ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ՎԱՉԵ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆ ՈՒ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
18:10, 20.06.2018
3654 | 0
Հայ Եկեղեցին իր ձևավորման շրջանից սկսած եղել և մնում է հայ ժողովրդի հոգևոր-մշակութային գանձարանը հարստացնող համազգային եզակի կառույցներից:
Հայ Եկեղեցու և ժողովրդի հոգևոր կենտրոն Միածնաէջ այս սուրբ վայրում Մատենադարանի անհրաժեշտությունը գիտակցվել է դեռևս Ե. դարում: Եւ պատահական չէ, որ կաթողիկոսական նստավայրին կից է ստեղծվել առաջին գրապահոցը, որտեղ հազարավոր ձեռագիր մատյաններ են գրվել ու ընդօրինակվել:
Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի գահակալության առաջին իսկ տարիներից Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նոր զարկ տրվեց գրադարանային գործի կազմակերպմանը: Նորին Սրբության բարձր տնօրինությամբ և Վաչե ու Թամար Մանուկյանների ազնիվ նվիրատվությամբ կարճ ժամանակահատվածում վեր խոյացավ գիրքը ստեղծող, պաշտող ժողովրդին հարիր՝ Ս. Էջմիածնի Մատենադարանի շենքը: Այն Հայ Եկեղեցու բազմադարյա գրավոր հարուստ ժառանգության հանդեպ անսահման ակնածանքի խտացյալ նյութական խորհրդանիշն է:
«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը պաշտոնապես բացվել է 2012 թ. հոկտեմբերի 18-ին: Մատենադարանի բազմահարուստ ֆոնդի հիմքն է դեռևս երջանկահիշատակ Վազգեն Ա. Կաթողիկոսի գահակալության շրջանում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հիմնադրված գրադարանը, երանաշնորհ Գարեգին Ա. Հայրապետի անձնական գրադարանային ֆոնդը, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության նվիրաբերած կրոնագիտական բացառիկ գրականությունը: Տարիներ շարունակ համարվելով միայն գահակալ հայրապետների անձնական գրադարան և չունենալով շենքային համապատասխան պայմաններ՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գրադարանը, ըստ էության, փակ է եղել հասարակության լայն զանգվածների համար: Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ՝ նորակառույց Մատենադարանի դռները բաց են բոլորի առջեւ:
Մատերանդարանի ֆոնդերի համալրումն իրականացվում է նվիրատվությունների շնորհիվ: Այս կառույցն ունի առանձին բյուջե, որից տարեկան մի քանի միլիոն դրամ է հատկացվում միայն գրականության ձեռքբերմանը:
Մինչ այժմ հիմնական աշխատանքներն ուղղված են եղել առկա և հընթացս համալրվող գրականության հաշվառմանը, քարտագրմանը, դասակարգմանն ու ընթերցողների սպասարկմանը:
Այս տարի Ս. Էջմիածնի Մատենադարանը Ազգային գրադարանի հետ համատեղ նախագիծ է մշակել՝ Մայր Աթոռի «Արարատ» և «Էջմիածին» պաշտոնական ամսագրերը թվայնացնելու, հայ մամուլի համահավաք գրացուցակում ազատ օգտագործման սկզբունքով ներկայացնելու. նախագիծն արդեն իսկ ընթացքի մեջ է:
Մայր Աթոռի Մատենադարանն իր հնատիպ գրականության բաց ֆոնդում ունի շուրջ 400 միավոր գիրք: Ազգային գրադարանի և ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի հետ համագործակցությամբ Ս. Էջմիածնի Մատենադարանը ևս ընդգրկվեց այդ գործընթացում՝ տրամադրելով միայն այն գրականության թվայնացված ձևաչափերը, որոնց եզակի օրինակները պահպանված էին մեզ մոտ և չկային համընդհանուր քարտարանում:
Ներկայումս Մատենադարանի ֆոնդերի թվայնացման հիմնական աշխատանքներն ուղղված են լրիվ բնագրային շտեմարանի ձևավորմանը: Էջ առ էջ սկանավորման միջոցով թվայնացվում է առկա գրականությունը՝ առաջին անհրաժեշտության և բացառիկության սկզբունքով՝ նախապատվություն տալով կրոնական, ապա եւ՝ հայագիտական գրականությանը: Կատարված աշխատանքները պահպանվում են տվյալների բազայում, ինչպես անմշակ, այնպես եւ վերջնական տարբերակներով՝ հետագայում ծրագրատեխնիկական ապահովում ունենալու պարագայում շտեմարանի արագ ձևավորման համար:
Նախատեսվում է ձևավորել էլեկտրոնային քարտարան՝ հիմնված ստանդարտացման միջազգային կազմակերպության ընդունած համաձայնագրերի վրա, որպեսզի հնարավոր լինի միանալ տարբեր գրադարանների միջև տեղեկատվական պաշարների փոխանակման գործընթացին: Աշխատանքները կշարունակվեն լրիվ բնագրային շտեմարանների կազմման և ձևավորման ուղղությամբ: Նորագույն տեխնիկական սարքերի ձեռքբերման արդյունքում կարագանա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մատենադարանի գրքերի թվայնացման և ընթերցողների էլեկտրոնային սպասարկման գործընթացը:
Մատենադարանը ներքին պայմանավորվածություն ունի Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի հետ, ըստ որի՝ տպագրված գրքերը համապատասխան ձևաչափով ու համակարգված կտեղադրվեն նախատեսվող կայքում՝ ազատ ներբեռնման սկզբունքով:
Նախատեսվում է եկող տարի՝ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ լծվել մի կարևոր ծրագրի իրականացմանը. ցեղասպանության մատենագիտության մեջ նկարագրված շուրջ 17.000 միավոր գիրքը թվայնացնել եւ տեսանելի դարձնել ողջ հանրությանը: Այս փուլում, առաջնահերթության սկզբունքից ելնելով, խնդիր է դրվել թվայնացնել Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը վերաբերող օտարալեզու, ապա՝ նաև հայերեն գրականությունը:
Պետք է նշել, որ Ս. Էջմիածնի Մատենադարանն իրականացնելու է ոչ միայն գրադարանային ու գիտական գործունեություն, այլև արդեն ավարտական փուլում են գտնվում ներսում թանգարան ունենալու աշխատանքները: Նախատեսվում է երեք սրահ հատկացնել թանգարանին, որն ընդհանուր անվամբ կոչվելու է «Գրքի թանգարան» ՝ ներառելով երեք բաժին: Առաջին մեծ բաժնում, որը կոչվելու է «Գիրքը Ս. Էջմիածնում», նախատեսվում է ցուցադրել 1771-2014 թթ. տպագրված արժեքավոր գրքերը, երկրորդ բաժինը նվիրված է հնատիպ գրքի ցուցադրությանը, իսկ երրորդ բաժինը կկոչվի «Թեմատիկ փոփոխությունների սրահ», որտեղ կցուցադրվեն համազգային նշանակության որևէ երեւույթի, ազգային-եկեղեցական հայտնի գործչի վերաբերյալ գրքեր, որոնք որոշակի պարբերականությամբ կփոփոխվեն:
Անշուշտ, Մատենադարանն ունի նաև հեռահար ծրագրեր, որոնց մասին դեռևս վաղ է խոսել, սակայն ցանկանում ենք ընդգծել, որ այս կառույցը գտնվում է Հայոց Հայրապետի ուշադրության եւ հոգածության կենտրոնում:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստի հետազոտման ակադեմիա
դեպի վեր