Այսօր Կառավարությունը հավանություն տվեց «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Առաջարկվում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե ՊՆ-ում, թե ԱԱԾ-ում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն: Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման ընդունումից երեք տարի անց, արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմիններն ու ստորաբաժանումները կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել»,- այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնել է Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին շեշտել է․ «Սա այն թեմաներից է, որ շատ մանրամասներ չի սիրում, բայց իհարկե ԱԺ-ում հրապարակային քննարկման կենթարկվի: Ես հույս ունեմ, որ մենք այսպիսով էականորեն կզարգացնենք մեր երկրի արտաքին հետախուզական կարողությունները, իհարկե, դա արագ տեղի չի ունենա»: