Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 494.37, EUR 585.48, RUB 6.41, GBP 645.35
+11 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին
15:35, 23.09.2020

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքապետ Հայկ Մարությանի կայացրած որոշման համար։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Գործարարը դիմել է Վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետի 2020 թվականի սեպտեմբերի 16-ին կայացրած թիվ 2898-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։

Հայցը ներկայացվել է սեպտեմբերի 18-ին և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանին։

Ըստ քաղաքապետի վերոնշյալ որոշման՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում, պետական սեփականություն հանդիսացող հողամասում, Սամվել Ալեքսանյանն իրականացրել է ապօրինի շենք-շինությունների կառուցման շինարարական աշխատանքներ, ինչի համար էլ քաղաքապետարանում վարչական վարույթ է հարուցվել։

Ալեքսանյանին գրավոր առաջարկվել է սեփական նախաձեռնությամբ ձեռնարկել քայլեր՝ ինքնակամ շենք-շինությունները քանդելու և դրանցով ծանրաբեռնված պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի տիրապետումից ազատելու համար, սակայն վերջինս այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տված մասնագիտական կարծիքի համաձայն՝ հիմնավորվել է, որ այդ ապօրինի կառուցված շենք-շինությունները և պարիսպը ենթակա չեն օրինականացման, քանի որ ընդգրկված են անտառային նշանակության հողերում։

Այսպիսով՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է չօրինականացնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում, ինքնակամ կառուցված շենք-շինությունները։

Ինչպես նաև հանձնարարել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել այդ ինքնակամ կառուցված շենք-շինություններն ու ապօրինի տիրապետումից ազատել պետական սեփականություն հանդիսացող հողամասը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր