ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
Արարատի մարզի բնակիչը կալանավորվել է՝ դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրացնելու մեղադրանքով
10:54, 22.05.2024 | mamul.am
1964 | 0

ՀՀ քննչական կոմիտեն ֆեյսբուքյան էջում հայտնում է․

«2024 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 15:20-ին, Արարատի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել՝ իրենց տան նախկին աշխատողի կողմից իր անչափահաս դստերը թմրամիջոց իրացնելու վերաբերյալ՝ իրավապահներին ներկայացնելով նաև դստեր մոտից հայտնաբերված կանեփի բույսից պատրաստված 3.9 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոցը:

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական գործողությունների արդյունքում պարզվել է դպրոցահասակ աղջիկ երեխային թմրամիջոց ապօրինի իրացրած անձի ինքնությունը, ով Արարատի մարզի 58-ամյա բնակիչ է: Վերջինս, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով խոստովանական ցուցմունք:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը, տեղյակ լինելով և գիտակցելով, որ աղջիկն անչափահաս է, վերջինիս հետ թմրամիջոցների օգտագործման շուրջ զրույցների ընթացքում առաջարկել է երեխային թմրամիջոց օգտագործել, ինչի հետևանքով աղջնակի մոտ առաջացրել է հետաքրքրություն դեպի թմրամիջոցները և վերջինս ցանկություն է հայտնել թմրամիջոց օգտագործել: Տղամարդն էլ, առանց հաշվի առնելու աղջնակի անչափահաս լինելու հանգամանքը, վերջինիս իրացրել է իր ծանոթից ձեռք բերած կանեփանման զանգված:

Անչափահասի մոր կողմից ներկայացված զանգվածի վերաբերյալ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Ստացված եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված կանեփի և թութունի բուսական մանրացված մասնիկներից կազմված զանգվածը «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 58-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու նպատակով, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքները, թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու, ինչպես նաև՝ նմանատիպ հնարավոր այլ հանցադրվագներ ի հայտ բերելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է, որ հատկապես անչափահասներին թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավելուն, թմրամիջոց առաջարկելու, դրա օգտագործմանը դրդելուն ուղղված հանցավոր արարքների նկատմամբ, իր իրավասության սահմաններում, դրսևորվելու է իրավաչափ ամենախիստ մոտեցումը։ Անչափասներին, նրանց ծնողներին կամ հարազատներին հորդորում ենք նման իրողությունների առնչվելու դեպքում այդ մասին անմիջապես հայտնել իրավապահ մարմիններին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր