Հայկական կիրառական արվեստի եզակի նմուշների կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը ներկայացրել է իր հերթական ձեռքբերումը. «19-րդ դարի Վանեցի հայտնի արծաթագործ վարպետ Տիգրան Ավագյանից մեզ հասած բացառիկ նմուշներից մեկը։ Վարպետը Գավաթի վրա պատկերել է Վանի նշանավոր եկեղեցիներից երեքը՝ Իլու վանքը, Հոգոց վանքն ու Աղթամարա Սուրբ Խաչը։ Իլու վանքն ու Հոգոց վանքը ցավոք հիմնովին ավերված են։ Իլու կամ Քառասնից մանկանց վանքը 10-րդ դարի կառույց էր։ Գտնվում էր Վասպուրական աշխարհի Ոստան գավառի Իլու գյուղում։ Ցեղասպանությունից հետո վանքը լքվել ու հիմնատակ ավիրվել է հայերիս տներում հաստատված քրդերի կողմից։ Հոգոց կամ հոգյաց վանքը 6-րդ դարի կառույց էր։ Գտնվում էր Վասպուրական աշխարհի Շատախ գավառում։ Ըստ ավանդույթի՝ որպես կուսանոց հիմնվել է Բարդուղիմեոս առաքյալի կողմից, Անահիտ աստվածուհուն նվիրված տաճարի տեղում։ Աղթամարա սուրբ Խաչը ոչ միայն Վանա լճի Աղթամար կղզու, այլև ողջ Վասպուրական աշխարհի զարդն է համարվում։ Կառուցվել է X-րդ դարում, Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով՝ Արծրունյաց իշխանական տան գլխավոր ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանուելի կողմից։ |