«Թող էս հարցին լուծում տան, թե չեն կարում հարցը լուծեն, գնանք, Ռուսաստանին դիմենք: Էլ չգիտենք՝ ինչ անենք, ուժ չկա էլ»,- այսօր ՊՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը: Ծնողներն այժմ քննարկում են բողոքի ակցիան ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց շարունակելու հարցը: Նշենք, որ երեկ անհետ կորած զինծառայողի ծնողները հանդիպել էին ՀՀ վարչապետի հետ՝ ստանալու համար իրենց հուզող հարցերի պատասխանները: Այսօրվա ցույցին ներկա են նաև երեկ հանիպմանը մասնակցած ծնողները: Նրանց խոսքով՝ 4,5 ժամ տևած հանդիպումից հետո, միևնույն է, իրենք չեն ստացել իրենց գլխավոր հարցի պատասխանը՝ ե՞րբ են սկսվելու որոնողական աշխատանքներն այն հատվածներում, որոնք Ադրբեջանի հսկողության տակ են: Ծնողները հայտնել են, որ իրենց հետ կապ են հաստատել վարչապետի աշխատակազմից՝ ասելով, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել ռուսական կողմի հետ և մոտ օրերս ռուս խաղաղապահները կսկսեն այդ հատվածներում որոնողական աշխատանքներ իրականացնել: |