ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Սա ճկույթը կտրած դատապարտյալի 7-րդ ինքնավնասումն է
15:41, 26.10.2012 | mamul.am
8102 | 4
Վերջին օրերին մամուլում մեծ տարածում գտավ ''Նուբարաշեն'' ՔԿՀ–ում հացադուլ հայտարարած դատապարտյալների գործը:
Հիշեցնենք, որ նրանցից երկուսը կարել էին բերանները, մեկը կտրել էր ճկույթը և մյուս՝ չորրորդ դատապարտյալի նամակի հետ միասին ուղարկել ''Հենարան'' մամուլի ակումբ։
Ճկույթը կտրած դատապարտյալի` Կարեն Թառոյանի մասին տեղեկություններ ստանալու համար ''Փաստինֆո''-ի թղթակիցը դիմեց ՀՀ արդարադատության նախարարություն: Նախարարությունից թղթակցին տրամադրած տեղեկությունների համաձայն՝ դատապարտյալ Կարեն Հրաչի Թառոյանը պարզվում է՝ ճկույթ մատը կտրելու, ինքնավնասում կատարելու սովորույթ ունի, իսկ երկրորդ դատվածության ընթացքում հասցրել է իր կամոք ''շրջագայել'' Հայաստանի գրեթե բոլոր ՔԿՀ-ներում: Վարքագծի հետ կապված խնդիրներ ունենալու համար դատապարտյալի նկատմամբ բազմիցս խիստ նկատողություն է հայտարարվել: Դատապարտյալը քանիցս ենթարկվել է կարգապահական տույժերի, վերցվել է հաշվառման՝ որպես ինքնավնասման հակում ունեցող:
1982թ. ծնված, 6-ամյա կրթությամբ Կարեն Թառոյանը 2002-ի նոյեմբերի 11-ին առաջին անգամ դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Երկրորդ անգամ դատապարտվել է 2006թ. հունվարի 10-ին՝ ՀՀ քր. օր-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասին 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):
Այսպես, 2008 թ. օգոստոսի 15-ին ''Սևան'' ՔԿՀ-ի կողմից ՀՀ ԱՆ ՔԾԿՄ տեղաբաշխման հանձնաժողովին նյութեր են ներկայացվել դատապարտյալին փակ ուղղիչ հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ` պատճառաբանելով, որ դատապարտյալը պատիժը կրելու ընթացքում 8 անգամ թույլ է տվել կարգապահական խախտում, իրեն դրսևորել է որպես բացասական վարքագիծ ունեցող, պահպանել հանցավոր ավանդույթները, չի ենթարկվել աշխատակիցների օրինական պահանջներին: ՀՀ ԱՆ ''Սևան'' ՔԿՀ-ի միջնորդությունը բավարարվել է և Կ. Թառոյանը հետագա պատիժը կրելու համար տեղափոխվել է ՀՀ ԱՆ ''Արթիկ'' ՔԿՀ-ի փակ ուղղիչ հիմնարկ:
ՀՀ ԱՆ ''Արթիկ'' ՔԿՀ տեղափոխվելուց հետո վերջինս հրաժարվել է կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասում պատիժ կրել, անհիմն պատճառաբանելով, որ թշնամություն ունի դատապարտյալների շրջանում:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կ. Թառոյանը դատապարտյալների հետ միջանձնային թշնամական հարաբերություններ չունի և խնդիրներն ընդհանուր են` կապված նրա վարքագծի, ապրելակերպի և անձնական պահվածքի հետ:
2008թ. դեկտեմբերի 5-ին Կ. Թառոյանը իր դիմումի համաձայն հետագա պատիժը կրելու համար տեղափոխվել է ՀՀ ԱՆ ''Գորիս'' ՔԿՀ-ի փակ ուղղիչ հիմնարկ:
2009թ. մարտի 2-ին ''Գորիս'' ՔԿՀ-ի կողմից ՀՀ ԱՆ ՔԾԿՄ տեղաբաշխման հանձնաժողովին նյութեր են ներկայացվել փակ ուղղիչ հիմնարկից կիսափակ ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու վերաբերյալ, պատճառաբանելով, որ դատապարտյալը բնավորությամբ հանգիստ է, հաղորդակցվող, անմիջական և կենսուրախ, ձգտում է դրսևորել օրինական վարքագիծ:
ՀՀ ԱՆ ''Գորիս'' ՔԿՀ-ի միջնորդությունը բավարարվել է, և Կ. Թառոյանը հետագա պատիժը կրելու համար տեղափոխվել է ՀՀ ԱՆ ''Սևան'' ՔԿՀ-ի կիսափակ ուղղիչ հիմնարկ:
2010թ. նոյեմբերի 23-ին ''Սևան'' ՔԿՀ-ի կողմից ՀՀ ԱՆ ՔԾԿՄ տեղաբաշխման հանձնաժողովին նյութեր են ներկայացվել փակ ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու վերաբերյալ` հաշվի առնելով, որ դատապարտյալը բնավորությամբ ծածկամիտ է, խորամանկ, անկանխատեսելի, ագրեսիվ:
Բացի այդ, պատիժը կրելու ընթացքում թույլ է տվել կարգապահական խախտումներ, ինչպես նաև վերջինիս կողմից, արգելված առարկաներ ձեռք բերելու նպատակով, փորձ է արվել մոտենալ արգելագոտուն և անօրինական կապի մեջ մտնել քաղաքացիների հետ:
ՀՀ ԱՆ ''Սևան'' ՔԿՀ-ի միջնորդությունը բավարարվել է, և Կ. Թառոյանը հետագա պատիժը կրելու համար տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի փակ ուղղիչ հիմնարկ:
2011թ. մայիսի 4-ին ՀՀ ԱՆ ''Հրազդան'' ՔԿՀ տեղափոխվելու վերաբերյալ ՀՀ ԱՆ ՔԾԿՄ տեղաբաշխման հանձնաժողովին Կ. Թառոյանի ներկայացրած դիմումը մերժվել է և
վերջինս հետագա պատիժը կրելու համար տեղափոխվել է ՀՀ ԱՆ ''Նուբարաշեն'' ՔԿՀ-ի փակ ուղղիչ հիմնարկ:
2011թ. հունիսի 22-ին Կ. Թառոյանը իր դիմումի համաձայն հետագա պատիժը կրելու համար տեղափոխվել է ՀՀ ԱՆ ''Հրազդան'' ՔԿՀ-ի փակ ուղղիչ հիմնարկ:
2012թ. սեպտեմբերի 26-ին ''Հրազդան'' ՔԿՀ-ի կողմից ՀՀ ԱՆ ՔԾԿՄ տեղաբաշխման հանձնաժողովին նյութեր են ներկայացվել մեկ այլ փակ ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու վերաբերյալ` պատճառաբանելով, որ դատապարտյալը պատիժը կրելու ընթացքում 20 անգամ թույլ է տվել կարգապահական խախտում, բնավորությամբ ծածկամիտ է, խորամանկ, դյուրագրգիռ, ունի ձևականության և ցուցադրականության մեծ ֆոն, և պատիժը կրելու ժամանակահատվածում կարողացել է Հրազդան քաղաքում կապեր հաստատել տեղի բնակիչների հետ, հաճախ փորձում է նրանց և իր կնոջ միջոցով ձեռք բերել արգելված իրեր` իր և մյուս դատապարտյալների համար:
ՀՀ ԱՆ ''Հրազդան'' ՔԿՀ-ի միջնորդությունը բավարարվել է, և Կ. Թառոյանը հետագա պատիժը կրելու համար տեղափոխվել է ՀՀ ԱՆ ''Նուբարաշեն'' ՔԿՀ, հետագա պատիժը կրելու վայրը որոշելու համար:
2012թ-ի հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱՆ ՔԾ կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի 928 նիստի արձանագրությամբ հետագա պատիժը կրելու համար նշանակվել է ՀՀ ԱՆ ''Գորիս'' ՔԿՀ փակ տիպ:
2011թ. մարտի 24-ին Կ. Թառոյանը վերցվել է հաշվառման որպես ինքնավնասման հակում ունեցող:
2012թ. փետրվարի 2-ին վերցվել է հաշվառման՝ որպես թշնամություն ունեցող:
2012թ. հուլիսի 25-ին վերցվել է հաշվառման որպես ինքնավնասման հակում ունեցող:
Այսպիսով՝ Թառոյանը պատիժը կրելու ընթացքում նա 20 անգամ ենթարկվել է կարգապահական տույժերի:
Այժմ նախապատրաստվում են նյութեր:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր