ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը պատասխանել է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանը
16:36, 05.04.2024 | mamul.am
1825 | 0

Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հայտնի է, որպես «ֆեյքերի» ՊՈԱԿ, 2024 թվականին մեկ օրվա ընթացքում 2 անգամ դրամաշնորհային ծրագրով գումար է փոխանցել։ Առաջին դրամաշնորհի արժեքը կազմել է 731 մլն 763 հազար հարյուր դրամ, իսկ երկրորդինը՝ 16 մլն 500 հազար դրամ։

Այդպես էլ անհասկանալի է, թե ինչու պետք է այդ ՊՈԱԿ-ը այդպիսի մեծ գումարներ ստանա պետբյուջեից, երբ, բացի Նիկոլ Փաշինյանի անձնապաշտությունից, ֆեյքերով ընդդիմախոսների վրա հարձակումից, ոչինչ հայտնի չէ նրանց գործունեության մասին հանրային գիտակցության մեջ, մասնավորապես գրել էր լրատվամիջոցը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն այսօր պատասխանել է «Ժողովուրդ» օրաթերթի՝ «1 օրում 2 դրամաշնորհ՝ «ֆեյքերի» ՊՈԱԿ-ին» վերնագրով նյութին. «Հայտնում ենք, որ Կենտրոնում աշխատող որևէ աշխատակից երբևէ չի ստացել և չի իրականացրել կեղծ օգտահաշիվներ ունենալու, դրանցով գործողություններ իրականացնելու հանձնարարություններ ու երբևէ չի զբաղվել վերոնշյալ արատավոր գործունեությամբ։ Նշված նյութում նկարագրված գործելաոճն անընդունելի և դատապարտելի է կառույցի տնօրինության և աշխատակիցների համար։ Կենտրոնն իրականացնում է բազմաթիվ կարևոր գործառույթներ ու աշխատանքներ, որոնք թափանցիկ և տեսանելի են ՀՀ քաղաքացիների ու լրատվամիջոցների համար։ Դրանց կարելի է ծանոթանալ iprc.am, orbeli.am, irazekum.am կայքերում։

Կենտրոնի ֆինանսական գործունեությունը նույնպես թափանցիկ է, ֆինանսավորումն իրականացվում է պետբյուջեի համապատասխան միջոցառումների համաձայն՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ կնքվող դրամաշնորհային պայմանագրերի հիման վրա, որոնց համապատասխան ներկայացվում են անհրաժեշտ բոլոր հաշվետվությունները, իսկ գնումների գործառնությունները ևս օրենքի պահանջներին համապատասխան ամբողջությամբ հրապարակվում են»,- նշված է պատասխանի տեքստում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր