ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում երկկուսակցական կոալիցիան՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գլխավորությամբ, երեկ Արցախի շրջափակման դեմ բանաձևի նախագիծ է ներկայացրել, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Հաղորդագրության համաձայն՝ բանաձևը նպատակ ունի մեծացնել ԱՄՆ-ի ճնշումը Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի Բաքուն վերջ տա Արցախի երկու ամիս շարունակվող շրջափակմանը: Օրինագիծը հեղինակել են Քալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնի և Բրեդ Շերմանը։ Օրինագծի սկզբնական աջակիցների թիվը Ներկայացուցիչների պալատում արդեն հասնում է 65-ի։ Աջակիցների թվում կան ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատ օրենսդիրներ: Նախագծի հեղինակներն շեշտում են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը գործընկերներին ուղղված նամակում գրել է, որ Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայերին Արցախից հեռացնելու համար և նրանց զրկելու իրենց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական և արժանապատիվ ապրելու հնարավորությունից։ «Այս ամենը էթնիկ զտումների ակնհայտ նշան է, որը մենք չենք կարող անտեսել… Միացյալ Նահանգները պետք է անհապաղ գործի և օգտագործի բոլոր հասանելի դիվանագիտական գործիքները միջանցքը վերաբացելու համար, քանի դեռ հումանիտար ճգնաժամը չի դարձել աղետալի»,- գրել է Ֆրենկ Փալոնը։ Հաղորդագրության համաձայն, առաջարկվող քայլերն են՝ - դիմել միջազգային դատարաններին Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու համար, - համագործակցել միջազգային գործընկերների, ներառյալ Արցախի իշխանությունների հետ, Լաչինի միջանցքում միջազգային դիտորդների տեղակայումն ապահովման համար, - անհապաղ դադարեցնել ԱՄՆ ցանկացած ռազմական կամ անվտանգության աջակցություն Ադրբեջանին - կիրառել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը, պատժամիջոցներ կիրառել Արցախի շրջափակման և մարդու իրավունքների այլ խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, - ադրբեջանական ագրեսիայից տուժող արցախահայերին ամերիկյան կայուն մարդասիրական օգնության և զարգացման երկարաժամկետ աջակցության հզոր ծրագիր մշակել: |