ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
«Մինչև մայիսի վերջ կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է հասնել 10 հազարի». Արսեն Թորոսյան
14:50, 04.05.2020 | mamul.am
12153 | 4

Առողջապահության նախարարը այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում կրկին անդրադարձել է բոլորի կողմից անվտանգության կանոնները պահպանելու անհրաժեշտությանը: Ավելի վաղ նախարարը հնչեցրել էր թվային մի տվյալ, ըստ որի՝ անվտանգության կանոնները չպահպանելու դեպքում կարող ենք մինչև 500 հազար պացիենտ ունենալ:
«Իմ ասածը պարզապես թիվ չէր, դա մոտ 1 ամիս առաջ ԱՀԿ-ի գնահատումն էր ՀՀ-ի համար՝ 500 հազար դեպք, տասնյակ հազարավոր հոսպիտալիզացիաներ և հազարավոր մահեր: Բարեբախտաբար, դա տեղի չի ունեցել, որովհետև կարողացել ենք զսպել բռնկման տարածումը, հարթեցնել կորը»,- նշեց նա:
Թորոսյանի կանխատեսմամբ՝ մինչև մայիսի վերջ հնարավոր է ունենանք մինչև 10 հազար վարակված: Նախարարի խոսքով՝ դա մեծ թիվ չէ, համակարգն էլ կկարողանա սպասարկել ծանր դեպքերը:
Ա. Թորոսյանը մի ճշգրտում կատարեց նախկինում հնչեցրած իր այն տեղեկությանը, թե հիվանդանոցից դուրս գրվածի մոտ կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել:
«Ամեն դեպքում գիտական հանրույթը հակված է, որ դա ոչ թե կրկնակի վարակ է, այլ պարզապես վիրուսի շարունակական արտահայտություն մարդու մեջ, որը բուն վիրուսը չէ, և մարդը վարակակիր չէ»,- նկատեց նախարարը:
Անդրադառնալով մահվան վերջին դեպքերին՝ Ա. Թորոսյանը նշեց, որ մահացածների ուղեկցող հիվանդությունները եղել են շաքարային դիաբետը, զարկերակային ճնշումը, սրտի իշեմիկ հիվանդությունը, որոնք խանգարում են մարդու՝ վերականգնվելու հատկությանը: Իսկ թե ինչու 35 ծանր հիվանդներին չեն միացնում թոքերի արհեստական ապարատին, նախարարը նշեց, որ բժիշկներն աշխատում են հնարավորինս ուշ գնալ այդ քայլին, որովհետև այդ մեթոդը կարող է վատթարացնել հիվանդի վիճակը: Ինչ վերաբերում է կորոնավիրուսի՝ օրգանիզմի վրա հետագա բացասական հետևանքներ թողնելու հավանականությանը, ապա Արսեն Թորոսյանի վկայությամբ՝ դուրս գրվածները որևէ մնացորդային երևույթներ չեն նշում, դրանք չեն նկատվում նաև հետազոտություններում: Բոլոր դուրս գրվածները կատարյալ առողջ են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր