ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
««Էրգենեկոն»-ը` նոր Թուրքիայի և թուրքական ազգայնամոլության խորհրդանիշ». Արշալույս Զուրաբյան
00:30, 26.12.2023 | mamul.am
3419 | 1

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԷՐԳԵՆԵԿՈՆԸ՝ ԹՐՔԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
Թուրքական առասպելներից մեկի համաձայն, իրենց նախնիները պարտություն կրելով թշնամիներից՝ թաքնվել են Էրգենեկոնի լեռներում եւ այնտեղ մնացել չորս հարյուր տարի։ Վերջապես նրանց օգնության է հասել գորշ գայլը (բոզքուրթ) եւ վերջինիս ուղեկցող Բերտեչինին։ Նրանց աջակցությամբ թուրքերը ջախջախել են թշնամիներին եւ դուրս եկել Էրգենեկոնից։
«Էրգենեկոն» էպոսի լայնածավալ քարոզչությունը Թուրքիայում և, հատկապես, թուրքական գրականության մեջ մեկնարկել է քեմալական շարժման տարիներին, սակայն «Էրգենեկոնի»` որպես բուն թյուրքական էպոսի, սերմանումը թրքական հասարակության մեջ սկսվել է դեռևս երիտթուրքերի կառավարման շրջանում (1908-1918թթ․):
Քեմալական շարժման տարիներին և հանրապետության շրջանում «Էրգենեկոնը» դարձավ ազգայնական շարժման խորհրդանիշներից մեկը: Թուրք գրողներն իրենց ժամանակի Թուրքիան համեմատում էին առասպելական Էրգենեկոնի հետ և ժողովրդին կոչ անում ոտքի ելնել արտաքին թշնամիների դեմ:
Հաճախակի էին զուգահեռներ տարվում նաև Մուսթաֆա Քեմալի ու ըստ ավանդության թյուրքերի նախահայրերին Էրգենեկոնի հովտից (այսինքն՝ մթությունից ու ճնշվածությունից) դուրս գալու ճանապարհը ցույց տված Բոզքուրթի՝ գորշ գայլի միջև:
Էպոսի քարոզչությանը ուշիուշով հետևում էր անձամբ նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքը: Այս մասին թերևս լավագույնը վկայում են ժամանակի ամենահայտնի թուրք գեղանկարիչներից մեկի՝ Իբրահիմ Չալլըի՝ Աթաթյուրքի պատվերով արված նկարները:
Էրգենեկոն վայրի մասին առաջին անգամ հիշատակվում է պարսիկ տարեգիր Ռաշիդ ադ-Դինի «Տարեգրությունների ժողովածու» ("Cami at-Tavarih") աշխատության մեջ, ուր հեղինակը գրում է․ «Մոնղոլական ցեղերը թյուրքական ցեղերի ընդհանուր խմբից էին սերում: Նրանց վրանները տեղակայված էին ույղուրների երկրից մինչև Խիթայ և Ջուջե բնակավայրերը, այն տարածքում, որը հիմա կոչվում է Մոգուլիստան։ Սրանից մոտ երկու հազար տարի առաջ մոնղոլ կոչվող ցեղն ընդհարվում է մյուս թյուրքական ցեղերի հետ, և նրանց միջև պատերազմ է սկսվում։
Կա պատմություն, որ մոնղոլները ենթարկվում են ջարդերի և նրանցից կենդանի են մնում միայն երկու տղամարդ և երկու կին: Նրանք փախչում են դժվարամատչելի մի վայր, որն ամբողջությամբ շրջապատված էր լեռներով ու անտառներով: Դեպի այս վայրը տանող միայն մի արահետ կար, որով շատ դժվար էր անցնել: Այս լեռների միջև կար մի տափաստան: Այդ վայրը կոչվեց «Էրգունե-կուն», ինչը նշանակում էր շեղ իջվածք:
Իսկ մարդկանց անուններն էին Նուքուզ և Կիյան: Նրանց սերունդները երկար ժամանակ մնացին Էրգունե-կունում: Երբ այս տեղը շատ նեղ դարձավ, նրանք խորհուրդ հավաքեցին և որոշեցին դուրս գալ այդտեղից: Լեռան մեջ մի հատված գտան, որտեղ մետաղ էր պարունակվում: Անտառներից հավաքեցին փայտ և խարույկներ վառեցին: Այսպիսով` հալեցրին լեռը և դուրս եկան այնտեղից»:
Որոշ գիտնականներ, հիմնվելով պատմա-աշխարհագրական տվյալների վրա, փորձում են գտնել Էրգենեկոն առասպելական բնակավայրի գտնվելու ճշգրիտ տեղը: Ոմանք պնդում են, որ այն Մանջուրիայում է՝ Արգուն լճի շրջակայքում, որոշներն էլ ենթադրում են, որ թյուրք-մոնղոլական ժողովուրդների բնօրրանը գտնվում է ժամանակակից Թուվայի հանրապետության տարածքում, մյուսները՝ Ալթայում:
«Էրգենեքոն» էպոսի նախատիպերը հանդիպում են չինական տարեգրություններում: Դրանցից մեկը՝ «Չժու-շոուն», պատմում է 557-580 թթ. Չինաստանում կառավարող Չժոու դինաստիայի մասին: Այս տարեգրության մեջ հանդիպում է գյոք-թյուրքերի առաջացման մասին պատմող երկու լեգենդ: Դրանցից առաջինի համաձայն գյոք-թյուրքերը սերում են հուներից և առաջացել են Աշինա անվամբ մեկի տոհմից:
«Չժոու-շոույում» նշվում է, որ գյոք-թյուրքերն ամբողջությամբ ոչնչացվում են չինական Լին տոհմի կողմից և կենդանի է մնում միայն մի տասնամյա տղա: Թշնամիները կտրում են այս տղայի ոտքերն ու ձեռքերը և գցում նրան ճահիճը: Այստեղ տղային կերակրում է մի էգ գայլ, որը հետագայում հղիանում է նրանից:
Երբ թշնամիներն իմանում են այն մասին, որ տղան ողջ է, նրանք փորձում են սպանել և՛ նրան, և՛ գայլին, սակայն վերջինիս հաջողվում է փախչել Ալթայի լեռները, որտեղ նա լույս աշխարհ է բերում տասը որդիներ: Նրանց ցեղը բազմանում է և շատ տարիներ անց ոմն Ասյան-Շե (տոհմ, ցեղ) դուրս է գալիս քարանձավից։
Որոշ թուրք հետազոտողներ գտնում են, որ «Էրգենեկոնը» կարելի է դիտարկել որպես, այսպես կոչված, «Մեծ թյուրքական էպոսի» մաս՝ դրան միացնելով նաև Աշինայի և Բոզքուրթի մասին էպոսները: Ըստ նրանց «Էրգենեկոնը» սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է «Բոզքուրթ» էպոսը, որը պատմում է թյուրքական ժողովուրդների՝ գայլից սերած լինելու մասին: Թուրքական աղբյուրները նշում են, որ գոյություն ունի «Էրգենեկոնի» չորս կամ հինգ տարբերակ։
«Էրգենեկոնը» թեև թուրք հասարակությանը հայտնի դարձավ բավականին ուշ (19-20-րդ դդ), սակայն լավ կազմակերպված քարոզչության հետևանքով այն դարձավ նոր Թուրքիայի և թուրքական ազգայնամոլության խորհրդանիշներից մեկը:
Աղբյուրը՝ Հռիփսիմե Այվազյան, «Էրգենեկոն» էպոսն ու դրա քարոզչությունը Թուրքիայում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր