ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Այն բուհերը, որոնք չեն ապահովի կրթության որակ, պետության կողմից պատվերներ չեն ստանա. ԿԳ նախարար
14:03, 05.10.2011 | mamul.am
2252 | 0
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է բուհերում հակակոռուպցիոն գործողությունների ծրագրերի իրականացման մեխանիզմերին նվիրված եռօրյա աշխատաժողովի բացմանը: Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է. ''Վերջին երկու տարիներին կյանքի է կոչվել կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ռազմավարության նոր ծրագիրը, որի ընթացքին հետևելու և գնահատելու հնարավորություն ունի նաև հասարակությունը:
Կառավարության գործունեության գնահատման նպատակով իրականացված սոցհարցումներն ու հանրային կարծիքի ուսումնասաիրությունները ցույց են տվել, որ կրթության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումները որոշակի դրական տեղաշարժեր ապահովել են: Միաժամանակ ակնհայտ է, որ ոչ մի կառավարություն և նախարարություն չի կարող կոռուպցիան արմատախիլ անել, եթե դրանում կրթական գործընթացի մյուս մասնակիցները, հատկապես բուհական համակարգում, շահագրգիռ չեն: Բարձրագույն կրթության ոլորտում ընթացող բարեփոխումների իրականացմամբ մենք նպատակ ենք դնում ստեղծել այնպիսի մեխանիզմ, որ ուսանողն ինքը հրաժարվի արատավոր հարաբերություններից: Այսօր կոռուպցիայի գաղափարաբանական պատճառներից մեկն այն է, որ ուսանողի համար գիտելիքը դեռևս ապագա բարեկեցության երաշխիք չէ: Հասարակական հարաբերություններում գիտելիքով զինված անհատ լինելը, դեռևս հաջողակ և լավ վարձատրվող մասնագետ լինել չի նշանակում: Գիտելիքի նկատմամբ իրական պահանջ մեր տնտեսության մեջ դեռ չի ձևավորվել, բայց այդ միտումն արդեն կա: Եթե գիտելիքի պահանջարկը մեծանա, ուսանողների մոտ կրթության հանդեպ ձևական մոտեցումը կնվազի և սովորելու նկատմամբ կձևավորվի իրական պահանջարկ'': ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է, որ հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում, բոլոր բուհերը պարտավոր էին մշակել հակակոռուպցիոն ծրագրեր: Նախարարի գնահատմամբ հակակոռուպցիոն ծրագրի իրականցումը որոշ բուհերում ձևական բնույթ է կրել: Հակակոռուպցիոն ծրագրի արդյունավետությունը, ինչպես շեշտել է նախարար Ա. Աշոտյանը, բուհերին պետական ֆինանսներ հատկացնելու հարցում, դիտվելու է կարևոր հանգամանք: Այս առնչությամբ նախարարը մասնավորապես նշել է. ''Հաջորդ տարվանից ներդրվելու է ֆինանսավորման նոր համակարգ: Այն բուհերը, որոնք չեն ապահովի կրթության որակ, իսկ որակը հակադարձ համեմատական է կոռուպցիոն դրսևորումներին, պետության կողմից պատվերներ չեն ստանա'': Դիմելով քննարկմանը ներկա ուսանողական միությունների ներկայացուցիչներին՝ նախարարը նշել է, որ մինչև տարեվերջ կրթության և գիտության նախարարությունը Բոլոնիայի գործընթացի շրջանակում հանդես կգա ուսանողների շահերի պաշտպանությանն ուղղված երկու կարևոր նախաձեռնությամբ, և հավելել. ''Քննություն ստանալ-չստանալը ուսանողի համար չպետք է ճակատագրական լինի: Եթե ուսանողությունը շահագրգիռ լինի, որ կոռուպցիան վերանա, վստահաբար շատ ավելի պահանջկոտ կլինի և բուհի ղեկավարության, և նախարարության նկատմամբ: Կոռուպցիայի դեմ պայքարում ուսանողները պետք է մեր լավագույն գործընկերները լինեն'':
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր