեռնության անդամներ

Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր