ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ապօրինի որս` Խոսրովի արգելոցում. բնապահպաններն անհանգստացած են
15:20, 24.09.2012 | mamul.am
12342 | 7

''Խոսրովի արգելոց'' քաղաքացիական նախաձեռնության անդամները սեպտեմբերի 18-ին այցելել են ''Խոսրովի անտառ'' պետական արգելոցի Կաքավաբերդի տեղամաս, որտեղ, նրանց խոսքով, հայտնաբերել են խարույկի հետքեր, խորովածից հետո մնացած կենցաղային աղբ, օղու դատարկ շշեր, մի քանի կենդանու մասնատված (մորթված) դիակներ, կենդանիներին ծառից կախելու երկաթե պարան (հարմարանք): Մասնավորապես, հայտանաբերվել են նապաստակի, կովկասյան գորշ արջի, բեզոարյան այծի դիակի մնացորդներ, տարածքում տիրել է անտանելի գարշահոտություն: Նախաձեռնության անդամները լուսանկարել և տեսանկարահանել են այն ամենն, ինչ հայտնաբերել են:
Տեսանյութից երևում է, որ արգելոցի տվյալ տարածքում տեղի է ունեցել Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների ապօրինի որս և ռեժիմի խախտում, ինչը քրեորեն հետապնդելի արարքներ է և առաջացնում է քրեական պատասխանատվություն:
Տարածած մամլո հաղորդագրության մեջ քաղաքացիական նախաձեռնության անդամները նշում են. ''Այն, որ ''Խոսրովի անտառ'' պետական արգելոց ՊՈԱԿ-ի Կաքավաբերդ տեղամասի ղեկավարն իր վրա դրված պարտավորություններն ու լիազորությունները պատշաճ չի իրականացրել, ցուցաբերել է բացահայտ անգործություն, դա արդեն փաստ է: Արգելոցի տնօրենին պաշտոնից հեռացնելը և այլն, հարցին լուծում չի տալիս, քանի որ այս ամենի գլխավոր պատասխանատուն մնում է միայն ՀՀ բնապահպանության նախարարությունն` ի դեմ ՀՀ բնապահպանության նախարարի'':
Այսպիսով, նշված հայտարարությամբ ՀՀ գլխավոր դատախազից, ՀՀ ոստիկանության պետից, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետից նախաձեռնության անդամները պահանջում են տեսանյութում առկա փաստի առթիվ անհապաղ հարուցել քրեական գործ և իրականացնել քննություն, քրեական պատասխանատվության կանչել` սկսած ՀՀ բնապահպանության նախարարից մինչև ''Խոսրովի անտառ'' պետական արգելոց ՊՈԱԿ-ի Կաքավաբերդ տեղամասի տնօրինություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր