Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի հանրությունն այդպես էլ մի պարզ բան չհասկացավ, որ պատերազմի ժամանակ մեր դեմ գործել է միջազգային կոալիցիա՝ Բաքու-Անկարա-Լոնդոն-Թել Ավիվ- Իսլամաբադ: Նրանցից յուրաքանչյուրն իր խնդիրներն է լուծում: Բրիտանայի, Պակիստանի, Իսրայելի այդ պահին (նաև այս պահին) մեր դեմ գործելն իրենց մեծ քաղաքականության շահերի ածանցյալն է:
Նրանցից ոմանք Բաքվին օժանդակել են ռազմական ուժերով, ոմանք ռազմական մասնագետներով, ոմանք հետախուզական տվյալներով, ոմանք քաղաքական տանիք են ապահովել և այլն:
Պատերազմում մեր պարտությունը սկսվել է հենց արտաքին քաղաքականության, նաև ներքին քաղաքականության ձախողումների շնորհիվ:
Պարզ ասած՝ Հայաստանի քաղաքական միտքը սնանկ էր, ու հիմա նույնպես սնանկ է ու դա ոչ միայն այն ժամանակվա ու ներկայիս իշխանություններին ու ընդդիմություններին է վերաբերում, դա մեզ բոլորիս է վերաբերվում՝ եղած ու չեղած ինստիտուտներով հանդերձ»։