ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցները բողոքի ցույց են իրականացնում կառավարության դիմաց՝ դեմ արտահայտվելով Առողջապահության նախարարի՝ իրենց տնօրենի աշխատանքից հեռացման որոշմանը: «Մեր պահանջը հետևյալն է՝ քննարկում կազմակերպել, որպեսզի մասնագետները կարողանան կարծիք հայտնել: Մենք ցանկանում ենք գալ մասնագիտական քննարկման և պահանջում ենք ցույց տալ այն հիմնավորումները, որոնք բերել են այսպիսի որոշման: Նաև ցանկանում ենք անձամբ մեր խնդիրը ներկայացնել վարչապետին, որովհետև մտավախություն ունենք, որ այն ճիշտ չի ներկայացվել»,- ասում էին ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցները: Հիշեցնենք, որ երեկ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանը բերման էր ենթարկվել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը 2020թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից. կենտրոնը պետք է միանա Նորքի ինֆեկցիոն բժշկական կենտրոնին: Որոշման հետ աշխատակազմը համաձայն չէ: |