Սեպտեմբերի 1-ից Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները կմասնակցեն Եվրոմիության կառույցների նիստերի միայն կեսին: Տնտեսված ժամանակը և ջանքերը նվիրված կլինեն ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու նախապատրաստական աշխատանքներին։ Այս մասին գրում է Deutsche Welle-ը։
Լոնդոնում Brexit-ի գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնում է, որ բրիտանական պաշտոնյաները Բրյուսելում կմասնակցեն միայն այն հանդիպումներին, որոնք բավարարում են սեփական երկրի ազգային շահերը:
Ըստ նախարարության` նման որոշման պատճառներից մեկն այն է, որ Բրյուսելում հանդիպումների մեծ մասի ժամանակ քննարկվում են Brexit-ից հետո ԵՄ ապագային վերաբերող հարցեր:
Մեծ Բրիտանիան դեռևս կանգնած է «կոշտ» Brexit-ի առջև, քանի որ Եվրոմիությունից դուրս գալու մասին համաձայնագիրը չի հաստատվել բրիտանական խորհրդարանի կողմից: Նախօրեին ԵՄ-ը մերժեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը, որը վերաբերվում էր Brexit-ի պայմանագրի վերանայմանը: