ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
Արևմտյան ԶԼՄ-ները ամփոփել են ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
17:54, 09.11.2023 | mamul.am
3240 | 0

Եվրոհանձնաժողովը նոյեմբերի 8-ին ԵՄ խորհրդին խորհուրդ է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցություններ սկսել Եվրոմիությանն անդամակցելու շուրջ: Ինչպես գրում են եվրոպական և ամերիկյան լրատվամիջոցները, թեև Եվրոմիությունը քայլ է անում Ուկրաինային ընդառաջ, իրականում բանակցությունների գործընթացը կարող է տևել մինչև տասը տարի:

Եվրոհանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցությունների մեկնարկին, սակայն երկու երկրներn ստիպված կլինեն ավելին անել առանցքային ոլորտներում բարեփոխումներն արագացնելու համար, գրում է Politico-ն: ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Ուկրաինան կատարել է անհրաժեշտ քայլերի ավելի քան 90 տոկոսը, որոնք ԵՄ-ն խնդրել է նրանից 2022 թվականին:

Թեև ԵՀ-ի՝ բանակցություններ սկսելու հանձնարարականը կարևոր քայլ է ԵՄ-ին անդամակցելու համար, Ուկրաինան շարունակում է մարտական գործողություններ վարել, ուստի քիչ հավանական է, որ մոտ ժամանակներս կատարի Եվրոմիության կողմից սահմանված բոլոր պայմանները, նշում է CNN-ը:

ԵՄ բարձրաստիճան դիվանագետը հեռուստաալիքին բացատրել է, որ թեև ԵՄ-ում բանակցություններ սկսելու քաղաքական որոշում են կայացրել, իրական բանակցությունները կսկսվեն միայն այն բանից հետո, երբ պայմանները լիովին կատարվեն:

Ամբողջ գործընթացը կարող է տևել մինչև տասը տարի, և ոչ ոք չի կարող վստահաբար ասել, թե այդ պահին քաղաքականապես որտեղ կհայտնվեն Ուկրաինան կամ ԵՄ երկրները, նշում է CNN-ը:

Բարեփոխումների շրջանակում Կիևը պետք է ապահովի փոքրամասնությունների լեզուների, այդ թվում՝ ռումիներենի և հունգարերենի ինտեգրումը միջնակարգ կրթության համակարգում: Սակայն ռուսերենը, որով խոսում են բազմաթիվ ուկրաինացիներ, կբացառվի լեզվական բարեփոխումներից, նշում է հեռուստաալիքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր