Կառավարությունն ապրիլի 2-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը: Այն ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Ըստ այդմ՝ աջակցության շահառու են բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա են հետևյալ հանգամանքներից որևէ մեկը. - երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում. - երեխայի ընտանիքը 2020թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28.01-ից. - երեխայի միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում. - երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. մարտի 31-ի դրությամբ չի հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել: Ըստ ծրագրի՝ ընտանիքը կարող է հանդիսանալ շահառու, եթե մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գնտվել են Հայաստանում: |