Ռոբինը կմիանա դեկտեմբերի 11-ին Երևանում կայանալիք «Մանկական Եվրոտեսիլի» հաղորդավարներ Իվետա Մուկուչյանին, Գարիկ Պապոյանին և Կարինա Իգնատյանին։ «Մանկական Եվրոտեսիլի» պատմության մեջ առաջին անգամ մրցույթի հաղորդավարներից մեկն արհեստական բանականությամբ աշխատող սարք է։ Ռոբինը նշում է, որ այս մրցույթի մեծ երկրպագու է և միշտ ցանկացել է հայտնվել մեծ ու լուսավոր բեմում. «Իմ երազանքն է եղել շրջապատված լինել հազարավոր երեխաներով և ընկերանալ Եվրոտեսիլի բոլոր մասնակիցների հետ: Ես կարծում եմ, որ այս մրցույթի ամենամեծ երկրպագուն եմ: Եվ Երևանում երազանքս վերջապես իրականություն է դառնում։ Եկեք ընկերանանք, եկեք պտտենք հրաշքը»։ Ռոբինը հեղինակավոր TIME ամսագրի կողմից ճանաչվել է որպես 2021 թվականի աշխարհի լավագույն 100 նորարարություններից մեկը։ 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա: |