ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հայաստանում դեռ ոչ ոք իշխանության իրական հայտ չի ներկայացրել». Ստեփան Դանիելյան
21:48, 22.02.2024 | mamul.am
1568 | 0

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Հայաստանում իշխանափոխության պահանջները շարունակվում են: Իսկ ինչ է նշանակում «իշխանության փոփոխությունը»:
Հիմա աշխարհում այնպիսի վիճակ է, որ համարյա ցանկացած երկրում իշխանության փոփոխությունն ունի աշխարհաքաղաքական նշանակություն: Փոխել Հայաստանում իշխանություն, նշանակում է փոխել արտաքին քաղաքականությունը՝ համապատասխան հետևանքներով հանդերձ:
Օրինակ, Ամերիկայում իշխանության փոփոխությունը կարող է փոխել այդ երկրի քաղաքականությունը Մերձավոր Արևելքի, Եվրոպայի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի, անգամ Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ: Եվ դա` գլոբալ պատերազմների առկայության պայմաններում:
Նույնը կարելի է ասել եվրոպական ցանկացած երկրի համար, դրա վառ օրինակը Սլովակիայում իշխանության փոփոխությունն է, կամ Հունգարիայի խաղացած դերը ԵՄ-ում: Անգամ ԵՄ անդամ որևէ աննշան, բայց մոտիվացված ու հպարտ երկիր, կարող է վետոյի միջոցով պարալիզացնել ԵՄ-ն:
Իշխանության փոփոխությունն Արաբական երկրներում, կամ Թուրքիայում, անգամ աֆրիկյան երկրներում ունենում է աշխարհաքաղաքական շատ լուրջ հետևանքներ:
Վերադառնանք Հայաստան: Գործող կառավարությունն, իրականում, արտաքին քաղաքականություն չի վարում, դրա վառ վկայությունը հայտնի անձի այն խոսքերն են, որ եթե Իրանի հետ են լավ հարաբերություններ, որոշ երկրներ դժգոհում են, և՝ հակառակը: Նույնը կարելի է ասել մյուս երկրների հանդեպ վարվող չքաղաքականության մասին:
Այսինքն, տարբեր կողմերից պահանջում են կողմնորոշվել, իսկ ինքը մանյովրում է ու ոչ մի արմատական քայլ չի համարձակվում անել:
Սա նաև մեր իրական վիճակից է, այս կառավարությունն այնքան ստրատեգիական սխալներ է թույլ տվել, հայտնի անձն էլ «ինչ ուզել, այն էլ բանակցել է», որ հիմա հայտնվել է ծուղակում, մենք էլ հետն՝ ամեն մի քայլ կարող է հանգեցնել կատաստրոֆաների: Առավել ևս, որ, օրինակ, Իսրայելին պետք է հայ-ադրբեջանական պատերազմ, որին կներքաշվեն Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը ու ուշադրությունը կշեղվի Գազայից, որտեղ այդ պետության համար լրջագույն, անգամ գոյաբանական նշանակության, խնդիրներ են ստեղծվել: Իսրայելը նման պատերազմի միակ շահառուն չէ, ցուցակը կարելի է շարունակել:
Հիմա վերադառնանք իշխանափոխության խնդրին: Եթե Հայաստանում փոխվում է իշխանությունը, դա նշանակում է, որ փոխվելու է նաև արտաքին քաղաքականությունն, այսինքն աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան մեր տարածաշրջանում, և, հետևապես, աշխարհում, ինչից բխում է հարց՝ իսկ ինչպիսի ստրատեգիա է իրականացնելու հայտ ներկայացրած այլընտրանքային ուժը և դա ինչ հնարավոր ազդեցություն է ունենալու շահագրգիռ երկրների վրա: Հիմա ամեն ինչ փոխկապակցված է, բոլորն են գտնվում վառոդի տակառի վրա և աննշան կայծ կարող է գլոբալ պատերազմի հանգեցնել: Սա հիպոթետիկ հարցադրում է, որովհետև Հայաստանում դեռ ոչ ոք իշխանության իրական հայտ չի ներկայացրել:
Կան մի շարք կենտրոնական հարցեր, կամ, ասենք, հարցաշար, որին իշխանության հնարավոր հայտ ներկայացրած ուժը, պետք է պատասխանի և այդ պատասխաններն ունեն արտաքին ու ներքին շահառուներ, որոնք մանրադիտակի տակ են այդ ամենը դիտարկում:
Առանց նման հարցաշարի պատասխանների, դժվար թե Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա:
Արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք՝ քաղաքական գործընթացի իմիտացիա, ինչի փոխարեն կարելի է ավելի կոպիտ, բայց ավելի բնորոշող բառ օգտագործել:
Ուզում եք որպես երրորդ ուժ ներկայացեք, ուզում եք վեցերորդ ուժ ներկայացեք, անգամ սոցիալական դժգոհություններ գեներացրեք, դրանցից ոչինչ չի փոխվում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
00:00, 25.02.2024
32163 | 0
դեպի վեր