Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 485.74, EUR 547.57, RUB 6.82, GBP 608.34
+25 °C, +21 °C ... +31 °C Վաղը`+30 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ
21:45, 05.06.2020

Հունիսի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման և համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ։

Վրաստանի արտգործնախարարն իր զորակցությունն է հայտնել Հայաստանին համավարակի դեմ պայքարում և վերահաստատել աջակցություն ցուցաբերելու Վրաստանի կառավարության պատրաստակամությունը:

Նախարար Մնացականյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի տարբեր գերատեսչությունների մակարդակով առկա սերտ համագործակցությունը, գործնական պարբերական շփումները և փոխադարձ աջակցությունը համավարակով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման հարցերում, այդ թվում՝ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների՝ միմյանց երկրի տարածքով հայրենիք վերադարձը կազմակերպելու գործում։

ԱԳ նախարարներ Մնացականյանն ու Զալկալիանին քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը կարևորել է երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության և ռազմավարական փոխկապակցվածության հիման վրա գործնական համագործակցության ընդլայնումը և խորացումը բոլոր այն ուղղություններով, որոնք ևս մեկ անգամ ուրվագծվել էին երկու երկրների ղեկավարների կողմից ՀՀ վարչապետի՝ մարտ ամսին Վրաստան կատարած այցի ժամանակ: ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատել է Վրաստանի ԱԳ նախարար Զալկալիանիին ուղղված իր հրավերը՝ այցելելու Հայաստան:

Բազմակողմ համագործակցության համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության շրջանակներում առաջիկայում կայանալիք միջոցառումներին:

ԱԳ նախարարներ Մնացականյանը և Զալկալիանին մտքեր են փոխանակել անվտանգության խնդիրների շուրջ՝ ընդգծելով համավարակի պայմաններում միջազգային և տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր