ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+35 °C
Իրանը պահանջում է զինաթափել Իսրայելին, քանի դեռ ուշ չէ
20:27, 06.11.2023 | mamul.am
4567 | 0

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) կոչ է արել շտապ միջոցներ ձեռնարկել Իսրայելին զինաթափելու համար։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում:

Այսպես է նախարարը պատասխանել Իսրայելի ժառանգության` աջ ծայրահեղական նախարար Ամիչայ Էլիահուի («Հրեական ուժ» կուսակցություն) խոսքերին, ով ընդունել է Գազայի հատվածին միջուկային հարված հասցնելու հնարավորությունը։ «Ատոմային ռումբերի կիրառման մասին Իսրայելի նախարարի հայտարարությունը ցույց է տալիս ռեժիմի` դիմադրությանը դիմակայելու իրական անկարողությունը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ զինաթափելու այս բարբարոս և ապարտեիդ ռեժիմը: Վաղը ուշ կլինի։ Այս ցեղասպանության ողջ պատասխանատվությունը կրում է Սպիտակ տունը»,- գրել է Աբդոլլահյանը սոցցանցում։

Էլիյահուի հայտարարությունը դատապարտել է նաև ԱՄԷ-ի ԱԳՆ-ն։ «ԱՄԷ-ն խստորեն դատապարտում է Իսրայելի կառավարության ժառանգության նախարար Ամիչայ Էլիյահուի ամոթալի և անընդունելի հայտարարությունները Գազայի հատվածում միջուկային ռումբ նետելու վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։ ԱՄԷ-ն նրա խոսքերը համարում է «միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների և պատերազմական հանցագործությունների դրդում», անընդունելի է համարում միջուկային զենքի օգտագործումը և կոչ է անում դադարեցնել կրակը։

Նախօրեին Էլիահուն հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք պե՞տք է միջուկային ռումբ նետել Գազայի հատվածի վրա, ասել էր. «Սա հնարավորություններից մեկն է»։ Նախարարը պատերազմի ժամանակ որոշումներ կայացնելու համար ստեղծված պատերազմական կաբինետի անդամ չէ և դրա վրա որևէ ազդեցություն չունի։ Սրանից հետո վարչապետ Բենիամին Նեթանյահուն վստահեցրել է, որ Իսրայելը չի ​​դիտարկում Գազայի հատվածի վրա միջուկային հարձակման հնարավորությունը։ Քննադատությունից հետո Էլիյահուն իր խոսքերն անվանել էր «փոխաբերական»: Նա անորոշ ժամանակով հեռացվել է կառավարության նիստերից: Ընդդիմության առաջնորդ և նախկին վարչապետ Յաիր Լապիդը կոչ է արել Նեթանյահուին պաշտոնանկ անել պաշտոնյային։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր