«Համադրելով արված հայտարարությունները, տուժողների հետ ունեցած խոսակցությունները, ինքս գտնվելով տեղանքի վայրում, ուսումնասիրելով շենքի դիրքը, սենյակների դասավորությունը, պտուհանները, փետրվարի 2-ին հարցազրույցում կասկածի տակ դրեցի պաշտոնական վարկածը»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Ազատ գյուղում զորամասի կացարանում բռնկված հրդեհի հանգամանքներին, ասել է զոհված զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը: «Ես ընդգծել եմ, որ հրդեհից առաջ երեխաները կամ եղել են անգիտակից, կամ կենդանի չեն եղել, քանի որ եղել են մահճակալների վրա պառկած: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարող էին այդտեղից դուրս գալու միջոցներ չձեռնարկել, կամ ինչու ճաղավանդակներից դուրս եկած զինվորները չեն արթնացրել մյուսներին»,-շարունակել է նա: Փաստաբանի խոսքով՝ զոհված զինվորների ծնողները ևս չեն բացառում իրենց երեխաներին դիտավորյալ կյանքից զրկելու վարկածը, որ «հրդեհն արվել է ինչ-որ հետքեր թաքցնելու և այս ողբերգության իրական հանգամանքները պարզելուց հասարակության ուշադրությունը շեղելը հանցագործության իրական հետքից»: |