«Այսօր Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել է Տաջիկստանի Հանրապետության նախագահին, և կարող ենք համարել, որ, ընհանուր առմամբ, գործընթացն արդեն սկսված է։ Այդ նամակը ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում նախագահող երկրի ղեկավարի հանձնարարականով Մշտական խորհրդի նիստ է հրավիրվում»,- այս մասին այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում, հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Բացի ՄԽ նիստից, եռօրյա ժամկետում ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների, ԱԳ նախարարների, Պաշտպանության նախարարների կոմիտեները սկսում են աշխատանքներ՝ իրավիճակը գնահատելու համար։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ և՛ ՀՀ ԱԳ նախարարը, և՛ Պաշտպանության նախարարը և ես՝ որպես ԱԽ քարտուղար, նախնական աշխատանքներ ենք իրականացնում այս ուղղությամբ․ խոսել ենք ռուս գործընկերների հետ և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ»,- նշեց Գրիգորյանը։