ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Վազգեն Ռշտունո՞ւն են ճնշել, թող ինքն էլ գա, պատասխան տա․ «Հրապարակ»
10:18, 30.03.2024 | mamul.am
3037 | 0

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ տեղի ունեցավ դատավորների ընդհանուր ժողովը, որի օրակարգում ի սկզբանե 3 հարց կար՝ ԲԴԽ անդամի, Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկական հանձնաժողովի անդամի ընտրություն, և եթե նախորդ օրը լրագրողները պատրաստվել էին, որ դատավորներին հարցնեն, թե որ թեկնածուին են պատրաստվում ընտրել, ապա բուն ժողովի ժամանակ դատավորներին ստիպված էին հարցնել, թե ինչու ԲԴԽ անդամի միակ թեկնածու Վազգեն Ռշտունին ժողովի նախորդ օրը՝ գիշերով որոշեց իր թեկնածությունը հանել։ Վազգեն Ռշտունին հետևյալ տեքստն էր գրել՝ որպես իր այդ որոշմանը բացատրություն․ «Ինձ համար մեծագույն պատիվ կլիներ դատավորներին տվյալ մարմնում ներկայացնելը, սակայն նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր, որոնք, իմ գնահատմամբ, ավելի կարևոր են, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալը. հակառակ մոտեցումը կարող էր գնահատվել եսասիրական: Հայցում եմ բոլոր դատավորների ներողամտությունը, հատկապես նրանց, ովքեր իմ՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալու հետ կապված ունեցել են դրական սպասումներ»:
Բոլոր դատավորները հարցին, թե ինչ է նշանակում Ռշտունու այս հայտարարությունը, պատասխանում էին՝ «պետք է իրեն հարցնել», «տեղյակ չենք», «որևէ ճնշում չկա» և այլն։ Նույն պատասխանը նախորդ ընդհանուր ժողովի ժամանակ տալիս էր նաև դատավոր Անդրանիկ Մնացականյանը, ով Արշակ Վարդանյանի և Սերգեյ Մարաբյանի նման հանկարծակի հրաժարական ներկայացրեց ու որևէ պարզաբանում չտվեց հանրությանը։ Թեև մենք պարզեցինք, որ մի քանի տարվա հնության ինչ-որ սքրինշոթերն են բուն պատճառը, որտեղ դատավորները քննադատել են Փաշինյանին և նրա մերձավորներին:

Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանին հարցրինք, թե ինչ կփոխվեր ԲԴԽ աշխատանքում, եթե Ռշտունին չհրաժարվեր ու ընտրվեր ԲԴԽ անդամ։ «Ես չեմ ուզում ենթադրություններով կամ կանխատեսումներով զբաղվել, չեմ կարող ասել, թե ինչ կփոխվեր»,- պատասխանեց Հովհաննիսյանը։ Նրան հարցրինք՝ որպես ԲԴԽ անդամ, կուզենա՞ր աշխատել Ռշտունու հետ։ «Ես որևէ խնդիր չունեմ պարոն Ռշտունու հետ, եթե օրենքով սահմանված կարգով ընտրվեր, գար, սիրով կաշխատեի»,- պատասխանեց Հովհաննիսյանը։

Դիտարկմանը, որ ԲԴԽ-ում որոշումները կոնսենսուսով են ընդունվում, և կար կարծիք, որ Ռշտունու գնալը ԲԴԽ կարող էր այնտեղ բանավեճ հրահրել, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Եթե Դուք ԲԴԽ-ի գործունեությունն իմ գնալուց հետո ուսումնասիրեք, կտեսնեք, որ դա այդքան էլ այդպես չէ»։ Այսինքն՝ ինքը դե՞մ է քվեարկում ԲԴԽ որոշումներին։ «Կան մի քանի որոշումներ, որոնց, այո, դեմ եմ քվեարկել»,- պատասխանեց Հովհաննիսյանը։
Դիտարկմանը, որ փաստացի Վազգեն Ռշտունին հրապարակայնորեն ահազանգել է, որ չի կարողանում իր իրավունքներն իրացնել, իր թեկնածությունն առաջադրել ԲԴԽ անդամ դառնալու համար, քանի որ դրանից կարող են այլ մարդիկ տուժել, և, փաստորեն, դատավորի անկախությանը սպառնացող վտանգներ կան, մինչդեռ ԲԴԽ-ի առաջնային ու ամենակարեւոր գործառույթը դատավորների անկախությունը երաշխավորելն է, ԲԴԽ անդամն արձագանքեց․ «Իմ կարծիքով, համապատասխան հասցեատիրոջից պետք է գա միտքը, որպեսզի ԲԴԽ-ն, ըստ դրա, կարողանա որևէ գործողություն իրականացնել։ Եթե ԲԴԽ-ին չի ասվում, որ այսինչ պատճառով կամ կոնկրետ այսինչ հանգամանքների բերումով ես չեմ ցանկանում ԲԴԽ անդամի թեկնածությունը շարունակել և ընտրվել ԲԴԽ անդամ, ապա ինձ թվում է՝ մենք այլ բան չունենք անելու»։

Նրան ևս մեկ հարց ուղղեցինք․ Հայաստանում 300-ից ավելի դատավոր կա, ու այդ 300-ից միայն Վազգեն Ռշտունին էր հայտարարել ԲԴԽ անդամի համար թեկնածություն առաջադրելու մասին, այն էլ վերջին պահին հրաժարվեց այդ մտքից․ սա ինչի՞ մասին է վկայում, ինչո՞ւ 300 դատավորից ոչ ոք չի ցանկանում ԲԴԽ անդամ դառնալ։ «Նորից պետք է ենթադրություններ անեմ։ Պարոն Ռշտունին օրենքով սահմանված կարգով բարեվարքությունն անցել է, և այս փուլում արդեն պիտի քննարկեինք, և ժողովն ընտրեր ԲԴԽ անդամ։ Եթե հիմա այս ընթացակարգը չի պահպանվել, Ռշտունին հրաժարականների դիմում է ներկայացրել, ուրեմն օրենքով սահմանված կարգով մեկ այլ ժողով կհրավիրվի ու կիրականացվի»,- ասաց Հովհաննիսյանը։

Դատավոր Ռուստամ Մախմուդյանից ևս հետաքրքրվեցինք, թե ինչ էին նշանակում Ռշտունու այն խոսքերը, որ եթե առաջադրվեր, ապա դա կլիներ եսասիրություն։ «Անկեղծ ասած, չգիտեմ, պարոն Ռշտունուն պետք է հարցնեք, եթե պարոն Ռշտունուն հանդիպեմ, գուցե ես էլ իրեն այդ հարցը տամ, բայց այս պահին ոչ մի տեղեկություն չունեմ, չեմ կարող այդ հարցին պատասխանել»։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ, հարցերին ի պատասխան, հաջողություններ էր մաղթում լրագրողներին։

Հարցրինք՝ ո՞ւմ է հաջողություն մաղթում՝ մե՞զ, թե՞ Ռշտունուն։ «Ձեզ, պարոն Ռշտունուն երբ տեսնեմ, կմաղթեմ»,- ասաց Մարտիրոսյանը։ Արդյունքում դատավորներն այնպիսի տոնով էին պատասխանում հարցերին, կարծես Ռշտունու հրաժարականն իրենց չէր վերաբերում: «Անձամբ ինձ վրա որևէ ճնշում չկա»,- ի պատասխան մոտավորապես ասում էին․ «Ռշտունուն են ճնշել, թող գա, պատասխան տա»»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր